ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է ճանաչել Արցախի անկախությունը». Ֆրանսիայի Ալֆորվիլի փոխքաղաքապետը դիմել է իր գործընկերներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Որոշում էր կայացվել նաեւ Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը: Ինչ ունենք այս որոշումից օրեր անց եւ ինչ զարգացումներ կարող են լինել:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ֆրանսիայի Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանի հետ:

-Պարո՛ն Խաչիկյան, ինչ զարգացումներ են առկա քաղաքային խորհուրդի որոշումից հետո եւ ինչ սպասել առաջիկայում:

-Անշուշտ բոլոր ժողովուրդը շատ-շատ ուրախ էր, որ այդ մաղթանքը քվեարկեցինք, քանի որ դա մաղթանք էր առաջին հերթին, որով կպահանջենք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Հետո մինչև հիմա պետք է փորձենք, որ ուրիշ քաղաքների կողմից ևս նման մաղթանք հղվի եւ իրենց քաղաքային խորհուրդներում ևս քվեարկեն՝ Արցախի ճանաչման օգտին: Նշեմ որ այսօր ժամը 18:00-ին Փարիզի ժամանակով, մեծ-մեծ ցույց կա Ֆրանսիայի խորհրդարանի առջև եւ հուսամ, որ շատ հայեր կհավաքվեն այնտեղ՝ իրենց բողոքի ձայնը հաղորդելու համար:

-Իսկ որ քաղաքների ղեկավարների հետ եք արդեն խոսել եւ ինչ հնարավոր զարգացումներ եք սպասում:

-Այո, խոսել եմ անշուշտ: Քանի որ մի քանի ընկերներ ու բարեկամներ ունենք, որ ինձ պես ֆրանսիացի են անշուշտ հայ եւ ընտրված են կամ փոխքաղաքապետ են, մենք կապի մեջ ենք մի քանի քաղաքների ղեկավարների հետ, այդ թվում Մարսելի եւ պետք է փորձենք այնտեղ մեր տեքստը քվեարկել: Արդեն այդ աշխատանքը սկսել ենք, մեր տեքստը ուղարկել ենք իրենց: Կան նաև մարդիկ, որ ուղղակի ինձ հետ են կապ հաստատել, որ ես ուղարկեմ իրենց այդ տեքստը: Ես առաջին քայլն արել եմ եւ կարծում եմ, որ կկարողանանք այսպես ուրիշ հաղթանակներ ունենալ: Երբ որ մեր Արցախի ներկայացուցիչը Փարիզում՝ պարոն Հովհաննես Գևորգյանը, կասի որ շատ մեծ հաղթանակ է եւ մեզ ուժ կտա, կհասկանանք, թե ինչու են նման քայլեր արվում:

-Սակայն հենց Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման մասով ի՞նչ ակնկալիքներ ունեք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես հենց Ֆրանսիային է կոչ անում առաջինը ճանաչել Արցախի անկախությունը:

-Մենք անշուշտ կփորձենք այս օրերին ուրիշ տեքստ պատրաստել եւ այն ուղարկել ֆրանսիացի պատգամավորներին, որպեսզի այդ քայլն անեն, իհարկե գլխավորապես վարչապետն ու նախագահը: Բայց շատ դժվար պետք է լինի, քանի որ եթե նույնիսկ Ֆրանսիան իսկապես շատ հեռու գնաց մեր կողմից հայտարարության մեջ, մնալու է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկը՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ նահանգների հետ եւ կհասկանանք, որ  մի քիչ դժվար է իրենց համար այդ քայլը անել: Բայց դա մեր ուզածն է եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերջապես Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:

-Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը խոսել էր նաեւ Արցախ ֆինանսական օգնության մասին: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

-Ֆինանսական օգնություն անշուշտ արվում է, մի քանի դեղեր սկսեցինք հավաքել, որ ուղղակի հիմնադրամին կուղարկենք: Պետք է նաև հասկանալ, որ Ֆրանսիայի Կարմիր խաչն արդեն այդ ֆինանսական աշխատանքը սկսել է, բայց չկարծեք, որ երկու տեսակի աշխատանք է: Հավաքած փողն ուղղակի պետք է տալ Հայաստանի հիմնադրամին, որպեսզի կարողանանք օգնել ֆինանսական ձևով: Ավելի կոնկրետ հագուստ, դեղ, ինչ հնարավոր է հավաքել եւ ուղարկել ենք օդանավով, դա էլ պետք է հասկանալ եւ ֆինանսական աշխատանքը կշարունակենք: Բայց մենք Ալֆորվիլում ֆինանսական օգնություն որոշել էինք իրականացնել, բայց հետո այլ օգնություն իրականացրեցինք, քանի որ պետք է հասկանալ, որ բոլոր քաղաքների բյուջեում շատ փող չկա արդեն, քանի որ հոկտեմբերն է եւ պետք է սպասեն 2021 թվականին, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել ֆինանսական առումով: Ամեն դեպքում իմ քաղաքում, որտեղ ես երրորդ փոխքաղաքապետն եմ, արդեն հունիսին կամ հուլիսին տվել ենք 22 հազար եվրո եւ արդեն դիմել եմ քաղաքապետին, որ ավելին սկսենք տալ:

Մանրամասները՝ տեսանյութում

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս