ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ-ը պետք է բողոքի նոտա հղի Թուրքիային և Ադրբեջանին՝ զգուշացնելով. Նորատ Տեր-Գրիգորյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինուժն այսօր կրկին թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 14-ին թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Սակայն առաջին անգամը չէ, որ սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը դիմում է սադրանքների նաև Հայաստանի ուղղությամբ: Եվ յուրաքանչյուր նման դեպքից հետո Հայաստանում կրկին բարձրացվում է ՀԱՊԿ-ի դերը. ի վերջո ինչու այդ կառույցը չի արձագանքում Հայաստանի ուղղությամբ կատարվող դեպքերին, երբ վտանգ է սպառնում արդեն ՀԱՊԿ անդամ երկրին: Ընդ որում, օրեր առաջ անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, թե ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի, սակայն ընդգծել, թե ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում:

Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ArmLur.am-ի հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել այս գործողություններին միայն երկու պարագայում, սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների քաղաքական կամքը:

-Պարո՛ն Տեր-Գրիգորյանց, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանի դեմ ագրեսիայի պարագայում:

-ՀԱՊԿ-ի պարագայում պետք է լինի Հայաստանի ղեկավարության որոշումը՝ այդ կառույցին դիմելու՝ այս հարցում կարգուկանոն մտցնելու հարցով: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ասել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր պարտավորությունները կկատարվեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց, երբ Հայաստանի տարածք հրթիռներ են նետվում, Հայաստանի ղեկավարությունը պետք է հայտնի այդ մասին ՀԱՊԿ-ին, իսկ վերջինս էլ պետք է քայլեր ձեռնարկի: իսկ եթե այդ կառույցը առանց դիմելու էլ գիտի այդ մասին, եւ օրինակ դիտարկում է անցկացնում, ապա գոնե պետք  է բողոքի նոտա հղեն Թուրքիային եւ Ադրբեջանին եւ զգուշացնել, որ հակառակ դեպքում ՀԱՊԿ-ը համապատասխան քայլերի կդիմի: Այս ամենը կախված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կամքից: Սակայն նկատենք, որ երբ Տավուշի մարզում էին ռազմական գործողություններ, ՀԱՊԿ-ը ընդհանրապես ոչինչ չասաց:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչու:

-Ես չգիտեմ: Սակայն ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց եւ խայտառակվեց ու արժեզրկվեց, կամ էլ դեռ չեն ցանկանում խառնվել՝ մտածելով, թե Հայաստանն ինքը գլուխ կհանի:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ որքան երկար այս ամենը կարող է շարունակվել:

-Գիտեք՝ ոչ ոք երբեք չի իմանում, թե ով կհաղթի պատերազմում կամ երբ կավարտվի այն: Միշտ այդպես է եղել: Անգամ հումանիտար հրադադար եղավ, բայց պատերազմն այդպես էլ չընդհատվեց: Պատերազմի ավարտը կախված է Թուրքիայի նախագահ Էրդողանից, ահա և վերջ, ուրիշներին նա չի լսում: Իսկ ինչ վերաբերում է ավարտին, ապա մի քանի սցենարներ կան. երբ որևէ տարածքներ կգրավեն եւ կմտածեն, որ դա բավական է, կամ էլ երբ ՌԴ-ն որոշում կկայացնի և կոչնչացնի սիրիացի վարձկաններին, որոնք Լեռնային Ղարաբաղում են: Դա կարող է կանգնեցնել, սակայն դա որոշում է, կամ եթե ՌԴ-ն ճանաչի նախկին համաձայնագրերը: Այլ տարբերակներ չկան:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս