Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայության գնդապետ, ԿԳԲ հակաահաբեկչական ստորաբաժանման նախկին ղեկավար Վլադիմիր Լուցենկոն ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի վերջնաարդյունքում լինելու են միայն մեծաթիվ զոհեր խաղաղ բնակչության եւ զինվորների շրջանում: Նա մեզ հետ զրույցում ցավ ապրեց, որ այդքան մարդիկ են մահանում՝ ընդգծելով, որ այս հարցը կարող են կարգավորել Հայաստանի եւ Արցախի էլիտաները, որոնք պետք է կշռադատված եւ խելացի որոշում կայացնեն. այլ լուծում պաշտոնաթող գնդապետը չի տեսնում:
«Հարցը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ կոնֆլիկտի երկու կողմերը կպայմանավորվեն եւ կդադարեցնեն պատերազմը: Այլ տարբերակ չկա: Ես չեմ տեսնում ուրիշ հնարավորություն, քանի որ երկու կողմերի էլիտաներն էլ տրամադրված են պատերազմի: Այստեղ հարցը առաջին դեմքերը չեն. եթե անգամ վաղը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեն ու համաձայնվեն, միեւնույնն է՝ նրանց հետեում կանգնած էլիտաները տրամադրված են պատերազմի», – նշեց նա:
Պաշտոնաթող գնդապետը նկատում է՝ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարողանան միասին որոշում կայացնեն, Թուրքիայի դերը երկրորդական կլինի եւ նա ոչինչ չի կարողանա անել. «Խոսքը նաեւ էլիտաների մասին է, ոչ միայն ղեկավարների: Եթե էլիտաները որոշում կայացնեն, ի՞նչ կկարողանա անել Թուրքիան՝ ոչինչ: Այո, Թուրքիան Ադրբեջանի կողմից է, բոլորս էլ գիտենք Էրդողանին, բայց նա ամենակարող չէ, Աստված չէ, նա միայնակ ոչինչ չի կարող անել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան