Եթե Թուրքիան չդադարի սրել իրավիճակը, կարող է փչացնել իր հարաբերությունները Մոսկվայի եւ Բրյուսելի հետ. փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձագետ Օքսաննա Անտոնենկոն Armlur.am-ի հետ զրույցում նկատեց, թե դժվար է հստակ նշել, թե ինչպես են սկսվել ռազմական գործողությունները, քանի որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում չկան միջազգային դիտորներ կամ խաղաղապահներ։ «Ինչպես միշտ, Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց։ Մի քանի միջազգային լիդերներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, թե Ադրբեջանն է սկսել էսկալացիան։ Որոշները, ինչպես օրինակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, մեղադրում են Հայաստանին։ Անկախ նրանից՝ ով է սկսել առաջինը, մտահոգիչ է այն, որ այժմյան գործողություններն ավելի մեծամասշտաբ են՝ 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրից հետո։ Այս էսկալացիան նաև տարբերվում է նրանով, որ նախապես ծրագրավորված է թվում, այլ ոչ թե պատահականություն», – նշեց նա։

Սակայն նրա խոսքով, էսկալացիայի սցենարները նման են նախորդներին։ «Ադրբեջանը փորձում է ուժով վերադարձնել Լեռնային Ղարաբաղի մի մասը, որպեսզի Հայաստանին հարկադրի հրաժարվել տարածքներից։ Սա այն դեպքերից է, երբ Ադրբեջանը չի կարողանում ուժով միանգամից տիրանալ դրանс, եւ փորձում է այսպես մաս-մաս վերադարձնել դրանք։ Սակայն այս դեպքում շփման գծի բնագրերի փոփոխության գինը բարձր է լինելու երկու կողմերի համար էլ, քանի որ արդեն կան մեծ թվով զոհեր, ծանր մարտեր են եւ թերեւս կշարունակվի առաջիկայում եւս։ Չնայած Ադրբեջանը մտածում է, որ ուժի ցուցադրմամբ կարող է Հայաստանին ստիպել փոխզիջման գնալ բանակցային գործընթացում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղ համաձայնության հասնելու համար ավելի կարևոր է վստահությունը, ոչ թե ռազմական բալանսը», – նկատում է փորձագետը։

Վերջինս նկատում է, որ նախորդ էսկալացիաների եւ այս ժամանակ եւս Ռուսաստանի Դաշնությունն ակնհայտորեն չի սատարում կողմերից մեկին, ակայն նրա խոսքով, ՌԴ-ի դիրքորոշումը կարող է հանկարծակի փոխվել, եթե Թուրքիան շարունակի Ադրբեջանին նշանակի ռազմական օգնություն ցույց տալ։ «Էրդողանը միշտ եղել է Ադրբեջանի աջակիցը եւ կարծում է, որ վերջինս իրավունք ունի պատերազմել, որպեսզի վերադարձնի տարածքները։ Ռուսաստանն ու Ֆրանսիան Թուրքիային են մեղադրել Ադրբեջանին զենքով եւ վարձկաններով օգնելու հարցով։ Եթե Թուրքիան չդադարի սրել իրավիճակը, կարող է փչացնել իր հարաբերությունները Մոսկվայի եւ Բրյուսելի հետ», – եզրափակեց նա։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս