Լեռնային Ղարաբաղը չպետք է վերածվի Լիբիայի. Եվրախորհրդարանի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ:

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է Կիպրոսի ներկայացուցչի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ, Լուկաս Ֆուրլասը:

ArmLur.am-ը այս առնչությամբ մի քանի հարց է ուղարկել Լուկաս Ֆուրլասին:

-Պարո՛ն Ֆուրլաս, ո՞րն է Ձեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի շուրջ եւ ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Առաջին հերթին, ես ցանկանում եմ խիստ դատապարտել ցանկացած բռնություն և ագրեսիա: Բաքվի կողմից ռազմական գործողությունները գործողություններն ուղղված են քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքներին, որի արդյունքում տուժել են խաղաղ բնակիչները՝ կանայք, ծերերը եւ երեխաները: Վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ցանկացած էսկալացիա, որին մասնակցում են նաեւ երրորդ երկրներ, ինչպիսին Թուրքիան է, կարող է շատ արագ իրավիճակի վատթարացման բերել՝ անկանխատեսելի հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար: Որոշում կարելի է գտնել միայն երկխոսության եւ բոլոր կողմերի բարի կամքի միջոցով:  Մենք, որպես ԵՄ, պատրաստ ենք աջակցել ցանկացած ջանքերի, որոնք իրականացվում են այդ կոնտեքստում:

-Ի՞նչ կարող է տալ Ձեր և 47 պատգամավորների նամակն ուղղված ԵՄ բարձր ներկայացուցչին:

-Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները տարածաշրջանում իսկապես հանդիսանում են հումանիտար իրավունքի խախտում, որը նպաստում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական անկայունության եւ կոչ է արվում Եվրոպական Միությանն անհապաղ եւ վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի երկու կողմերը կարողանան վերադառնալ բանակցությունների սեղանին՝ Մինսկի խմբի շրջանակներում: ԵՄ-ի հիմնական նպատակն այն է, որ որպեսզի Լեռնային Ղարաբաղը չվերածվի Լիբիայի, որտեղ Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության միջամտությունը ներքին կոնֆլիկտի հանգեցրեց՝ ի վնաս լիբիացիների:

-Բացի ԵՄ-ից, հայտարարություններ են առկա Մինսկի խմբից, ՄԱԿ-ից, սակայն իրավիճակը չի հանդարտվում: Այդ դեպքում ի՞նչ սպասել միջազգային հանրությունից:

-Մենք ոչ թե քննադատում ենք ադրբեջանցի ազգին, այլ նրանց ավտորիտար բռնապետությանը, որը հերթական անգամ պատերազմ է հայտարարում հայ ազգին: Բաքվի ավտորիտար իշխանությանն աջակցում են ոչ միայն խոսքերով, այլ նաև Թուրքիայի ռազմական տեխնիկայով եւ վարձկաններով: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի լարվածությունը կարողանա թուլանալ որքան հնարավոր է շուտ: Ջանքեր են գործադրվում, որպեսզի այս հարցը հնարավոր լինի կարգավորել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:

-Շատ երկրներ խոսեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմում իսլամիստների, վարձկանների առկայության մասին: Ի՞նչ կարող եք ասել այս կոնֆլիկտում Անկարայի դերի մասին:

– Կրկին մենք ականատես ենք լինում թուրքական սադրանքի, բռնության և ագրեսիայի: Թուրքիայի կողմից աջակցվող ռազմական խմբերը Սիրիայից ժամանել են Ադրբեջան, և Էրդողանը խոստանում է, որ Անկարան լիակատար աջակցություն կցուցաբերի Բաքվի ռազմական գործողություններին: Որպես ԵՄ ՝ մենք չենք կարող հանցագործի և տուժողի նկատմամբ հավասար քաղաքականություն իրականացնել: Տարածաշրջանի հայ բնակչությունն ունի խաղաղ կյանքի և բարեկեցության իրավունք, և մեր պարտքն է աջակցել նրանց:

-Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է 30 տարի, սակայն ոչ մի երկիր չի ճանաչել այն, ինչո՞ւ: Եվ ի՞նչ եք կարծում՝ Կիպրոսը կարող է ճանաչել Արցախը:

-Կիպրոսի Հանրապետությունը վերահաստատում է իր երկարամյա և անսասան աջակցությունը միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքին ՝ հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի վրա: Այս համատեքստում մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս դիրքորոշումը շեշտվեց նաև Եվրոպական խորհրդի վերջին եզրակացություններում, որին մենք լիովին հավատարիմ ենք: Նույն համատեքստում պետք է հիշեցնել, որ «Արցախի Հանրապետության» կողմից միակողմանի անկախության հռչակումը չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ ոչ մի պետության կամ միջազգային կազմակերպության կողմից: Ինչ վերաբերում է վերջին սրացումներին, Կիպրոսի Հանրապետությունը հիասթափություն է հայտնում, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի կողմից դյուրացված հումանիտար հրադադարը չի պահպանվում: Մենք խորապես մտահոգված ենք խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճով: Մենք դատապարտում ենք խաղաղ բնակչության դեմ հարձակումները: Մենք ներգրավված կողմերին կոչ ենք անում անհապաղ պահպանել տևական զինադադարի պայմանները և վերադառնալ բովանդակալից բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՝ առանց նախապայմանների: Վերջապես, մենք դատապարտում ենք երրորդ կողմերի բոլոր գործողությունները, որոնք խթանում են լարվածությանը և, մասնավորապես, Թուրքիայի ակտիվ մասնակցությունն ադրբեջանական բանակի կողմից: Թուրքիայի կողմից օրեցօր աճող նկրտումները պահանջում են միջազգային հանրության անմիջական ուշադրությունը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս