Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիային այս կամ այն կառույցից հեռացնելու, նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կոչով է հանդես եկել Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսը: Նա կարծիք հայտնեց, թե Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից:
«Էմանուել Մակրոնն արդեն հաստատել է, որ փաստեր ունի այն մասին, որ Ադբեջանին աջակցելու համար Թուրքիան իսլամիստներ է ուղարկում Սիրիա: Ես դիմել եւ դիմում եմ Եվրոպական Միությանը հարցով, թե արդյոք վերջինս դատապարտում է Թուրքիայի միջամտությունը եւ դիտարկում նրան ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու հարցը», – նշեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսի հետ:
–Պարո՛ն Ուեյմերս, որն է Լեռնանին Ղարաբաղում սեպտեմբեի 27-ից սկսված պատերազմի պատճառը:
-Ադրբեջանը նախապես վաղուց էր ծրագրեր իրականացնել հարձակում եւ էսկալացիա: Սեպտեմբերի 27-ից մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական կողմը տարօրինակ զորավարժություններ ու մոբիլիզացիա սկսեց: Պարզ է, որ Ադրբեջանն ամեն ինչ ծրագրավորել է, որպեսզի պատերազմ սկսի եւ գրավի Արցախի տարածքի մեծ մասը:
–Այդ դեպքում, ըստ Ձեզ, որքա՞ն հեռուն կարող են գնալ Ադրեջանի ծրագրերը:
-Դժբախտաբար, շատ հեռուն: Մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային հատվածից իսլամիստ վարձկաններ ուղարկվել տարածաշրջան՝ Արցախի դեմ կռվելու, հայ զինվորականներին սպանելու համար, ընդ որում՝ նաեւ արգելված եղանակներով՝ արհամարհական կերպով գլխատելով հայ զինվորին:
–Այսինքն, Թուրքիայի դերը կայանում է միայն վարձկաններ ուղարկելու մե՞ջ:
-Թուրքիայի դերը եւ մասնակցությունը պետք է խստորեն դատապարտվի: Վերջին ամիսների ընթացքում ավելի խորն է դարձել Թուրքիայի միջամտությունը կոնֆլիկտին եւ Ադրբեջանին ամեն կերպ պաշտպանելու ձգտումը: Նա Սիրիայի հյուսիսային հատվածներից իսլամիստ ջիհադիստներ է ուղարկում կոնֆլիկտի վայր, որը կարող է բորբոքել հակամարտությունը նաև կրոնական հարթությունում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրդող քայլերը Հայաստանի դեմ եւս պետք է դատապարտվեն ամենախիստ կերպով:
–Սակայն կարո՞ղ է միջազգային հանրությունը պատժել Թուրքիային եւ Ադրբեջանին:
-Այո, միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ: Բացի այդ, Թուրքիան պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից:
–Իսկ ինչպե՞ս պետք է կարգավորվի հակամարտությունը, Մինսկի՞, թե՞ այլ դիվանագիտական խմբի մասնակցությամբ:
– ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ուրբաթ օրը ՝ հոկտեմբերի 23-ին արդեն հրավիրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի հանդիպում տեղի ունենա Վաշինգտոնում: Ես վճռականորեն սատարում եմ լարվածությունը թուլացնելու ԱՄՆ ձգտումները:
–Պատերազմի հենց առաջին օրվանից Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրությանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նման հնարավորությո՞ւն տեսնում եք: Օրինակ, Շվեդիան կարո՞ղ է ճանաչել Արցախի անկախությունը:
-Դժբախտաբար, ես չեմ տեսնում հնարավորություն, որ միջազգային հանրությունը կարող է առաջիկայում ճանաչել Արցախի անկախությունը: Սակայն Դուք կարող եք իմ վրա հույս դնել որպես ընկեր: Ես շարունակելու եմ ելույթներ ունենալ եւ պաշտպանել Ձեզ՝ անարդարության հանդեպ, որի պատճառով հայ ժողովուրդը տանջվում է արդեն երկար ժամանակ:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը