ArmLur.am-ը Արցախում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է պատմաբան, Կատալոնիայի կառավարության արտաքին գործերի նախկին նախարար Ալֆրեդ Բոշի հետ:
-Պարո՛ն Բոշ, Արցախում սեպտերի 27-ից պատերազմ է: Դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
-Ես չեմ կարող դասեր տալ հատկապես այս իրավիճակում: Ես կարող եմ ասել, որ հիմնական կանոններն ամենուր նույնն են: Եվ նույնը ես կցանկանայի տեսնել իմ երկրի ՝ Կատալոնիայի նկատմամբ: Խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է գերակշռեն ամենուր: Մենք միջնադարում չենք:
-Որքանո՞վ կարող է իրավիճակի փոփոխության վրա ազդեցություն ունենալ միջազգային հանրությունը, օրինակ Մինսկի խումբը, ԵՄ-ն կամ ՄԱԿ-ը:
-Միջազգային հանրությունը երբեմն հակված է դանդաղ եւ անվճառական լինել: Բացի այդ, աշխարհին պետք է տեղական համայնքների համագործակցությունը, որպեսզի օգնեն լուծումներ գտնել: Բայց յուրաքանչյուր անգամ, երբ այդպիսի հնարավորություն է ստեղծվում, բազմակողմ մարմինները պետք է աջակցեն խաղաղությանը եւ ժողովրդավարությանը, որն իր մեջ ներառում է հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
-Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի դերի մասին: Արդյո՞ք այն փոխում է իրավիճակը:
-Ինչպես յուրաքանչյուր այլ երկիր, այնպես էլ Թուրքիան պետք է հետևի այս աշխարհի վրա համատեղ ապրելու համար սահմանված բոլոր կանոններին: Խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է հաղթեն:
-Իսկ որքանո՞վ կարող է իրավիճակի հանգուցալուծմանը նպաստել Արցախի անկախության ճանաչումը: Այն այս փուլում հնարավո՞ր համարում եք:
-Կատալոնիայի կառավարությունն արդեն ներկայացրել է իր տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով, որը նկատենք, ավելի պարզ եւ համարձակ է, քան աշխարհի այլ երկրների կառավարությունների եւ խորհրդարանների տեսակետները:
Հիշեցնենք, որ Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է արել վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարել է կողմերի միջև կառուցողական բանակցությունները՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը