ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ տնօրենի այցն ու պաշտոնանկությունները. ով էր ԱԱԾ սահմանապահ զորքերի ազատված պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի այցը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր ունեցավ իր հետեւանքները:

Ինչից սկսվեց գործընթացը

Երեկ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր եւ հանդիպել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ։ Armlur.am-ին որոշ մանրամասներ էին հայտնի դարձել ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարող Միքայել Համբարձումյանի՝ Սահմանապահ զորքերի ղեկավար կազմի հետ հանդիպումից: Մասնավորապես, պարզեցինք, որ Միքայել Համբարձումյանը հանդիպման ժամանակ բավականին թեժ քննարկում է ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ, որոշակի դժգոհություն հայտնել։ Ու մինչ կսպասեինք հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ այդ հանդիպումը, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

Լքեցին դիրքերը

Այսօր արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ Սակայն այսքանով ազատումները ԱԱԾ-ում չավարտվեցին: ArmLur.am-ի տեղեկություններով, պաշտնից ազատվել է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը: Տեղեկացանք, որ Վաղինակ Սարգսյանի փոխարեն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում նշանակվել է Արման Մարալչյանը, իսկ Գագիկ Թևոսյանին ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի պաշտոնում կփոխարինի Արման Գասպարյանը:

Իսկ ով է Վաղինակ Սարգսյանը

Ինչպես նա նշանակվեց ԱԱԾսահմանապահ զորքերի հրամանատար: 2018 թվականի հունիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակել Վաղինակ Սարգսյանին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռես 2018 թվականի հունիսի 12-ին գրել էր, որ այս նշանակումը, պատահական չէ։

Հիշում եք՝ Ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տեւած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ համազգեստներով: Վերջիններս, լսելով ցուցարարների ձայները, լքել էին զորամասը եւ միացել «Մերժիր Սերժինե նախաձեռնությանը:

Իհարկե, ՀՀ Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանը շատ կոշտ արձագանքեց զինծառայողների՝ քաղաքական գործընթացներին խառնվելու քայլին։ ՊՆ-ն հայտարարեց, թե «ապրիլի 23-ին Երեւան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը եւ այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները»: Սակայն պատժամիջոցներ ոչ միայն չկիրառվեցին, այլև ավելի ուշ Վաղինակ Սարգսյանը նշանակվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար:

Դեռեւս այն ժամանակ Պն-ում տարածված լուրեր կային,որ ՊՆ զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանակելը կապված էր հենց զինվորների՝ ցուցարարներին միանալու հայտնի դեպքի հետ:

Ինչ ունենք այսօր

Պատերազմի 29-րդ օրը ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը այցելում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և վերջինիս այցից հետո այցին հետևում են պաշտոնանկություններ։ Թե ինչու, իհարկե, գիտենք, բայց պետության անվտանգությունից ելնելով պատճառները այս փուլում չենք մանրամասնի։ Կարևորը փաստն է, որը արդարության վերականգնում կարելի է համարել։




Լրահոս