«ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ». ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր նպատակն այն է, որ Շոմբի Շարփին հանձնեինք նամակ, որը բավականին ծավալուն էր: Նամակով պահանջում ենք ուշադրություն Արցախի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ ստատուս ունի այն: Մենք պահանջում ենք, որպեսզի ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանն անպայման արձագանքի եւ ներկայացնի, թե  Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքով Արցախում ինչ վայրագություններ են տեղի ունենում խաղաղ բնակչության նկատմամբ: «ժողովուրդ» օրաթերթի  հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասան Գրիգոր Դանիելյանը՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած բողոքի ակցիային եւ նրանց հետագա քայլերին:

 

«Մենք հասանք նրան, որ  հանդիպեցինք, ընդ որում՝ ժողորդի ներկայությամբ, որպեսզի Արցախից վերադարձած ժողովուրդը տեսնի, որ բարձրաձայնեցինք մեզ հուզող հարցերի մասին: Նա մեզ ասաց, որ այն, ինչ իրենք անում են, չի ցուցադրվում, կուլիսային տարբերակով է, իբր, գործ են անում.  «իբր» եմ ասում, քանի որ չենք տեսել ոչ մի բան: Իրենք ասացին, որ մտահոգված են, իսկ մենք էլ, ի հակադարձում նրանց, ասացինք, որ չենք ուզում դա լինի կուլիսային, այլ այն լինի ակնհայտ, որպեսզի բոլորս տեսնենք: Ապա նա խոստացավ, որ նամակը կհանձնի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ»,-պատմում  է մեր զրուցակիցը:

Գրիգոր Դանիելյանը մեզ հետ զրույցում հավատացնում է, որ հետեւողական են լինելու, եւ եթե երկու օրվա ընթացքում արձագանք չլինի, կդիմեն այլ քայլերի. «Եթե այս անգամ հավաքվել էր 2000 մարդ, ապա մյուս անգամ  կլինեն 10 հազար, 50 հազար եւ այդպես շարունակ:  Բոլորս պահանջում ենք մեկ բան, որպեսզի մարդու իրավունքների գլխավոր պաշտպանը խոսի, ինչպես նաեւ այս խնդրին անդրադառնան  մի շարք այլ միջազգային կազմակերպություններ»:

Գրիգոր Դանիելյանի հավելմամբ՝  նրանց միակ նպատակն այն է, որպեսզի ՄԱԿ-ից արձագանքնեն եւ մեկնեն Արցախ, Ստեփանակերտ եւ անձամբ տեսնեն, թե ինչ բարբարոսություններ են  իրականում կատարվում խաղաղ բնակչության նկատմամբ:

Հավելենք, որ օրեր առաջ Հայաստանում ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի կանանց եւ երեխաներին  միացել էին նաեւ հայկական շուբիզնեսի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին կրկին անգամ թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման եւ ոչնչացման գործողությունը:

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետեւանքով Ա. Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում եւս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կայանքից: Մարդկային կորուստներ չկան։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՀԱՂԹԱՆԱԿ. ՄԵՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆ Է». ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը, անդրադառնալով Արցախյան պատերազմին, դիմելով մեր հայրենակիցներին, հայտնել է. 

 

«Պատերազմական գործողությունները գնալով թեժանում են։ Մենք շարունակում ենք պայքարել՝ անկախ ցավից ու ստացած վերքերից։ Պայքարի է ելել ողջ հայությունը ամբողջ աշխարհում։ Միասնություն. ահա գրավականը հաղթանակի։ Մեր ուժը միասնականության մեջ է։ Միասնականությունը մեր հավատքի, հավատ առ Աստված, հավատ առ հաղթանակ…»։

«Պատերազմում պարտվում է նա, ով շուտ է հոգնում եւ ընկճվում։ Եվ այս պահին մենք ընկճվելու իրավունք չունենք։ Ընկճվել նշանակում է դավաճանություն, նշանակում է դաշույնի հարված ռամզի դաշտում հերոսաբար կռվող մեր զինվորի թիկունքին։ Մեր զինվորներն այսօր ռազմաճակատում աննկարագրելի հերոսություններ են անում, ցուցաբերում ռազմական մտքի, խիզախության, ճկունության, անձնազոհության աննկարագրելի, հանճարեղ դրսեւորումներ։ Եվ թշնամին զգացել է մեր զինվորի բազկի ուժը։ Մենք հաղթելու ենք եւ արդեն իսկ հաղթում ենք առաջին իսկ օրից, բայց ծանր գնով։ Բոլորիս միտքը եւ գործը պիտի ուղղված լինի մի ուղղությամբ։ Հաղթանակ. մեր գերագույն նպատակն է, իսկ մենք՝ միջոց։ Եվ հիշենք՝ ճակատագրի եղբայր է յուրաքանչյուր հայ։ Ավելին, ամեն հայ դա դու ես», – եզրափակել է Վարդան Պետրոսյանը։

 

 

 

ՄՐՑԱՎԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խուան Մարտինես Մունուերան. հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:38-ամյա Մունուերան առաջին անգամ կսպասարկի Էլ կլասիկոն: Եզրային մրցավարները կլինեն Դիեգո Բարբերո Սեւիլիան ու Միգել Մարտինես Մուներան: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնին կընդունի հոկտեմբերի 24-ին: 5 խաղից հետո Արքայական ակումբը 10 միավորով երրորդ տեղում է, իսկ կատալոնացիներն անցկացրել են 4 հանդիպում եւ վաստակել 7 միավոր:

 

 

ՀԱՄԵՐԳ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

«Capital Cities» հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը, «System of a down» խմբի անդամ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արա Մալիկյանը եւ մի շարք այլ արտիստներ հանդես կգան համերգով։ «Համերգ՝ Արցախի համար» երաժշտական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին. այս մասին հայտնել է Սերժ Թանկյանը։

Միջոցառումը կազմակերպել են «Creative Armenia»-ն եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունն ու գումար հավաքել Արցախի ու նրա ժողովրդի համար։

 

 

ԱՄԵՆԱՀԵՌՈՒ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈԼԸ

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջեսի» կիսապաշտպան Կեմար Ռուֆը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել բելգիական «Ստանդարդի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում: Ավելացված ժամանակում 27-ամյա անգլիացին մրցակցի դարպասը գրավել է մոտ 50 մետրից: Դա Եվրոպայի լիգայի պատմության ամենահեռու տարածությունից գոլն էր:

Հիշեցնենք, որ այդ խաղում Սթիվեն Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռեյնջեսն» արտագնա հաղթանակ էր տարել 2:0 հաշվով:

 

 

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ՀԵՏ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները պատմել է, թե ինչու է ցանկանում, որ ակումբում խաղա գոնե մեկ հայ ֆուտբոլիստ: Այժմ ԲԿՄԱ-ում հանդես է գալիս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը: «Տատիկս հայ է, մայրս՝ նույնպես, այդ պատճառով դա անձնական է: Ես, իրոք, ուզում եմ, որպեսզի հայկական արմատներով մարդ խաղա ԲԿՄԱ-ում»,- ասել է Եվգենի Գիները: 21-ամյա Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 խաղի: Նա ԲԿՄԱ-ի սան է:

 




Լրահոս