ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը սպառել է իր հնարավորությունները, շուտով բանակցություններ կսկսվեն. ռուս ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս միջազային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն Արցախում հայերի էթնիկ զտումն է: Նա նաև կոչ է արել ճանաչել Արցախը:

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը:

Ռուս ռազմական փորձագետ Կոսնտանտին Սիվկովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ամեն դեպքում առաջիկայում ռազմական գործողությունները կանգ կառնեն կամ կթուլանան, դրա փոխարեն երկու կողմերը կնստեն բանակցությունների սեղանին: Ռազմական փորձագետը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղին օգնելու համար դժվարություն է ներկայացնում վերջինիս չճանաչված լինելը, միեւնույն ժամանակ ընդգծելով, թե հենց Հայաստանի կողմից նրա ճանաչումը կենթադրի Հայաստանի անմիջական ներգրավում պատերազմին, որի հետեւանքով էլ կարող է սկսվել անգամ ռուս-թուրքական պատերազմ:

-Պարո՛ն Սիվկով, այժմ ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունները սահմանին:

-Այն տեղեկությունները, որոնք գալիս են ադրբեջանական կողմից, թույլ են տալիս հետևություններ անել եւ գալ այն եզրակացության, որ սահմանին արդեն հավասարակշռման փուլ է գալիս: Ադրբեջանական կողմի հարձակումների պարագայում դրանք արդեն մեծ զոհերի գնով են լինում եւ նրանք կարողանում են հաջողության հասնել միայն հեռահար ազդեցության սպառազինությունների միջոցով, ինչպիսին օրինակ «Սմերչ»-ն է: Այժմ ռազմական գործողությունները ընթանում են լեռնային տարածքներում, որտեղ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը բարդ է, եւ պետք է գործել փոքր խմբերով եւ այդ պայմաններում առավել բարենպաստ դիրքերում է գտնվում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Այժմ մի փոքր հանգիստ իրավիճակ կստեղծվի, հրթիռային հարվածներ կլինեն, որից հետո երկու երկրների ղեկավարները պետք է արդեն նստեն բանակցությունների սեղանին:

-Շատ է նշվում, որ պետք է ոչ թռիչքային գոտի հայտարարել Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին ի՞նչ կարող եք ասել:

-Հայաստանը դա հեշտությամբ կարող է անել: Նրանք ունեն համակարգեր, որոնց միջոցով կարող են Լեռնային Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի սահմանել:  Բայց հարցն այն է, որ Ադրբեջանն ավիացիա չի օգտագործում եւ անգամ օգտագործելու դեպքում էլ դրանց ազդեցությունը մեծ չէ: Ադրբեջանը օգտագործում է միայն ԱԹՍ, իսկ այդ դեպքում ոչ թռիչքային գոտին չի օգնի եւ պետք է են այնպիսի սարքեր, որոնք կարող են պայքարել ԱԹՍ-ի դեմ կամ էլ ՀՕՊ-ի հատուկ սարքավորումներ օգտագործել: Ինչ վերաբերում է երեկ նաև ռուս լրագրողների հրապարակումներին, ապա օգտագործված է եղել Սմերչ, որի մասին հայտարարեց նաև հայկական կողմը: Ինքնաթիռներ ոչ ոք այնտեղ չէր տեսել, հետեւաբար ավիացիա չի օգտագործվել:

-Դուք կարծում եք՝ ռազմական գործողությունների ուժգնությունն անցնում է եւ արդեն բանակցություններ կմնեկնարկե՞ն:

-Ամենայն հավանականությամբ այո, բանակցությունները շուտով կմեկնարկեն: Ադրբեջանը սպառել է հարձակման համար իր բոլոր հնարավորությունները, իսկ Հայաստանն էլ ռեսուրսներ չունի հակահարձակման համար: Այդ պատճառով պարզ է՝ հիմա պետք է լինեն միայն հրթիռային հարձակումներ, ոչ ավելին եւ այդ ֆոնին գործողությունները մի փոքր կշարունակվեն, սակայն իրավիճակը կստիպի Ալիևին հրաժարվել հետագա ռազմական գործողություններից եւ  այդպիսով դադարեցնել պատերազմը: Հիմա միայն հարավային ուղղությամբ են ռազմական գործողություններ ընթանում, սակայն կարծում եմ՝ առաջիկայում դա էլ չենք տեսնի: Գաղտնիք չէ, որ Թուրքիան է այս պատերազմի հիմնական հրահրողը: Չլիներ Թուրքիան, Ադրբեջանը  չէր դիմի ռազմական գործողությունների, դա պարզ է եւ հիմա հենց Թուրքիան է այն ուժը, որ Ադրբեջանին ստիպում է դիմել ռազմական գործողությունների: Իսկ պատճառն էլ պարզ է՝  Թուրքիան ցանկանում է ընդլայնել իր տիրապետության սահմանները Կովկասում եւ դրա համար օգտագործում է Ադրբեջանին: Ռուսաստանը կարող է միայն օգնել Հայաստանին, որն էլ անում է եւ հաշվի առեք, որ Ղարաբաղն անգամ ճանաչված չէ Հայաստանի կողմից:

-Իսկ ի՞նչ կտա հիմա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը:

-Դա արդեն Հայաստանի որոշելիքն է, սակայն մի քանի նյուանսներ կան: Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ապա Ադրբեջանն արդեն կարող է հարձակում գործել Հայաստանի վրա, իսկ այդ ժամանակ արդեն գործի կդրվի ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ կետը եւ ամենայն հավանականությամբ պատերազմ կսկսվի արդեն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև, որն էլ կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս