ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 պատերազմ տեսած հրամանատարը․ ով է «Արցախի հերոս»-ի կոչմանն արժանացած Սուրեն Բարսեղյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ «Աշխարհազորային կամավորականների ջոկատներ» ՀԿ նախագահ Սուրեն Բարսեղյանին շնորհվեց «Արցախի» հերոս բարձրագույն կոչումը։

«Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում»։

Իսկ ով է Արցախի նոր հերոսը։

Սուրեն Բարսեղյանն աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է: Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կազմավորված ջոկատը՝ հրամատարի գլխավորությամբ հերոսական բազմաթիվ ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ։

Այս պատերազմը Սուրեն Բարսեղյանի առաջին պատերազմը չէր սակայն։ Արցախի հերոսը մասնակցել է նաև արցախյան առաջին պատերազմին, եղել է սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակիցներից՝ դարձյալ «Մալաթիա» ջոկատի կազմում։ Մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանը։ Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արժանացել է բազում պետական պարգևների ու շնորհակալագրերի։ Եղել է Երկրապահ կամավորականների միության հիմնադիրներից, Երևանի ԵԿՄ կառույցի երկարամյա ղեկավարը։

2008-ի ներքաղաքական ծանր օրերին նա իր բազմաթիվ ազատամարտիկ ընկերների հետ միացավ համաժողովրդական շարժմանը։

2016թ-ին գնդապետ Սուրեն Բարսեղյանը նույնպես ռազմաճակատում էր․ նա էլի հավաքել էր մի քանի հարյուր կամավորների ու մեկնել առաջնագիծ։ Փառքով ու պատվով կատարել իր մարտական առաջադրանքները, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով արժանացավ Արիության մեդալ շքանշանի։

Ի դեպ, 2016-ին հենց Սուրեն Բարսեղյանի հրամանատարությամբ են Արցախում մարտական առաջադրանքներ կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի անդամները։

Եվ հիմա Արցախի նախագահը նրան արժանացրեց բարձրագույն՝ երկրի հերոսի կոչման…




Լրահոս