Ինչպե՞ս են պաշտոնյաները ջոկատ հավաքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բոլորին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Սակայն, պարզվում է, դրանից հետո՝ մինչեւ այժմ, Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ չի կարողացել ջոկատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվել մինչեւ այժմ, եւ պարզեցինք, որ մինչեւ այժմ` կոչից 8 օր անց, ջոկատի կազմավորումը ընթացքի մեջ է, քանի որ այդ կազմավորման բոլոր աշխատանքները իրականացնում են Երեւանի վարչական շրջանի ղեկավարները:

Իսկ ինչպե՞ս են պաշտոնյաները ջոկատ հավաքում. ըստ մեր տեղեկությունների՝ վարչական շրջանի աշխատակազմերից կապ են հաստատում թաղապետարանում աշխատող տղամարդկանց հետ, զրուցում ու հորդորում միանալ իրենց ջոկատին: Իսկ թե ինչ է անում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այդպես էլ մեզ պարզել չհաջողվեց: Միայն հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը ջոկատը կազմելուց հետո պետք է մեկնի ոչ թե Արցախ, այլ Կոռնիձոր:

Տեղեկացանք նաեւ, որ Երեւանի քաղաքապետի ջոկատում կներգրավվի նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը մտերիմ է քաղաքապետի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Արման Սարգսյանի հետ, որը, սակայն, չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ խորհուրդ տալով դիմել լրատվական բաժին, միաժամանակ չհերքելով մեր ունեցած տեղեկությունները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս