ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ ԳՈՒՅՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը:

 

«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով եւ ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից եւ գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձեւավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Նա նշեց, որ աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ, եւ աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի:

«Աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ՝ նաեւ աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները՝ պահեստազորում հաշվառված եւ պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից»,- նշեց Գաբրիել Բալայանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:

ՀՀ ազգային ժողովը նաեւ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:  ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Մանրամասնեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրեց Բալայանը:

Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 70 «կողմ» ձայն:

Ն.Հ.

 

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արագչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Արագչիի ծրագրում սահմանամերձ շրջաններ (Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին) այցից բացի, ծրագրվում են այցեր Բաքվու, Մոսկվա, Երեւան եւ Անկարա: Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով:  Իրանցի պաշտոնյան հակամարտող կողմերին կոչ է արել եւ նախազգուշացրել հրետանային հարվածներ չհասցնել իրանական ջրամբարներին ու էլեկտրակայաններին։ Արագչին ասել է, որ Արաքս գետի երկայնքով Իրանն ունի ջրամբարներ ու էլեկտրակայաններ, ուր եւս պատրաստվում է այցելել։ Նա հավելել է, որ դրանք առաջնային նշանակություն ունեն Իրանի համար եւ չպետք է վնասվեն երկու հարեւանների հակամարտության ընթացքում։ Փոխնախարարը նաեւ նշել է, որ դրանց պաշտպանության հարցերը քննարկելու է տեղի պաշտոնյաների հետ։ Նա այցելել է Արդեբիլ նահանգում Ասլանդուզ բնակավայրում գտնվող Միլ Մողան ջրամբար, այնուհետեւ մեկնել սահմանակից Արեւելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգ։

 

 

ՉԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԻ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից: ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նախագիծը քվեարկությամբ ստացել է 73 «կողմ» ձայներ:

 

 

ՊԵՏՔ Է ՀԱՄԱԿԱՐԳՎԻ

Որեւէ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում պետք է համակարգված լինի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ. այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան պետք է ավելի շատ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հաջորդ փուլում:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը ազատվել է աշխատանքից. այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

 

 

ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից՝ պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Նույն պաշտոնին նշանակվել է Միքայել Արզումանյանը։ «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով, եւ տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին եւ համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը եւ ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի»,- նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նշենք, որ Պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է եւ լիարժեք կատարում է իր պարտականությունները: Ի դեպ, ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, թե, իբր, նա զոհվել է։ Այդ ծանր պարտականությունների կատարումը նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։

 

 

ՓՈԽԱՐԻՆԵԼ Է

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին փոխարինել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանը: Նշենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին կայացած նիստին որոշում կայացրեց նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցել իշխող «Իմ քայլը» դաշինքի` ցուցակով հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին: Պատգամավորական մանդատից հրաժարվելու մտադրության մասին Ուլիխանյանը հայտարարել էր սեպտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 6-ին նշանակվել էր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ գերագույն հրամանատարի, կառավարության եւ պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից:

 




Լրահոս