Իսպանացի խորհրդականներից եւ լրագրողներից բաղկացած մոտ 25 հոգանոց պատվիրակությունն արդեն երկու օր է՝ Հայաստանում են: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք որպես դիտորդներ ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու եւ միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Իսպանիայի պատվիրակությունը երեկ մեկնել էր Գորիս :
-Պարո‘ն Ինյարիտու, որտե՞ղ եք եղել արդեն եւ ի՞նչ եք հասցրել տեսնել:
-Մենք Հայաստան ժամանեցինք շաբաթ երեկոյան, արդեն հանդիպումներ ենք ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, դրանից հետո մենք հանդիպեցինք Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին։ Շաբաթ երեկոյան մենք նաև այցելել ենք Հայոց Ցեղասպանության թանգարան՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել հարյուր տարի առաջ։ Արդեն երեկ մենք եղանք Գորիսում, այցելեցինք հոսպիտալ, հանդիպեցինք Ֆրանսիայից եւ այլ երկրներից ժամանած կամավոր բժիշկներին, որոնք եկել են օգնելու, նաև վիրավոր զինծառայողներին եւ այնտեղ գտնվող արցախցի ընտանիքներին, երեխաներին։
-Ձեզ ապացույցներ ներկայացվե՞լ են, թե ինչպիսի արգելված զինատեսակներ են օգտագործվում Արցախի ժողովրդի նկատմամբ։
-Իհարկե, երեկ Գորիսում մենք կարողացանք տեսնել ֆոսֆորային բոմբերի ծուխը, մենք հանդիպեցինք բժիշկների, որոնք պատմեցին եւ բացատրեցին մեզ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ ինչ վնասվածքներ ունեն վիրավորները։ Հասկացանք նաեւ 90-ականների եւ այս օրերի պատերազմների տարբերությունները, վնասվածքներն են նաեւ տարբեր, մարդկանց նկատմամբ օգտագործում են ֆոսֆորային եւ այլ տեսակի քիմիական բոմբեր, որոնք դեմ են մարդու իրավունքներին եւ արգելված են։ Կան բավարար ապացույցներ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ այս պահին պատերազմական հանցագործություն է իրականացնում։
-Ինչ հետևանքներ պետք է լինեն Ադրբեջանի համար՝ այս արարքներից հետո։
-Ես անակնկալի եկա, երբ դիտեցի վարձկանների, ահաբեկիչների տեսանյութերը, որոնց գերի էին վերցրել Արցախում, երբ նրանք պատմում էին, որ Ադրբեջանի կողմից կռվելու համար իրենց Թուրքիայից 2 հազար դոլար գումար են խոստացել։ Սա նորություն չէր այն առումով, որ մինչև այժմ էլ կային ապացույցներ այդ մասին միջազգային մամուլում։ Սակայն ինձ համար մի նորություն կար․ նրանցից մեկն ասում էր, որ իրենց խոստացել են ավել 100 դոլար գումար ամեն կտրած գլխի համար։ Մենք Երևանի Ցեղասպանության թանգարանում տեսանք 100 տարի առաջ արված լուսանկարներ, թե ինչպես են թուրքերը կտրել հայերի գլուխները։ Դա նշանակում է, որ 100 տարի առաջ մարդիկ պատրաստ են եղել սպանել հայերին միայն նրա համար, որ նրանք հայ են։ Դա սարսափելի է եւ փաստորեն այդ երևույթն առկա է նաեւ այժմ։ Երկրորդ հանգամանքն այն է, որ կան մի քանի ապացույցներ, որ Ադրբեջանը որոշել է միանձնյա տիրանալ Արցախին, բայց միայն դա չէ, նրանք նաև պատերազմական հանցագործություններ են իրականացնում՝ օգտագործում են արգելված զենքեր, կան բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են նրանք սպանում քաղաքացիներին, հրետակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները, եկեղեցիները, հոսպիտալները։ Եվ մենք ասում ենք, որ այս ամենը պետք է պատճառ հանդիսանա, որ միջազգային հանրությունը գործի, ընդ որում արագ, հակառակ դեպքում այդ տեսակի հանցագործությունները կավելանան, այլ նաև Ցեղասպանության վտանգ է առկա Արցախում։ Մենք գիտենք պատմությունը եւ դա պետք է պատճառ հանդիսանա, որ միջազգային հանրությունն արագ գործի։
-Այդ դեպքում ինչպե՞ս եք Դուք այժմ տեսնում այս կոնֆլիկտի կարգավորումը։
-Ես կարծում եմ, որ երկու կողմերը պետք է հասնեն հրադադարի համաձայնագրի, առանց դրա անհնար է։ Բայց ես մտածում եմ, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել Արցախի եւ այնտեղի բնակչության տեսակետը։ Նրանք ցանկանում են ապրել ժողովրդավար կերպով, իրենց ձայնի իրավունքը լսելի դարձնելով, սակայն կարծում եմ պարոն Ալիեւը պատրաստ չէ դրան եւ դրա համար նախընտրեց հարձակվել խաղաղ բնակչության վրա եւ փորձել նվաճել այդ տարածքը, որովհետեւ մի օր Սովետական Միությունը որոշեց, որ այդ տարածքը Ադրբեջանինն է, բայց Արցախի հանրության մեծամասնությունը երբեք չընդունեց այն։
-Արդյոք դա միայն Ադրբեջանի ցանկությունն է։ Ի՞նչ կարող եք ասել Թուրքիայի դերի մասին։
-Թուրքիան իսկապես խնդիր է եւ ոչ միայն այստեղ՝ Կովկասում: Այն խնդիր է նաև այլ տարածքներում, մենք տեսանք, թե ինչ եղավ Լիբիայի, Կիպրոսի, Հունաստանի, Սիրիայի, Իրաքի, Քուրդիստանի պարագայում, իսկ հիմա էլ Թուրքիայի թիրախը Կոսվկասն է՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Ես մտածում եմ, որ պարոն Էրդողանի օրակարգում մի քանի ծրագրեր կան, դրանից մեկը նրա իսլամական ծրագիրն է, որ ամբողջ տարածաշրջանը պետք է լինեն թուրքեր, իսկ երկրորդն էլ պանթուրքական ծրագիրն է, որ նա ցանկանում է հսկողություն սահմանել Թուրքիայի հարակից տարածքներում: Իսկ այն, ինչ մենք տեսնում ենք, այժմ, շատ մարդիկ ասում են, որ Թուրքիան փորձում եւ ցանկանում է Ադրբեջանի հետ կապ ունենալ Նախիջևանի միջոցով: Միգուցե այն, ինչ մենք տեսնում ենք ամենուր, հենց նրա ծրագրերն են:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան