ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ ՀԱՊԿ-Ի ԳԾՈՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը համարում է, որ Հայաստանին դավաճանելու մեջ Ռուսաստանի հասցեին հնչող կշտամբանքները բոլորովին անհիմն են։ «Ղարաբաղում տեղի ունեցան շատ դրամատիկ փոփոխություններ։ Հայաստանը ստիպված է թողնել տարածքներ, որ տասնամյակներ շարունակ իր տարածքներն էր համարում, եւ Հայաստանն այդպես էր համարում նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն էր։ Ռուսաստանն այս պատերազմում էական աջակցություն Հայաստանին չէր ցուցաբերում, եւ, հայերից շատերի կարծիքով, դավաճանել է իր դաշնակից Հայաստանին։ Ի՞նչ են կարծում Կրեմլում այս կապակցությամբ»,- նման հարց է տվել այսօր «Russia today»-ի մեկնաբանը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին։

 

Դմիտրի Պեսկովն էլ պատասխանել է, որ Ռուսաստանին իր դաշնակից Հայաստանին դավաճանելու մեջ մեղադրելը անհիմն է. «Ռուսաստանի նկատմամբ կշտամբանքները բացարձակապես անհիմն են։ Ռուսաստանը չի մոռանում ՀԱՊԿ-ի գծով իր պարտականությունների մասին: Եվ որեւէ մեկի կողմից դաշնակցի տարածքում, Հայաստանի տարածքում հարձակման դեպքում Ռուսաստանը, բնականաբար, ամեն ինչ կանի իր դաշնակցին պաշտպանելու համար: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահը։ Այդ պատճառով ցանկացած կշտամբանք անհիմն է եւ անարդար»։

Պեսկովն այս հարցազրույցում նաեւ շեշտել է, որ Ռուսաստանն իրավունք չուներ զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղի տարածք. «Մենք իրավունք ենք ստացել խաղաղապահներ մտցնել միայն այն բանից հետո, երբ դրան համաձայնություն են տվել հակամարտող կողմերը։ Միջազգային օրենքներն արգելում էին Մոսկվային պարզապես զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղ»։

Պեսկովը նաեւ ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձեւերին։ Ամեն դեպքում, այս համաձայնագրից հետո էլ Մոսկվան, Պեսկովի պնդմամբ, եւ՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համարում է բարեկամներ։

Ի դեպ, այս հարցազրույցում Կրեմլի խոսնակն ասում է, որ ռազմական գործողությունները սկսել է Բաքուն Անկարայի աջակցությամբ։ Իսկ Պեսկովի կողմից հիշատակվող միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, այդ թվում նաեւ՝ նրանցում, որի տակ կան Ռուսաստանի երկու նախագահների ստորագրությունները՝ ներառյալ Պուտինի, նշված է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, եթե չասենք հիմնական սկզբունքը, խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելն էր։

Պաշտոնական Մոսկվան այս մի քանի օրում արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ եթե կողմերն ընդունեին ԵԱՀԿ Մինսկի խմբի, առաջին հերթին՝ Ռուսաստանի խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկած բանաձեւերը, հնարավոր կլիներ փրկել հազարավոր կյանքեր։ «Այդ բանաձեւերը գոյություն են ունեցել, դրանք հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, նրանք չեն աշխատել այս կամ այն պատճառով: Եթե դրանք իրագործվեին նույնիսկ երկու տարի առաջ, ապա հավանաբար այդ արյունալի պատերազմը չէր լինի, եւ հազարավոր երիտասարդ հայեր ու ադրբեջանցիներ չէին զոհվի»:

Հիշեցնենք` պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան պատերազմի ընթացքում պարբերաբար հայտարարում էր ռազմական գործողություններին արդբեջանական կողմում ահաբեկիչների մասնակցության հետ կապված իր մտահոգությունների մասին: Երեկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ այդ ահաբեկիչներն այսօր էլ այնտեղ են՝ Ղարաբաղում։ Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում ընդդիմությունը շահարկում է ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի թեման, սակայն Մոսկվան վստահ է, որ այդ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի, եւ Հայաստանի իշխանությունները կկատարեն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

 

 

ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ

Ռուսաստանը ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա զինյալների ներկայության հարցը կլուծվի. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Զինյալները, որոնք տեղափոխվել են (Ղարաբաղ), ցավոք, չեն անհետացել, չեն գոլորշիացել: Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի, եւ բոլոր կողմերը, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ այս տարածաշրջանում, պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու համար»,- ասել է նա ճեպազրույցին:

 

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հարցում, հայտարարության ստորագրմանը նախորդել է լարված բազմօրյա աշխատանքը. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանք…Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր։ Նա «նստած էր» հեռախոսների վրա, զրույցներ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դա մեկ օր չի տեւել»,- հավելել է Պեսկովը։ Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության ընդունումից հետո շարունակում է ինտենսիվ կապ պահպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդպիսի շփումներն իրականացվում են՝ ըստ անհրաժեշտության: «Անհրաժեշտության դեպքում այդ շփումները բավականին ինտենսիվ շարունակվում են նաեւ հիմա»,- ասել է նա` մեկնաբանելով այն հարցը, որ Կրեմլի մամուլի ծառայությունը լրատվամիջոցներին չի տեղեկացրել երեք առաջնորդների բոլոր հեռախոսային կապերի մասին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության նախապատրաստման ընթացքում:

 

 

ՄՈՏ ԱՊԱԳԱՅԻ ԽՆԴԻՐ

Երեկ հայտարարություն է տարածել  ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խոսելով երեք երկրների ղեկավարների համաձայնագրի մասին՝ նա նշել է. «Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարեւոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, եւ նոր զոհեր այլեւս չեն լինի: Համաձայնագրի իրականացման եւ Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»:

 

 

 

ԴԻՄԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը, կարեւորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

 

ԾԱՎԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2020 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 10 մլն 874.1 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 4.9%-ով։ Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2 մլն 472.2 հազ. տոննա (աճը 2019-ի նույն ամիսների համեմատ 6.5%), իսկ ավտոմոբիլային տրանսպորտի դեպքում այդ ցուցանիշները կազմել են 7 մլն 55.6 հազ. տոննա (աճը՝ 5.2%)։ Օդային տրանսպորտով 2020 թվականի հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 11.5 հազար տոննա բեռ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 19%-ով պակաս։ Մայրուղային խողովակաշարային տրանսպորտի ոլորտում գրանցվել են համապատասխանաբար  1 մլն 334.8 հազ. տոննա եւ 0.8% աճ ցուցանիշները։

 

 

ՀԱԴՐՈՒԹՑԻՆԵՐԸ՝ ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ

Հարդութցիները երեկ բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: «Պատերազմը կանգնեցվեց ամենադաժան ու անհասկանալի ձեւով, եւ այն վիճակը, որ հիմա մենք ունենք, դրա հետ հաշտվել ու համակերպվել դժվար է: Հադրութցիները հավաքվել էին, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն համապատասխան ատյաններին: Գոնե բանակցային սեղանին այդ չարաբաստիկ փաստաթղթի տրամաբանությունից հանվի Հադրութը, որովհետեւ այս տարիների ընթացքում բանակցային ողջ գործընթացներում, եթե փոխզիջումների մասին խոսք գնացել է, Հադրութը երբեք այդ տրամաբանության մեջ չի մտել: Հադրութը իսկապես շատ կարեւոր քաղաքակրթական հանգույց է, այնտեղ բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ կան, աշխարհի հնագույն հնավայր Ազոխը նույնպես գտնվում է Հադրութում»: Մասնակիցների փոխանցմամբ՝ լինելու են նաեւ Երեւանում ԵԽ գրասենյակի մոտ, նաեւ դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարություն:

 

 




Լրահոս