ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանն ագրեսոր է, բայց միջազգային հանրությունը նստած ծափահարում է». հայտնի երգիչ Դանիել Դեքերը Հայաստանում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը բազմիցս սեր է խոստովանել հայ ժողովրդին ու Հայաստանին, մշտապես հետևում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նա ժամանեց Հայաստան` հայերի կողքին լինելու, նրանց սատարելու համար: Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին Դեքերը կրկին Հայաստանում էր և զորակցություն էր հայտնում իր սիրելի ժողովրդին: Ծագումով ամերիկացի երգիչ-երաժիշտը 2015-ի ապրիլի 24-ից Հայաստանի քաղաքացի է եւ հայերի մասին խոսելիս ասում է՝ մենք:

«Ես հատուկ եկա Հայաստան հենց այս ժամանակ, քանի որ պատերազմ էր: Եվ ես ցանկանում էի աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Արցախի ժողովրդին՝ այդ դժվար օրերին եւ լինել նրանց կողքին: Ես երկար ժամանակ ծախսեցի որպես կամավոր մարդկանց օգնելու համար, ունեցա բազմաթիվ զրույցներ Հայաստանի բնակիչների հետ՝ նրանց ասելու համար, որ չպետք է վախենան, պետք է ուժեղ լինեն, միասնական եւ կարող ենք ունենալ մեր ձայնը: Ես ձայնագրվեցի նաեւ «Իմ Արցախ» անվամբ երգը, որը նվիրված էր Արցախի հերոսներին: Այո, ես ծնունդով հայ չեմ, բայց հայ եմ իմ ընտրությամբ: Ես Հայաստանում եմ եղել 21 անգամ եւ յուրաքանչյուր անգամ, երբ ես գալիս եմ, ես ավելի եմ մտերմանում հայ ժողովրդի հետ: Եվ 2015 թվականին ես դարձա Հայաստանի քաղաքացի: Այսպիսով, ես ունեմ հայկական անձնագիր, ես Հայաստանի քաղաքացի եմ: Եվ հոգուս խորքում ես նույնպես հայ եմ: Ամեն ինչ սկսվեց 2001 թվականից, երբ ես ունեցա համերգ Արա Գևորգյանի հետ, դա իմ առաջին փորձն էր Հայաստանում՝ հայ ժողովրդի հետ: Եվ այն ժամանակ ես առաջին անգամ զգացի շատ յուրահատուկ մի բան: Այդ երգից հետո արդեն ստեղծվեց «Ադանան» եւ ես իսկապես նույնացա Ցեղասպանության խնդրի հետ: Դա խորապես հուզեց սիրտս: Եվ այդ պահից ես զգացի կապ Հայաստանի հետ, որն ավելի ուժեղացավ», – նշում է նա:

Դեքերը լուրջ տարբերություններ է տեսնում 2016 թվականի եւ այս տարվա պատերազմների միջեւ եւ առաջին հերթին մատնանշելով դրանց մասշտաբների տարբերությունը: Միեւնույն ժամանակ Դանիել Դեքերը գալով Հայաստան, որոշել էր գնալ նաեւ Շուշի, սակայն հրաժարվել է այդ մտքից, քանի որ այդ քաղաքն այլեւս անվտանգ չէր:

«Իհարկե, մեծ տարբերություններ կան 2016 և 2020 թվականների պատերազմների միջև: Այս մեկը շատ ավելի լուրջ էր, ավելի վտանգավոր: Եվ ես առաջին անգամ լսեցի պատերազմի մասին, ես շատ հուզվեցի, մտահոգվեցի եւ տխրեցի: Իմ ընկերները, որոնք ԱՄՆ-ում են, ասում էին՝ մի գնա, դու խենթ ես, դա վտանգավոր է, բայց սիրտս քաշում էր ինձ: Եվ իրականում դրա պատճառը երկուսն են. Առաջինը այն լուսանկարներն էին, որ ես տեսա, որոնք ինձ շատ ծանոթ թվացին եւ ես հետո հասկացա, որ սա այն նույն շենքն է, որտեղ ես համերգ եմ տվել դեռևս 27 տարեկանում: Դա Շուշիի երիտասարդական Կենտրոնն էր, որը ես շատ լավ էի հիշում, հետո ես տեսա այդ կենտրոնի ռմբակոծության լուսանկարները, ես լաց եղա, իսկ հետո ես շատ բարկացա, որ նման բան է եղել: Եվ այդ պահից ես որոշեցի, որ դա ինձ չի հետաքրքրում եւ, եթե մարդիկ ինձ անգամ խենթ անվանեն, ես պետք է գնամ Հայաստան: Ես այնտեղ էի գնացել 2017 թվականին: Ես ցանկանում էի գնալ այս ժամանակ, բայց այն ապահով չէր: Երբ ես ժամանեցի Հայաստան, մենք ունեինք Շուշի գնալու ծրագիր, սակայն Շուշիին արդեն հարվածել էին եւ այլեւս անվտանգ չէր: Բայց ես ինձ շատ կախված եմ զգում Շուշիի եւ Շուշիի բնակիչների հետ», – հավելում է երգիչը:

Չնայած Դանիել Դեքերը չի զբաղվում քաղաքականությամբ, սակայն մեզ հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի առաջընթացի ճանապարհը, հասկանա, թե ինչպես պետք է լուծի ներկայումս առաջացած հարցերը:

«Իմ աշխատանքը մշակութային օրակարգում է, Ցեղասպանության հարցերի շուրջ: Սակայն ակնհայտ է, որ ես ուզում եմ, որ հայերը համախմբվեն: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր արժեքներին, մեր հոգևոր արժեքներին: Պետք է գտնել այնպիսի առաջնորդներ եւ աջակցել նրանց, որոնք նույնպես այդպիսի արժեքներ եւ սկզբունքներ կունենան: Ես չգիտեմ, թե ովքեր կարող են լինել նրանք, ես չգիտեմ Հայաստանի քաղաքական գործիչներից որևէ մեկին: Ես դա թողնում եմ, որպեսզի այլ մարդիկ որոշեն: Եվ բոլորի նպատակը պետք է լինի վերակառուցել Հայաստանը, դարձնել այն ավելի բարեկեցիկ, որտեղ դուք կունենաք ավելի ուժեղ տնտեսություն, ուժեղ տոխնոլոգիա: Մենք պետք է ասենք ճշմարտությունն այն մասին թե, ինչպես է պատահել պատերազմը, ասել, որ սա հայերի տարածքն է եւ նրանցն է եղել հազարամյակներով: Դուք լսել եք՝ ասում են, որ Կոկա-Կոլան ավելի հին է, քան Ադրբեջանը եւ քանի հազարամյակներով են հայերը եղել այնտեղ: Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը, հայերը գիտեն այդ մասին, բայց այն մարդիկ, որոնք հայ չեն, չգիտեն այդ մասին: Դուք գիտեք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գումար են տալիս, որ իրենց մասին խոսեն եւ փորձում են փոխել պատմությունը՝ փորձելով ներկայացնել այն, ինրը ճշմարտություն չէ: Բայց մենք գիտենք ճշմարտությունը, մենք գիտենք, որ Հայաստանն ունի հարուստ եւ հնագույն մշակույթ: Ի վերջո, սա հայկական հող է, Ադրբեջանն ագրեսոր է, ինչու պետք է պաշտպանենք նրանց: Մենք չենք կարող մշտապես սպասել արձագանքի միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը հիմա նստած ծափահարում է: Այժմ կատարվում են այնպիսի բաներ, որոնք եղել են նաեւ Ցեղասպանության ժամանակ: Եվ մենք տեսնում ենք, որ պատմությունը փորձում է կրկնվել: Եվ մենք պետք է անընդհատ պատմենք այս պատմությունը, որպեսզի նրանք կանգ առնեն, որպեսզի պատմությունը չկրկնվի: Մենք պետք է համոզվենք, որ աշխարհը հասկանում է ճշմարտությունը, որպեսզի թշնամին հնարավորություն չունենա ավարտին հասցնելու այն, ինչ նրանք փորձեցին անել հենց հիմա», – եզրափակեց նա:

Դեքերն արդեն երգ է պատրաստել Հայաստանի եւ Արցախի հերոսների մասին: Վերջինս նաեւ ԱՄՆ-ում շարունակելու է աջակցել հայերին: Հիշեցնենք, որ նա համագործակցել է Արա Գևորգյանի հետ, մասնակցել է Սարդարապատի համերգին, գրել և կատարել է «Ադանա» երգի անգլերեն բառերը։ Արա Գևորգյանի հետ մասնակցել է համերգային շրջագայութունների Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում: 2005-ին Դեքերը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ երգելու «Ադանա» երգը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս