ԱՆՑՆՑՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ԱՅԼ ՕՐԱԿԱՐԳՈՎ ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որեւէ օրակարգով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպելու: Պատգամավորը հայտարարեց, որ իրենք մի քանի անգամ են փորձել Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, խնդրել են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, սակայն ապարդյուն: Իսկ այժմ էլ խոսելու որեւէ բան իրենք չունեն, քանի որ իրենց միակ պահանջը ՀՀ վարչապետի հրաժարականն է:

 

-Տիկի՛ն Իսայան, ինչո՞ւ չգնացիք, ինչո՞ւ չընդունեցիք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը:

-Մինչեւ վարչապետի՝ Ազգային Ժողով գնալը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ. մենք մինչ ողբերգության պահը մեկ անգամ դիմել ենք ԲՀԿ-ով, խնդրանք հանդիպումով պարոն Փաշինյանի հետ, որը չի ընդունվել եւ արհամարհվել է:  Երկու անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու համար, երբ դեռ կար հնարավորություն կանխելու այս մեծ ողբերգությունը, վարչապետը արհամարհել է, հարկ չի համարել մեզ հետ քննարկել, իսկ հիմա այլեւս մենք նպատակ չենք տեսնում: Երբ ոչինչ փոխել հնարավոր չէ, գնալ եւ խոսել վարչապետի հետ: Մենք մեր հստակ հայտարարությամբ ֆիքսել ենք՝ վարչապետի հետ միմիայն մեկ օրակարգով կարող ենք գալ հանդիպման. դա անցնցում իշխանությունը հանձնելու պրոցեսն է: Ուրիշ այլ օրակարգով մենք որեւէ դեպքում չենք կարող գալ հանդիպման: Ես նայում եմ հարցադրումները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից եւ հասկանում եմ, որ իրենք ամբողջությամբ չեն գիտակցում, թե ինչ իրավիճակ է տիրում մեր երկրում, եւ իրենք ինչ հարցեր են քննարկում:

-Տիկի՛ն Իսայան, վարչապետը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց, որ օրակարգում հրաժարականի հարց չկա: Այսինքն՝ սա նշանակում է, որ վարչապետը չի հեռանալու:   Ո՞րն է լինելու ընդդիմության քայլը:

-Ընդդիմադիր խմբակցությունները, գիտեք, որ կա կոնսոլիդացիա 17 քաղաքական ուժերի  շրջանակում ընդդիմադիր: Իրենց հավաքների ընթացքում մշտապես տվել են թեզերը,հնարավոր լուծումները: Բացի դրանից, մեկ կարեւոր բան եւս. Մենք եւ «Լուսավոր Հայաստանը» հանդես եկանք հայտարարությամբ, որ արտահերթ նիստ գումարվի, եւ խորհրդարանում քննարկվի իրավիճակը: «Իմ քայլը» խմբակցությունը չեկավ, եւ չնստեցին քաղաքակիրթ  տարբերակով քննարկման: Հիմա այն հայտարարությունները, որոնք իրենք անում են, մեզ այլեւս չեն հետաքրքրում:

-Տիկի՛ն Իսայան, սա չի՞ նշանակում, որ իրավիճակն ավելի է սրվում ընդդմիության այս պահվածքով, եւ այս քաղաքացիական բախումներն այլեւս դառնում են իրական:

-Ես կարծում եմ, որ ընդդիմությունը զիջել կամ չզիջելու հարց չունի: Ես գտնում եմ, որ որեւէ  մեկը ՀՀ-ում, սփյուռքում, Արցախում չի կարող ճիշտ համարել այն հանգամանքը, որ հողերը հանձնած իշխանությունը շարունակի պաշտոնավարել: Վարչապետն ինքը խոսում է կապիտուլիացիայի մասին եւ իր նախորդ ելույթներում ներկայացնում, որ կապիտուլիացիան այնքան էլ վատ բան չէ, եւ բերում է Գերմանիայի օրինակը: Բայց վարչապետը հավանաբար տեղյակ չէ, որ Գերմանիայում եւ բոլոր այն երկրներում, որտեղ իշխանությունը գնում է կապիտուլիացիայի, այդ իշխանությունները, միանշանակ, հեռանում են: Նա գիտի, որ որեւէ իշխանություն կապիտուլիացիոն փաստաթութղը ստորագրելուց հետո չի կարող պաշտոնավարել:   Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմ հրահրելուն, ապա, այո, մենք անգամ կապիտուլիացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, վարչապետը մի քանի անգամ լայվերով արդեն  վերջնականապես ստատուսով, պարզ  ձեւով տալիս է հրահանգ ժողովրդի  մեջ սկսելու քաղաքացիական պատերազմ: Եթե այդ ամենն իշխանության մակարդակով, վարչապետի մակարդակով արվում է, ես կարծում եմ՝ այլեւս ընդդիմությանը մեղադրելու տարբերակ չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են արել։ Անհետ կորած զինվորների հարազատները նախարար Դավիթ Տոնոյանի կամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի  հետ հանդիպել են պահանջում։ Նախարարության դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։ «50 օր է անցել՝ իմ երեխան չկա,  ո՞վ պետք է պատասխան տա մեր երեխեքի համար»,- Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ զրույցում վրդովված ձայնով ասել է մի կին։

 

Իրավիճակը փոքր-ինչ սրվել է. իրենց որդիների մասին տեղեկություն չունեցող մայրերը չկարողացան իրենց հույզերը զսպել եւ ՊՆ ներկայացուցիչներից պարզաբանումներ պահանջեցին: Քաղաքացիների խոսքով՝ տեղեկություն կա, որ վիրավոր երեխաներ կան՝ 30 օրից ավելի տարբեր տեղերում թաքնված են, սպասում են։

«Փնտրում եմ եղբորս ու որդուս, որոնք կռվել են այս երկրի համար. թե ինչ է եղել իրենց հետ, չկա տեղեկություն։ Այս կառույցը գցում է այն կառույցի վրա։ Վերջին անգամ էլ ասացին՝ մինչեւ Ադրբեջանը չասի, որ պատրաստ է, գցեցին Ադրբեջանի վրա։ Գնանք Ալիեւին խնդրե՞նք, որ թույլ տա՝ Կարմիր խաչը մտնի մարդկանց հանի։ Տեղեկություն ունենք, որ վիրավոր երեխաներ կան՝ 30 օրից ավելի տարբեր տեղերում թաքնված են։ Այդ վիրավոր զինվորի համար ամեն վայրկյանը կարեւոր է, սպասում է՝ իրեն մեկն օգնության հասնի։ Այսքան քաղաքացիների միջից մի ծնողի չեն ասել՝ արի, երեխուդ գտել ենք՝ թե զոհված, թե վիրավոր, թե ողջ»,- ասել են հավաքվածները:

Այն հարցին, թե այս ընթացքում Պաշտպանության նախարարությունից որեւէ պատասխան ստացել են, քաղաքացին  ասաց. «ՊՆ-ից ասում են՝ կատարում ենք աշխատանքներ, այնպես չի՝ պարապ ենք։ Լավ եք անում, աշխատում եք, մի հատ արդյունք ցույց տվեք։ Ասացին, որ Շուշիում 150 դի են հանել, բայց միայն Շուշին չի։ Թող Դավիթ Տոնոյանն իր խոսքի տերը լինի, գա, այս ժողովրդին պատասխան տա»։

 

 

 

ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության ապահովմանը. այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիտորինգի կենտրոն, այնտեղ են ուղարկվելու թուրք զինվորականները: Ներքին ընթացակարգի իրականացում է՝ նախատեսված Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ»,- նշել է Պեսկովը՝ ավելացնելով, որ դա Թուրքիայի ներքին գործն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանում համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելուն, ապա Պեսկովը նշել է, որ դա Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ համաձայնության արդյունք է:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ից՝ ժամը 01:00-ից. ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին:

 

 

ԽՈՍԵԼ ԵՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությունը՝ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Վ. Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, ինչպես նաեւ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,-ասված է հաղորդագրությունում։

 




Լրահոս