ՖՈՏՈ. Հայտնի հայերը՝ Ադրբեջանի կողմից մշակութային վանդալիզմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երկու ամիս է, ինչ ամբողջ աշխարհի հայությունը եւ համաշխարհային աստղերը բարձրաձայնում են Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող էթնիկ ոչնչացման` Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրի մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել այն մարդկանց, ովքեր պարբերաբար անդրադառնում են Արցախյան իրադարձություններին, ինչպես նաեւ իրենց կարծիքն են հայտնում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված հայտնի փաստաթղթի մասին:

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն Արցախում պատերազմի օրերին հետեւում էր իրադարձություններին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։

Երաժիշտն անդրադարձել է նաեւ Արցախում ադրբեջանցիների կողմից վանդալիզմին։ Նա Twitter-ի էջում վերահրապարակել է նրանց գործողությունները պատկերող տեսագրություն ու գրել․ «Մշակութային ցեղասպանություն նրանց կողմից, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը»։

Իսկ «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների գործողությունները, որոնք ավերում են հայերի հուշարձանները։

«Չեմ կարողանում հանգիստ նայել տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է (ես հույս ունեմ՝ արձանագրված է հետագա քրեական գործերի համար) ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային Ղարաբաղում։
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են հայկական սրբավայրերի պահպանման մասին, սակայն առայժմ այս ամենը նման է Ղարաբաղում վախկանալիայի լռելյայն խրախուսանքի։

Ամերիկացիներն ու ֆրանսիացիներն անհանգստանում են, որ զինադադարի հասել են առանց իրենց։ Ակտիվ մասնակցությո՞ւն են ցանկանում։ Ահա ձեզ խաղաքարտեր. դատապարտեք տեղի ունեցողն ու պաշտոնական Բաքվից այդ հանցագործությունների հետաքննության հասեք։

Թե դուք կարողանում եք միայն հուզիչ մամուլի հաղորդագրություններ գրել, իսկ խնդրի լուծումը կրկին մե՞զ եք թողնում»,- Telegram-ում գրել է Թինան՝ հրապարակումն ուղեկցելով ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների տեսագրություններով։

Իսկ, ահա հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախյան պատերազմի հենց սկզբից անկեղծորեն մտահոգվել է տեղի ունեցածի համար, սոցցանցերում գրառումներ է արել՝ ի պաշտպանություն հայերի եւ իր պատմական հայրենիքի, կոչ է արել օգնել ֆինանսապես եւ ինքն էլ ակտիվորեն մասնակցել նման ակցիաներին:

Այսօր նա իր Instagram-ի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին: Դրանցից շատերը վերաբերել են Հայաստանին եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել, շտապել են Անդրեասյանին քաղաքացիական դիրքորոշման համար իրենց հարգանքն արտահայտել։

«Ի՞նչ եք կարծում, պատերազմի շարունակություն կլինի՞»,- հետաքրքրվել է հետեւորդը։
«Ոչ։ Այժմ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները եւ նա, ով կկրակի կկռվի Ռուսաստանի դեմ։ Վրաստանի փորձը ցույց է տվել, որ դա մի քանի ժամից կավարտվի պարտությամբ։ Այժմ այնտեղ կանգնած է հզոր տերություն։ Պատերազմ այլեւս չի լինի։ Ինչ կորցված է, կորցված է։ Գուցե 30-40 տարի անց հարցը կրկին կբարձրանա: Բայց հիմա դժվարությամբ եմ դա պատկերացնում»,- կարծում է Սարիկ Անդրեասյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս