«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱ ՄԻ ՀԱՅՐԵՆԻՔ». ՀԱՄԵՍՏ ՈՒՐՖԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչի՞ց խոսեմ, դավաճանների՞ց խոսեմ, հանձնողների՞ց խոսեմ, փախչողների՞ց խոսեմ, ո՞ր մեկից խոսեմ, հասկանում եք, այդ ամեն  ինչն իմ աչքերի առաջ է տեղի ունեցել, թե ինչպես են  փախչել, որպեսզի չգնան Արցախ»,-  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել  Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ անդրադառնալով Արցախի շուրջ կատարվող իրադարձություններին:

 

«Հենց իմ փողոցի ժողովուրդը, որ քոլի նման աճել են, բայց իրենցից բան չեն ներկայացնում, նրանցից ո՞ր մեկն է գնացել: Ես անկեղծ չգիտեմ՝ ինչ ասեմ, այլեւս ապրելս չի գալիս: Ես պահանջում եմ անվավեր հայտարարել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագիրը եւ վստահ էլ չեմ, որ անվավեր համարելուց հետո էլ  մեր ժողովուրդը նորից սատար կկանգնի մեր հողին, թե ոչ: Անկեղծ ասած, ես արդեն կասկածում եմ: Այսօր մեր երկրում ստեղծվել է անորոշ իրավիճակ, ոչինչ այլեւս չեմ հասկանում: Ի՞նչ կուսակցության մասին կարող է խոսք գնալ, այն էլ միանգամից 16: Կուսակցություն չկա, կա մի հայրենիք: Կուսակցությունը միայն մեր հայրենիքն է, որը որ մենք կարող ենք ամբողջությամբ կորցնել: Այս բոլոր կուսակցությունները պետք է անվավեր ճանաչվեն եւ լիկվիդացվեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր այն դիրքորոշմանը, թե արդյոք այլ տարբերակ չկար, Համեստ Ուրֆանյանն ընդգծում է. «Նիկոլ Փաշինյանը ստիպված է գնացել այդ քայլին, հակառակ դեպքում զորքը կհայտնվեր շրջափակման մեջ: Եվ դա ես ասում եմ՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի խոսքերի վրա հիմնվելով, այլ նաեւ զինվորների խոսքերի վրա հիմնվելով, անգամ ես գիտեմ, թե Շուշին ինչ մարտով է վերցված թշնամու կողմից, եւ զարմանալի է, որ մենք մինչ այսօր չենք պատկերացնում, որ Թուրքիան էր հարձակվել մեր հայրենիքի վրա:  Ես պարզապես զարմացած եմ՝ մեր  բարերարները, մեծահարուստ հայերն ինչ էին մտածում, մի զրահաբաճկոնով երկիր են պահո՞ւմ: Թող վարձկաններ բերեին կանգնեցնեին 19 տարեկան զինվորների կողքին եւ սկսեին հարվածելը, դրա համար ես վստահ չեմ մեր ժողովրդի վրա, վստահ չեմ, հասկանո՞ւմ եք… Եւ դա պետք է արվեր ի սկզբանե: Ես զոհվածների մայրերի հետ միասին Ռուսաստանի դեպանատան մոտ պահանջել եմ դադարեցնել պատերազմը, քայլեր ձեռնարկել, բայց ոչ  յոթ շրջան  հետ տալու գնով: Պետք է հավասար բաժանել»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախի եւ երկրի այս իրավիճակի համար մեղավոր են բոլորը, այդ թվում նաեւ՝ ժողովուրդը, եւ պատճառները շատ-շատ են:

«Եթե այսօր այս ընդդիմադիր կոչվածները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը, իսկ ո՞ւմ են տեսնում ներկա պահին երկրի ղեկավար, որ կարող է այս հարցին լուծում գտնել: Օրինակ՝ ես ոչ մեկին չեմ տեսնում: Տեսնում եմ Արմեն Սարգսյան, բայց դա էլ հարց է, թե ովքեր կլինեն իր թիմակիցները: Ես չգիտեմ, հայտնվել ենք անելանելի իրավիճակում,  եւ ինչ է լինելու մեր ժողովրդի վիճակը, անգամ վախենում եմ մտածել»,-հավելում է մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՆՈՐ ՖԻԼՄ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ. ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի առաջին իսկ օրվանից գրեթե ամեն օր պաշտպանում է հայ ժողովրդի դիրքորոշումը։ Այսօր նա կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որում ցույց է տվել հայ զինվորների «չապրած օրերը»։

 

«Սա պատմություն է մարդկանց մասին, որոնց մայրերն այլեւս երբեք չեն գրկի։ Սա պատմություն է չապրած կյանքի մասին։ Խոնարհում բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են իրենց հայրենիքը, պատիվը, իրենց կանանց ու երեխաներին։ Թող ձեր հիշատակը հավերժ լինի։ Եկե՛ք հիշենք ընկածներին եւ հոգ տանենք ողջերի մասին, նրանց մասին, ովքեր չեն վախեցել կանգնել մինչեւ վերջ։ Յուրաքանչյուր զիվորի արժանի կյանք, ուտելիք, արժանի գոյություն ապահովեք։ Այսօր հարկավոր է մտածել այդ մասին, միայն այն մասին, որ ամոթահար չլինենք նրանց առաջ, ովքեր մեզ ու մեր հայրենիքի համար կյանք են տվել։ Ես ամաչում եմ ողջ մնացած յուրաքանչյուրից ու զոհվածից, ես ամաչում եմ, որ այսօր շնագայլերն արագ մոռացել են սխրանքների մասին եւ նետվել են իշխանության համար պայքարի։ Ես ամաչում եմ լսել, թե ինչպես են քաղաքական գործիչները փորձում արդարացնել իրենց, ամաչում եմ, որ հազարավոր կամավորականներ չկարողացան օգնել իրենց հայրենիքին, քանի որ նրանց համար համազգեստ, զենք ու ուտելիք չկար։

Առյուծներին չպիտի ղեկավարեն ոչխարները, սակայն հիմա քաղաքացիական պատերազմի ժամանակը չէ։ Ժամանակը ցույց կտա։ Ժամանակը թույլ կտա ճիշտ որոշում կայացնել։ Հիմա ժամանակն է միայն բուժել վիրավորներին, օգնել ընչազուրկներին, ապաստան տալ քաղցածներին եւ գրկել անպաշտպաններին։ Հիմա կարեւոր է, որ դադարել են մարդիկ մահանալ, իսկ մնացածը՝ իր ժամանակին։

Հողերը տրված են, բայց կան խաղաղություն ու խաղաղապահներ, կան նրանք, ում ու մեր Աստվածը մեկն է։ Ես խոսում եմ մեր ռուս եղբայրների մասին։ Կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանն ավելի շուտ խառնվել։ Անխոս։ Ես պահանջներ ունե՞մ։

Ունեմ։ Մենք արդեն չենք իմանա ճշմարտությունն ու մանրամասները, բայց այնտեղ, ուր ռուսն է, այնտեղ խաղաղություն է, իսկ այնտեղ, ուր թուրքն ու ադրբեջանցին են, այնտեղ կտրված ականջներ են, գլուխներ, պղծված գերեզմաններ ու եկեղեցիներ։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, եւ ես կողմ եմ երջանիկ ժողովրդի։ Եթե ես ուզում եմ արցունքներ տեսնել, ապա միայն հաղթողների արցունքներ։ Հիշեք, Կուտուզովը հանձնեց Մոսկվան, իսկ խաղաղությունը ստորագրեց Փարիզում։ Մենք միասին ուժեղ ենք»,- գրել է ռեժիսորը։

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. hաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Համավարակի դրական թեստի պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպմանը չեն մասնակցի Գեւորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Կալիսիրը եւ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաեւ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաեւ պատվիրակության եւս 3 անդամներ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում են 19 ֆուտբոլիստներ:

 

 

ՉԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը չի դիտարկում թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին հեռացնելու տարբերակը. այդ մասին հայտնել է ազգային թիմի գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը: «Մենք նախկինի պես վստահում ենք Յոահիմ Լյովին առանց որեւէ կասկածի»,- Բիրհոֆի խոսքը մեջբերում է DW Sports-ը: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում գերմանացիները 0:6 հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին: Դա Գերմանիայի հավաքականի ամենախոշոր պարտությունն էր 1931 թվականից հետո: 89 տարի առաջ գերմանացիները 0:6 հաշվով պարտվել էին Ավստրիայի հավաքականին: Այդ հաղթանակից հետո Իսպանիայի հավաքականը, վաստակելով 11 միավոր, A դիվիզիոնի չորրորդ խմբում գրավեց առաջին տեղը եւ նվաճեց «Չորսի եզրափակիչի» ուղեգիր: Գերմանացիները 9 միավորով գրավեցին երկրորդ տեղը:

 

 

ՈՒՐՈՒԳՎԱՅՑԻՆԵՐԻՑ ՈՒԺԵՂ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում 2:0 հաշվով ուժեղ է գտնվել ուրուգվայցիներից: Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Պերուի նկատմամբ, իսկ կոլումբացիները հյուրընկալվելիս 1:6 հաշվով անակնկալ պարտություն են կրել Վենեսուելայի հավաքականից: Չորրորդ տուրից հետո Բրազիլիայի հավաքականը 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Արգենտինան ունի 10 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Էկվադորը՝ 9:




Լրահոս