Երբ հայրս զոհվեց, ես ընդամենը 11 տարեկան էի. Շպռոտը՝ արցախյան պատերազմի և իր ապրումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմի մասին ArmLur.am-ը զրուցել է ամերիկաբնակ երգչուհի Շպռոտի հետ, ով այս ամիսների ընթացքում իրականացնում է մի շարք մարդասիրական նախաձեռնություններ:

«Մեր օգնությունն այստեղից կարող է միայն գումարի տեսքով լինել: Սկզբում, ինչպես բոլորը օգնում էի միայնակ, ինչպես կարող էի, հետո միացան նաեւ ընկերներս, ապա, երաժիշտ ընկերներով համախմբվելով, Համահայկական հիմնադրամին փոխանցեցինք 59.000$, այնուհետեւ ինստագրամի միջոցով ինքս հավաքեցի 13.000$, որը կրկին ուղղվեց հիմնադրամին, ապա բիզնեսմեն ընկերներիս հետ միասին գումար հանգանակեցինք նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հետո ծանոթացա Մերիի հետ, ում միջոցով ծանոթացա վիրավոր զինվորների հետ, նրանց մասին նկարներ եւ վիդեոներ տեղադրեցի իմ էջում, որից հետո կրկին մարդիկ ձեռնամուխ եղան նրանց օգնելուն: Հստակ չգիտեմ, թե քանի զինվորի ընտանիքի ենք օգնել, բայց բոլորն էլ ստացել են օգնություն: Ունեմ երկու ընկերուհի, ովքեր մշտապես ամեն ամիս օգնություն են տրամադրում նրանց: Նախ սկզբից փորձում ենք տղաների հետ տեսակապով զրուցել, որից հետո նոր ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը: Ամեն բան արվում է հնարավորինս բարձր մակարդակով եւ որ ամենակարեւորն է ՝ թափանցիկ: Յուրաքանչյուր փոխանցած գումարի կտրոն նկարում եւ տեղադրում եմ էջումս, սակայն պետք է նշեմ, որ ես այս պահին այլեւս գումարի հավաքագրմամբ չեմ զբաղվում, բայց շարունակում եմ կապող օղակ լինել այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են օգնել տղաներին: Ստանում եմ շատ շնորհակալական նամակներ ծնողների, զինվորիների կողմից, որոնք շատ թանկ են ինձ համար»,-նշում է երգչուհին:

Մեզ հետ զրույցում Շպռոտը հիշում եւ վերապրում պատերազմի թողած ծանր հետեւանքները եւ հոգեվիճակը, որն այսօր զգում է յուրաքանչյուր հերոսացած զինվորի ընտանիք:

«Երբ հայրս զոհվեց, ես ընդամենը 11 տարեկան էի, մենք շատ վատ էինք ապրում: Մեզ չգիտեմ որտեղից զանգահարեցին եւ ասացին, որ երգչուհի Արաքսյա Վարդերերսյանը դրամական օգնություն է տալիս զոհվածների հարազատներին: Հիշում եմ, թե ինչպես էր նա նստած անձամբ գումարները բաժանում: Մայրիկիս հարցեր էր տալիս, իսկ ես նստած նրա կողքին նայում էի մատի մատանիին, որը մինչեւ վերջ դրված չէր, քանի որ մատով փոքր էր, նայելով ինձ ասաց.« Անի ջան սիրել ես մատանին, ասեցի այո, ասաց կարծեմ եղբորս երեխայի մատանին է, փոքր է մատիս….»: Ինչու եմ սա պատմում, քանի որ այդ ծանր օրերին մեզ այնքան շատ գումար էր անհրաժեշտ, եւ կար նաեւ մեկ ուրիշ ընտանիք, ով մեզ նույնպես օգնում էր Միացյալ Նահանգներից այդ տարիներին: Մայր եւ աղջիկ էին, երբ ծանրոց էր գալիս, ես եւ քույր աշխարհով մեկ էինք լինում ուրախությունից: Ցավոք այդ ընտանիքին կորցրել եմ, շատ եմ ուզում նրանց գտնել»,-հուզմունքով հիշում է նա:

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեք նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, երգչուհին պատասխանում է. «Ես բացարձակ չգիտեի, որ մեր երկիրը նման բարդ քաղաքական վիճակում է եղել: Կարծում եմ՝ այս պատերազմը գերտերությունների կռիվ է Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար: Ափսոս, որ ուրիշի հողի վրա են իրենք իրենց հարցերը լուծում, նրանց համար ուրիշի՝ մեզ համար մեր հողի, ուղղակի այս պատերազմում շահող դուրս եկավ Ադրբեջանը: Ես ատում եմ քաղաքականությունը: Արցախի հարցը փաստորեն մի անլուծելի խնդիր էր: Շատ խառը եւ վատ դիվանագիտական խաղ էր, որի արդյունքում տուժեց մեր ազգը:Ինչպես հայտնի առածն է ասում. «Տերովին տերն է տարել, անտերին գելը», եւ սա ես իմ անձական կյանքում շատ եմ զգացել, եւ հիմա էլ ազգս է զգում միայնության եւ լքվածության դառնությունն ու ցավը»:

Շպռոտի դիտարկմամբ այսօր մեր երկրում չկա այնպիսի քաղաքական ուժ, թեկնածու, ով կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին:

«Զզվում եմ քաղաքական բոլոր ուժերից, ու ոչ մի ուժի չեմ վստահում: Փոխանակ լծվեն երկրի օգնելու ծանր գործին, զբաղված են գոռգոռալով: Հիմա մեզ պետք են հայրենասերներ, ոչ թե աթոռասերներ: Հայրենասիրությունը գործով է երեւում, այլ ոչ թե գոռալով: Սա է իմ միակ սպասելիքը քաղաքական ուժերից: Հիմա, եթե Նիկոլը գնաց ուրիշ թեկնուծու ունե՞նք, եթե կա՛, թող գա, իսկ ո՞վ կարող է մեզ այս իրավիճակից հանել:Ես համոզվեցի, որ մեր երկրում դեմոկրատիա չկա, մենք մնացել ենք սովետի ազդեցության տակ: Մեզ «պուպուշ» ղեկավար պետք չէ, մեզ ուժեղ դիկտատուրա է պետք, բայց հայրենասեր, ով չի լափի ժողովրդի փողերը, սրտացավ կլինի իր ազգի նկատմամբ: Ես ինքս ռուսամետ եմ, կարծում եմ, որ ռուսն իր դիրքերն ամրացնելով մեր տարածքում, գոնե մեր կողքին կլինի: Ես լավատես մարդ եմ, քանի որ մենք շատ ուժեղ ժողովուրդ ենք, մեզ միայն պակասում է սերն ու քաղաքակրթությունը, որն էլ մեզ կօգնի լինել ավելի ուժեղ եւ խորագետ: Թող Աստված օրհնի մեր ազգը»,-հավելում է երգչուհի Շպռոտը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս