Առաջին միջազգային քայլն արված է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը՝ 305 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվերակությանը մասնակցել է 306 հոգի: Ներկայացված բանաձեւով Ֆրանսիայի Սենատը կոչ է անում կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը տարածաշրջանում տեւական ժամանակ խաղաղություն հաստատելու համար:

Բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների եւ օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, եւ կոչ է արվում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը եւ նրանց աջակիցներն այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Բանաձեւը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրունո Ռետալոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը: Նշենք, որ երեկ Ֆրանսիայի Սենատում բանաձեւի քվեարկությունից հետո երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում:

Այս քվեարկությունից հետո բանաձեւը պետք է քննարկվի նաեւ Ֆրանսիայի կառավարությունում. եթե ընդունվի նաեւ նրանց կողմից, ապա պետք է ստորագրի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Սա ավելի շատ խորհրդատվական բնույթ էր կրում Ֆրանսիայի կառավարության համար եւ պարտադիր նշանակություն չունի: Սա բանաձեւ է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ, որպես ժողովրդի պատգամավորներ, կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը։

Ամեն դեպքում, սա կարեւոր որոշում էր Ֆրանսիայի Սենատի կողմից եւ պետք է սպասել հետագա զարգացումներին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս