ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը: 68 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության ծրագրի շահառու են Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախ վերադարձած, Արցախում հաշվառված քաղաքացիները: Եթե շահառուն չունի սեփականության (այդ թվում՝ բաժնային) կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող, ՀՀ-ում գտնվող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), ապա շահառուին տրվում է լրացուցիչ աջակցություն (կեցավայրի ծախսերի փոխհատուցում)՝ միանվագ դրամական օգնության չափն ավելացնելով 15 000 ՀՀ դրամով:

 

Աջակցություն տրամադրողը (նշանակում եւ վճարում է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է (այսուհետ՝ Ծառայություն): Տրամադրման եղանակը եւ դիմելու ժամկետը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 20-ը, օոliոe.ssa.am կայքէջից մուտք գործելով համապատասխան ծրագրային միջավայր՝ Ծառայություն ներկայացնելով համապատասխան տվյալներ: Ծառայություն ներկայացվող տվյալները՝

1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,

2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը,

3) շահառուի (2-րդ կետում նշված դեպքում՝ ծնողի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն եւ բջջային հեռախոսահամարը:

Դիմումը մերժելու հիմքերը՝

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին),

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում,

3) շահառուն չունի Արցախի հաշվառում,

4) դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, եւ ծնողը չի հանդիսանում Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու,

5) շահառուի համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն ընկած որեւէ ժամանակահատվածի համար, կամ նույն ժամանակահատվածում նա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր (2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր կամ որպես անհատ ձեռնարկատեր գործունեությունը դադարեցրել է 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում),

6) շահառուի անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ,

7) շահառուն արական սեռի է, ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 10-ից (ներառյալ) մինչեւ 2002 թվականի սեպտեմբերի 27-ը (ներառյալ) եւ չունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն,

8) 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահառուն ունի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք, եւ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի չափը կազմում է 68000 դրամից ավելի,

9) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ շահառուն 2020թ. նոյեմբերի 16-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում,

10) շահառուի համար առկա է հաստատված դիմում:

Ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումը մերժելու դեպքում մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ hաշվարկված դրամական օգնության չափը (այդ թվում՝ 15 000 ՀՀ դրամի չափով լրացուցիչ աջակցության գումարը առանձնացված): Աջակցության գումարի վճարվան եղանակն ու միջոցը՝ կանխիկ եղանակով, Հայփոստի միջոցով, շահառուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, Ծառայության կողմից շահառուի բջջային հեռախոսահամարին աջակցությունը ստանալու մասին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելուց հետո: Միանվագ դրամական օգնությունն ու լրացուցիչ աջակցությունն ստանալու վերջնաժամկետը՝ 2021թ. մարտի 1-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ

Արտադպրոցական դաստիարակության եւ լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։ Դպրոցից դուրս գործող զարգացման կենտրոնների, խմբակների, լրացուցիչ կրթության կենտրոնների համար սահմանված նորմերը ենթակա են պարտադիր կատարման։

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնավորապես, սահմանվել է.

այս հաստատություններում առողջ եւ անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա տնօրենը: Վերջինիս հրամանով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։

Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝

1) դիմակների, ձեռքերի եւ մակերեսների ախտահանիչ միջոցների առկայությունը,

2) ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջուր, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակ կամ ախտահանման հնարավորություն, օճառ,

3) «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ փակվող աղբամաններ,

4) հեռահար ջերմաչափ։

Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ եւ այլն։ Ժողովները եւ հավաքները կազմակերպվում են հեռավար կամ բացօթյա կամ այլ տարածքներում։

Հաստատություն հաճախողների ընդունումը եւ ճանապարհումն իրականացվում է հերթափոխով (օրինակ՝ սահմանել սովորողների գալու եւ գնալու ժամային միջակայք)՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:

Երեխային ուղեկցողը մուտք չի գործում հաստատություն: Մտնելիս եւ աշխատանքային օրվա կեսին սովորողներն ու աշխատողները ջերմաչափվում են, 37 եւ բարձր ջերմության դեպքում արդյունքները գրանցվում են գրանցման մատյանում, COVID-19-ին բնորոշ ախտանիշեր ունեցողները մուտք չեն գործում հաստատություն: Մուտքի մոտ, լսարաններում, սանհանգույցներում, հանդերձարաններում տեղադրվում են ձեռքերի ախտահանման միջոցներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով, յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար: Կրթությունը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ առավելագույնը 16 սովորողի թվով, եւ ապահովելով պարապմունքների ժամանակ սովորողների միջեւ առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ պահպանելով «խաչաձեւության» սկզբունքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին նստեցումը: Մարզասրահում, պարասրահում պարապմունքների ընթացքում պետք է ապահովել ամեն անձի համար առնվազն 2 քմ տարածություն: Խմբակային մարզումների ժամանակ պետք է խումբը բաժանել մասերի՝ տարածության պահպանման հնարավորություն ստեղծելով: Հաստատությունը վերաբացելուց 1 օր առաջ եւ ամեն օրվա ավարտին ընդհանուր մաքրվում եւ ախտահանվում է հաստատության ողջ տարածքը՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց:

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻՑ ՄԵԿՆԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏՈՒՆԻ

Նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի 12 մասնագետներ ուղեւորվեցին Արցախի Մարտունի քաղաք՝ վերականգնելու փողոցային լուսավորությունը, որը պատերազմի օրերին ամբողջովին վնասվել է: Կարճ ժամանակում համայնքը՝ քաղաքապետ Կարեն Աբազյանի ղեկավարությամբ, որոշում կայացրեց օգնության ձեռք մեկնել Արցախի ավերված բնակավայրերից մեկին: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ նախապես մասնագետներ են ուղարկվել Մարտունի, որտեղ նրանք ուսումնասիրել են էլեկտրամատակարարման վերականգնման  հետ կապված խնդիրները։ Այժմ 12-հոգանոց խումբը մեկնել է՝ իր հետ ունենալով մալուխ եւ այլ պարագաներ։ Նախնական տվյալներով՝ խումբը Մարտունիում կմնա մեկ շաբաթ, կվերականգնի քաղաքի 2 թաղամասերի էլեկտրամատակարարումը: Եթե հարկ լինի, նոյեմբերյանցիների խումբը Մարտունիում կմասնակցի նաեւ վերականգնողական այլ աշխատանքների։

 

 

ԴԵՌ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Նոյեմբերի 10-ին, հավանաբար՝ գիշերը, Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ՝ «Իջեւանատուն» ռեստորանի մոտ, անհայտ անձը կամ անձինք միջպետական ավտոոճանապարհի եզրին տեղադրված քայլող մարդու արձանի գլուխը պոկել են։ Այդ արձանը խորհրդանշում է թավշյա հեղափոխությունը, արտաքինից  նման է ուսապարկով քայլող Նիկոլ Փաշինյանին։ Դեպքից հետո երկու անգամ զանգահարել եմ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն իմանալու համար՝ դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցվել է արդյոք։ Ոստիկանությունից նոյեմբերի 19-ին  հայտնել են, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արձանը վնասողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել ոստիկանության  Իջեւանի բաժին, ուր տվել են համապատասխան բացատություններ։ Նոյեմբերի 23-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզաբանեցին, որ  դեպքերի կապակցությամբ  դեռեւս  նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ հարուցված չէ։ Համաձայն օրենսդրության ՝ քրեական գործ հարուցելու հետ կապված որոշում ընդունում են  դեպքից հետո՝ 10 օրվա ընթացքում.  ինչո՞ւ մինչ այժմ քրեական գործ հարուցված չէ։ Ոստիկանությունից այդ հարցի վերաբերյալ  պարզաբանեցին, որ  Քրեական դատավարության օրենսգիրքը նյութեր նախապատրաստելու ժամկետը երկարաձգելու համար հնարավորություններ նախատեսում է։ Ներկայումս միջպետական ավտոճանապարհի եզրին այդ արձանն այլեւս չկա, այն  ապամոնտաժված է։ Հայտնի չէ՝ քայլողի  արձանը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, այն գտնվում է համայնքային, թե սեփական տարածքում, ում ֆինանսավորմամբ  եւ նախաձեռնությամբ է պատրաստվել եւ տեղադրվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս