«Այդ սպանությունը վկայում է Իրանի թշնամիների անզորության մասին». Ռոհանին միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Irna գործակալությունը, Ռոհանին նշել է, որ այդ սպանությունը վկայում է Իրանի թշնամիների անզորության մասին:

«Անշուշտ, այս ահաբեկչությունը վկայում է Իրանի գիտական զարգացման և հնարավորությունների դեմ մեր թշնամիների անզորության և տարածաշրջանում ու այլ քաղաքական ասպարեզներում նրանց հետևողական պարտությունների մասին: Մեր թշնամիները պետք է իմանան, որ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ոչ միայն չի խաթարի Իրանի երիտասարդության և գիտնականների կամքը ՝ շարունակելու գիտական զարգացման ուղիները, այլև նրանց կամքն ավելի վճռական կլինի, – նշել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով ՝ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս Իրանի թշնամիների ատելության խորությունը եւ չարությունը, սակայն նրա սպանությունը չի դանդաղեցնի երկրի գիտական ձեռքբերումները:

Հիշեցնենք, որ Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:




Լրահոս