ԳՈՐԾԱԴԻՐՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանել է գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը:

Պատգամավորը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ որեւէ մեկը չի ասել, թե կադրային փոփոխություններով պետք է ետ բերվեն կորսված հողերը: «Կադրային փոփոխութունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի»,-ասել է նա ու հավելել, որ տնտեսությունն ու մնացած համակարգերը պետք է նորմալ աշխատեն:

Բ. Թունյանի խոսքով՝ կոնկրետ ոլորտների հետ կապված՝ կային կոնկրետ դժգոհություններ: «Կային նաեւ ոլորտներ, որոնցում ինքներս ենք գտել, որ նոր շունչ ու նոր մոտեցում է պետք: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերն ու գաղափարները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված 6 ամիսը հենց այն ժամանակահատվածն է, որ նոր կադրային պոտենցիալով պետք է արդյունքներ ցույց տան: Կանցնի այդ ժամանակահատվածը, կամփոփենք ու կտեսնենք, թե եղան այդ արդյունքները, այս կադրային փոփոխություններն ինչքանով էին արդյունավետ: Կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապել Արցախի հողերի խնդրի հետ, կարծում եմ, տեղին չէ»,-ասել է նա: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը: Վերջին օրերին փոփոխություններ են տեղի ունեցել գործադիրի կազմում: Փոխվել են մի շարք նախարարներ, փոխնախարարներ:

Պատգամավորը նաեւ արդարացված է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը որոշակի գումար փոխանցելը՝ տարբեր ծախսերի ֆինանսավորման համար: «Այդ մոտեցումը շատ ճիշտ է, շատ արդարացված է: Կա պարզ պատճառ. մարդիկ, որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին, թե դա ինչ նպատականերով է, իսկ հիմնադրամը իրավունք, այդպիսի գործիքակազմ չունի այդ գումարն ուղիղ ծախսելու այն նպատակով, որ նպատակով որ ծախսվել է»,-ասել է նա: Ըստ Թունյանի՝ անթույլատրելի կլիներ, որ հիմնադրամն այդ գումարով x սպառազինություն գներ: Պատգամավորը շատ նորմալ ընթացկարգ է համարել, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, եւ կառավարությունն է որոշում այդ գումարն ինչպես ծախսել: «Ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ: Այլ տարբերակ պարզապես չէր կարող լինել»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով այն հարցին, թե մարդիկ ինչպես հավաստիանան, որ այդ գումարից չի ուղղվի, օրինակ, պաշտոնյաների պարգեւավճարների տրամադրմանը, Թունյանը պատասխանել է. «Կամփոփվի հիմնադրամի հաշվետվությունը, նաեւ կառավարությունը կհրապարակի, թե պատերազմական իրավիճակի ողջ ընթացքում թե՛ գործադիրը, թե՛ ԱԺ-ն որքան պարգեւավճարներ են ստացել, նաեւ կհրապարակվի, թե հիմնադրամից կառավարություն որքան գումար է գնացել: Եվ եթե հարկ լինի, կհրապարակվի նաեւ, թե գործադիրում ու օրենսդիրում աշխատողներն իրենց աշխատավարձից որքան են ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամ»,- վստահեցրել է նա: Պաշտոնյանի խոսքով՝ ուղղակի շահարկվում են այն խոսակցությունները, թե մարդիկ հիմնադրամին են ուղարկել գումարը, իսկ հիմնադրամից այն գնացել է պաշտոնյաների աշխատավարձերին:

Հիշեցնենք, որ Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարի մի մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը:

 

 

ԳՆԱՀԱՏԵԼ Է ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղ հասցված մարդասիրական օգնության բեռնաթափումը եւ հետեւում են դրա բաշխմանը տներով եւ սոցիալական նշանակության օբյեկտներով: «Ռուսաստանի ԱԻՆ խումբը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է հասցված նյութերի բեռնաթափումը: Ներկայումս ընթանում է բեռների բաշխումը բնակելի շենքերով եւ սոցիալական նշանակության օբյեկտների հասցեներով»,- ասել են մամուլի ծառայությունում` շեշտելով, որ նյութերը կօգնեն Ստեփանակերտին արագ վերականգնվել մինչ ցուրտ եղանակների սկսվելը:

Բացի այդ, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը: Ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2.6 հազար օբյեկտ, որից ավելի քան 2.4 հազար բնակելի շենք, այդ թվում` բազմաբնակարան, եւ ավելի քան 220 սոցիալական նշանակության օբյեկտ: «Այսօրվա դրությամբ վնասված շենքերի ստուգումն ավարտված է»,- ընդգծել են մամուլի ծառայությունում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բարեկարգել է փրկարարների ճամբարը, կազմակերպել է ժամանած անձնակազմի եւ սարքավորումների տեղակայումը: Ռուս փրկարարները երկու շարասյունով ավելի քան 300 տոննա շինանյութ են հասցրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք: Դա փայտանյութ եւ ապակի է, որոնք այստեղ անհրաժեշտ են առաջին հերթին. ցրտերն արդեն սկսվել են, չնայած ցերեկն արեւոտ է: Ուստի ՌԴ ԱԻՆ վարորդները, ովքեր 1700 կմ ճանապարհ են անցել մինչեւ Ստեփանակերտ, ժամանման օրը շինանյութերը հասցրել են դրանց բաշխման վայրեր: Ապակիները սկսել են տեղում կտրատել, իսկ տախտակները հասցվել են հասցեներով, որտեղ տներ են վերանորոգվում:

 

 

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ՝ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Պատերազմի հետեւանքով տուժած Արցախի քաղաքացիներին միանվագ 68 հազար դրամի աջակցություն տրամադրելու ՀՀ կառավարության հաստատած միջոցառմանը արդեն դիմել է 30 հազար քաղաքացի: Այդ մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչեւ 94 հազար քաղաքացիներ։ Նախարարն ընդգծել է, որ արցախցիներին աջակցության երկրորդ ծրագրով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի քաղաքացիները կստանան 300 հազար դրամի միանվագ օժանդակություն: Բացի այդ, բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ անձինք, եւ մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող է հանդիսանալ միջոցառման շահառու: «Մենք առաջիկայում կքննարկենք եւ կընդունենք միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար, եւ ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու: Հույս ունեմ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի»,-ասել է նա՝ ավելացնելով, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ եւ այնտեղ բնակություն հաստատեն:

 

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալը 2020 թվականի հունվար-սեպտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1 մլրդ 828 մլն 122 հազար ԱՄՆ դոլար եւ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծման ծավալը (ըստ արտահանող երկրի) կազմել է 3 մլրդ 219 մլն 918.7 հազ. դոլար եւ նվազել արդեն 13.7%-ով։

ArmLur.am-ը տեղեկացել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից, Հայաստանից Անկախ պետությունների համագործակցության երկրներ արտահանումն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 494 մլն 424.9 հազ. դոլար եւ, 2019-ի նույն ամիսների համեմատ, նվազել է 12%-ով, իսկ ներմուծումն այդ երկրներից Հայաստան կազմել է 1 մլրդ 332 մլն 696 հազ. դոլար եւ աճել 5.1%-ով, որից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումը կազմել է 472 մլն 683.5 հազար դոլար եւ նվազել 11.8%-ով, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 230 մլն 686 հազ. դոլար եւ աճել 6.7%-ով, իսկ ԱՊՀ այլ երկրներ արտահանումը կազմել 21 մլն 741.4 հազ. դոլար (17.7% նվազում), ներմուծումը՝ 102 մլն 9.9 հազ. դոլար (11.2% նվազում)։

Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 27.5%-ով՝ մինչեւ 325 մլն 922.6 հազ. դոլար, իսկ այդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը նվազել է 16.1%-ով՝ մինչեւ 662 մլն 8.9 հազ դոլար։ Այլ երկրեր Հայաստանից արտահանման ծավալն աճել է 11.9%-ով եւ կազմել 1 մլրդ 7 մլն 774.5 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ նվազել 26.8%-ով եւ կազմել 1 մլրդ 225 մլն 213.8 հազ. դոլար։

Վերոնշյալ ցուցանիշները ներկայացնում են ըստ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի ստացած (ըստ հոկտեմբերի 18-ին ստացված տեղեկատվության ամփոփման) եւ Վիճկոմիտեի հավաքած տվյալները (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որը ներկայացնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ ապրանքների հայտարարագրերի եւ «Վիճակագրական ձեւ»-ի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման եւ ներմուծման փաստացի ժամկետներին), իսկ փոխադարձ առեւտրի ցուցանիշները վերաբերում են միայն ՀՀ եւ ԵԱՏՄ միջեւ առեւտրին:




Լրահոս