ԲԱՑԱՏՐԱԳՐՈՎ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ԾՆՈՒՆԴ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարալիկի առողջության կենտրոն»-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը կլուծարվի: Այս առաջարկով կառավարությանն է դիմել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Ըստ պաշտոնական պարզաբանման՝ ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ մասնագետներով:

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանի հետ:

-Տիկի՛ն Հովսեփյան, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարելու մասին նախագիծ է տեղադրվել:

-Անցյալ տարվա դեկտեմբեր ամսից կասեցվել, մերժվել է տվյալ բաժանմունքի պետպատվերի հայտը: Այսինքն՝ պետությունը գումար չի հատկացրել: Դրան հաջորդել է հունվար ամսվա աշխատակիցների ցույցը, բոյկոտը, նրանք դուրս են եկել փողոց, պահանջել են հստակեցնել, որ պետպատվերի հայտը մերժվել է, եւ ինչ պետք է լինի իրենց ճակատագիրը: Եկել են մեր բարձրաստիճան այրերը եւ ասել են, որ կան թերություններ բաժանմունքում, վերափոխեք, մենք կուղարկենք հանձնախումբ, կգան, ուսումնասիրություն կանեն: Եւ փետրվարի 17-ին հանձնախումբը եկավ, ուսումնասիրություն կատարեց, նշեցին տեղեկանքում, թե որոնք են թերությունները, եւ կարգ չշնորհվեց մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին:

-Իսկ այդ թերությունները վերացա՞ն, վերափոխեցի՞ք բաժանմունքը:

-Դե մարտից, հասկանում եք, որ Covid-19-ը միացավ, մենք 24 աշխատակիցներ հիվանդացանք կորոնավիրուսով, հոսպիտալացվեցինք, մնացածն էլ ինքնամեկուսացվեցին, կարելի է ասել, գրեթե երկու շաբաթ մենք չաշխատեցինք: Բայց մարզպետի եւ մյուս պատասխանատու բաժինների վարիչների հետ ջանացինք բոլոր այն բացերը, որոնք ստուգման արդյունքում նշվել էին տեղեկանքում, դարձնել պլյուս, այսինքն՝ գտնել, տեղադրել այդ բոլոր սարքավորումները, լրացնել մասնագետների պակասը պայմանագրերով եւ այլն: Հետո մենք մեր գործը պաշտոնական գրությամբ ներկայացրեցինք մարզպետարան, որն էլ իր հերթին ուղարկեց Առողջապահության նախարարություն:  Այդ Covid-19 պայմանավորված՝ Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ այդ ժամանակահատվածում իրենք հանձնախումբ չունեն նմանատիպ ուսւոմնասիրություն իրականացնելու համար: Հետո դրան հաջորդեց պատերազմը: Փաստացի ստացվեց այնպես, որ պետպատվերի մերժումը դեռ 2019 թվականի դեկտեմբերի 15-ից, ու չեղավ կառավարության որոշումը որպես իրավական մի փաստաթուղթ, որի հիման վրա նախկին տնօրենը կարող էր ծանուցել աշխատակիցներին ազատման մասին երկու ամիս առաջ: Այսինքն՝ աշխատողները գալիս են գործի, բայց պետությունը գումար չի տրամադրել, իրենք նաեւ ազատված չեն աշխատանքից, որ չգան:

-Եթե բաժանմունքը վերափոխել եք, այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը լուծարում բաժանմունքը:

-Թիվ 1 պատճառը, թե ինչու է փակվում մեր բաժանմունքը, մեր ծննդատունը չի ապահովում 150 ծնունդ: Ամենակարեւոր հարցը ծնունդների հարցն է: Բայց մերոնք անցյալ տարի ունեցել են 127 ծնունդ, այսինքն՝ չի հասել այդ նշաձողին: Բայց բաժանմունքը լավ, նորմալ, թթվածնով հագեցած է, ջեռուցվում է, ապահովված է սառը, տաք ջրով: Մի խոսքով, մենք եկանք հասանք տարվա 11-րդ ամսին, բայց դեռ մեր խնդիրը քննարկվում է, լուծում չի գտնվել: Այս մարդիկ աշխատավարձ են ուզում, իսկ ես չունեմ աշխատավարձ տալու:

-Քանի՞ աշխատող է գործազուրկ դառնալու:

-Խոսքը 13 աշխատողի մասին է: Մենք բոլորս պայքարում էինք 11 ամիս, որ գործի մեր ծննդաբերական բաժանմունքը, որովհետեւ տարածաշրջանի ազգաբնակչությունը սոցիալապես անապահով է, կարելի է ասել, 90 տոկոսը, եւ հնարավորություններ չունեն նմանատիպ այլ հիմնարկներ գնալու, այսինքն՝ դա լրացուցիչ ֆինանսական բեռ է: Բոլորին եմ դիմել, տարբեր կառույցներին, բայց տարին ավարտվում է, իսկ մեր հարցը այդպես էլ լուծում չի ստանում, ու ինձանից իմ աշխատակիցներն ամեն օր աշխատավարձ են ուզում: Ասում եմ՝ խնդրում եմ, համբերե՛ք: Նույնիսկ գալիս ասում են՝ դիմում ենք գրում, ազատվենք, բայց ես ասում եմ՝ չեմ կարող ազատել, որովհետեւ ես չգիտեմ՝ ոնց պետք է վարձատրեմ, ում աշխատավարձը տամ իրենց: Խոսքը մոտ 15 մլն դրամի մասին է: Մարդիկ եկել են աշխատանքի, իրենց չի ծանուցվել աշխատանքի ազատման մասին: Ես իրավական հիմք չեմ տիրապետում, եթե ես չունեմ, մարդուն ազատեմ աշխատանքից մյուս օրը դատարանում եմ հայտնվելու, ինձ հարցնելու են,՝ որ իրավական հիմքով եք ազատել:

-Տիկի՛ն Հովսեփյան, կնշե՞ք՝ այս տարի քանի ծնունդ է ընդունել բաժանմունքը: 

-Մեզ թույլ չեն տվել ընդունել, բայց հունվար ամսին ընդունել էին 6 ծնունդ, ու այդ ցույցերի ընթացքում նախարարությունից եկել ասել էին, որ կստանաք այդ 6 ծնունդի գումարը, իրենք ստացան, չհաշված որ ազգաբնակչությունը դրամագլուխ էր հավաքել, ես այդ բոլորը գումարեցի իրար եւ հունվար ամսվա աշխատավարձը տվեցի, այսպես ասած: Դրանից հետո մեզ չեն թողել ծնունդ ունենանք, բայց մենք «էքստրենի» 37 ծնունդ ենք ունեցել, որոնք բացատրագրերով, ոստիկան հրավիրելով բոլորը արձանագրել ենք: Մարդը դիմել է, այսինքն՝ տեսնում են, որ բաժանմունքի լույսերը վառվում են, իրենց հետաքրքիր չէ՝ պետպատվեր է մերժվել, գալիս են ու ինձ ասում՝ բժշկուհի՛ ջան, ծնունդ է եկել, ասում եմ՝ ընդունեք, ի՞նչ պետք է անեք, ու բացատրագիր վերցրեք, ոստիկանին կանչեք, թող արձանագրի: Ես էդ վիճակում այդ ծնունդին ո՞ւր ուղարկեմ, դնեմ շտապօգնության մեքենայով ուղարկե՞մ, բա որ ճանապարհին բան լինի, ո՞վ պատասխան կտա նորածնի ու ծննդկանի համար: Բայց, փառք Աստծո, 37 ծնունդն էլ ողջ-առողջ են, ունեն ծննդյան վկայականներ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՕԲՅԵԿՏԻՎ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաեւ դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության եւ գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ս.թ. սեպտեմբերի 27-ից սկսած, խոշոր առեւտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երեւան Սիթի», «Նոր Զովք» առեւտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում՝ շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։

 

Մշտադիտարկումների ընթացքում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտման, ինչպես նաեւ այդ թանկացումների հիմնավորվածությունը պարզելու եւ գնահատելու նպատակով հանձնաժողովի կողմից իրականացվել է բազմակողմանի ուսումնասիրություն, միաժամանակ ուսումնասիրվել է նաեւ այդ ապրանքատեսակների միջազգային գների դինամիկան: Հանձնաժողովի  կողմից դիտարկվել են նշված ապրանքների մանրածախ իրացման գները, համադրվել են նախորդ օրվա տվյալների հետ, եւ գնային բարձրացումներ արձանագրվելու դեպքում առանձին ապրանքատեսակների գծով իրականացվել են ուսումնասիրություններ։ Բացի այդ, հանձնաժողովը դիմել է ներմուծում եւ արտադրություն իրականացնող շուրջ 32 խոշոր ընկերությունների, ամենօրյա կտրվածքով հավաքագրել է շուրջ 20 ապրանքային խմբի (ներառում է 129 ապրանքատեսակ) մեծածախ իրացման գների եւ պաշարների մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն: Գնային բարձրացումներ հայտնաբերելու դեպքում իրականացվել են մանրամասն ուսումնասիրություններ, օպերատիվ կարգով տնտեսվարող սուբյեկտներից պահանջվել են հիմնավորումներ եւ բացատրություններ, իրականացվել են համապատասխան հաշվարկներ, անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի դիտանցում։ Հանձնաժողովը մշտադիտարկումների արդյունքում մասնավորապես  արձանագրել էր, որ որոշ խոշոր առեւտրային  ցանցերին պատկանող առեւտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով (չփաթեթավորված) իրացվող շաքարավազի իրացման գնի բարձրացում 6-7 %-ով, կիլոգրամով իրացվող «Նոր Զելանդական» եւ «Անքոր» տեսակների կարագի իրացման գնի բարձրացում՝ մինչեւ 1%, արեւածաղկի եւ եգիպտացորենի ձեթերի որոշակի տեսակների գների բարձրացում՝ 2-7 %-ով։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքների իրացման գների բարձրացումն առավելապես պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով՝ ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ, միջազգային գների բարձրացմամբ եւ այլն:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին մեծ թափով կատարվել է  միջպետական, միջհամայնքային եւ համայնքային նշանակության ավտոճանապարհների կառուցապատում։  Ճանապարհաշինության ոլորտի մասնագետները իրենց անունը չհրապարակելու պայմանով հայտնել են, որ այդ ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր,  նախագծանախահաշվային փաստաթղթերով   ճանապարհների  կառուցապատման համար  մեծ գումար է նշվում, սակայն մրցույթի արդյունքում զգալի չափով քիչ  գումարի առաջարկով  են  մրցույթը շահում։ Դա նշանակում է , որ կա՛մ  ծրագրի  նախահաշիվն  է ուռճացված, կա՛մ ծրագիրն իրականացվում է թերություններով, ոչ  ամբողջական։ Այդ  մասնագետները հայտնեցին, որ  նախկինում  Լինսի հիմնադրամի «Ճանապահաշինություն» ծրագրի ղեկավար էդուարդ Բեզոյանը ունի  նախագծային ընկերություն, լաբորատորիա  եւ  ճանապարհաշինական  ընկերություն, սակայն  նրա նախագծային ընկերությունը իրավաբանորեն գրանցված է  այլ մարդու անունով։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին գրավոր հարցում եմ արել՝ հարցնելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար -Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասի երկու հատվածներում ճանապարհի վերափոխման աշխատանքների համար  նախագծով   նախատեսված աշխատանքները՝  հողի շերտի պայթեցումներից պաշտպանիչ թիթեղյա ծածկը կառուցվել է, հողի շերտի քանի պայթեցում է կատարվել, որ կազմակերպությունն է  կատարել ճանապարհի վերափոխման նախագծանախահաշվային աշխատանքները։

2020թ. նոյեմբերի 11-ին  վերոհիշյալ նախարարությունից ստացված պատասխանում նշված է, որ  տվյալ  ավտոճանապարհի նախագծանախահաշվային աշխատանքները կատարել է «Ճաննախագիծ» ՍՊԸ  ինստիտուտը, շինարարական աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան, եւ ճանապարհն ընդունվել է շահագործման։ Նախարարության պատասխանի մեջ իմ կոնկրետ հարցապնդումներին պատասխանններ չկան, չի նշված, որ նախագծով նախատեսված  թիթեղյա ծածկը չի կառուցվել, հողի շերտի  նախատեսված 2 պայթյունի փոխարեն մեկն է  իրականացվել:

Այդ ճանապարհի կառուցապատման  նախագծանախահաշվային փաստաթղթերով ծրագրի արժեքը կազմել է 400 միլիոն դրամ, իսկ Է. Բեզոյանին պատկանող «Ճանապարհ» ընկերությունը մրցույթում հաղթել է  զգալի չափով  ցածր՝ 301 միլիոն դրամ առաջարկով։ Վերոհիշյալ  հարցման մեջ խնդրել էի հայտնել այն ընկերությունների անունները, որոնք  2018-2020թթ. նախարարության կողմից տույժի  են ենթարկվել ճանապարհաշինական չափանիշների խախտումների համար։ Նախարարությունից հայտնել են, որ  «Ճանապարհ» ընկերությունը 2018թ. տույժի է  ենթարկվել 2 միլիոն 870 հազար 85 դրամի չափով, իսկ 2020թ՝  86 հազար 45 դրամով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս