Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվել եւ հրատապ կերպով խորհրդարան է ուղարկվել Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը: Որն է այս նախագծի հրատապությունը, ինչու է ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրում Բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումն այսքան հրատապ դիտարկվել:
Բայց մինչ իրավական դետալների մեջ խորանալը, տեղեկացնենք, որ Հայաստանում գործում է 24 պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցից 5 բուհեր մնացել են առանց ռեկտորների: Այդ բուհերից բոլորը չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսը չունեն անգամ ձեւավորված հոգաբարձուների խորհուրդ: Այդ առումով ամենամտահոգիչ իրավիճակում Երեւանի պետական համալսարանն է, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում խնդիրը կարգավորել եւ շարունակում է ղեկավարվել ռեկտորի պաշտոնակատարի կողմից՝ չունենալով նաեւ գիտական խորհուրդ:
Ռեկտորի պաշտոնակատարներով են շարունակում իրենց գործունեությունը նաեւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը (պաշտոնակատար Դավիթ Խիթարյան), Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյան): Նույն իրավիճակն է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ արդեն մեկ տարի է՝ ռեկտորի պաշտոնակատար է Եղիազար Վարդանյանը: Ռեկտոր չունեցող մյուս բուհն է Պոլիտեխնիկական համալսարանը, իսկ տնտեսագիտական համալսարանի պարագայում էլ մի կերպ կարողացան կարողացան Դիանա Գալոյանին ռեկտոր ընտրել:
Հիմա փորձենք հասկանալ առանց ղեկավար մնացած բուհերի գործունեության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ Կառավարության կողմից հրատապ ճանաչված օրենքի նախագիծը.
Նախագծի անցումային դրույթներում կարդում ենք. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ այդ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»:
Հիմա փորձենք վերլուծել այս նախագծի վտանգները, անօրինականությունն ու հրատապի անվան տակ այլ՝ քաղաքական խնդիր լուծելու միտումը:
Առաջին հերթին պետք է արձանագրենք, որ եթե այս օրենքով նպատակ է դրված առանց ռեկտոր տարիներով մնացած բուհ-երում ռեկտորի առկայություն ապահովելը, ապա ինչու է դա արվում ոչ թե 1 տարով՝ անցումային ռեկտոր ունենալու խնդիրը լուծելու համար, այլ 5 տարով: Այդպես, ըստ էության, ռեկտորի պաշտոնավարման մի ողջ ժամկետ է տրվում նախարարի կողմից նշանակված անձին:
Երկրորդ՝ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Հետեւաբար, եթե որեւէ նախարար նշանակի որեւէ բուհ-ում ռեկտորի, չի կարող դա անել առանց թիմի անդամների հետ խորհրդակցելու, ասել է թե՝ քաղաքական շահագրգռվածության: Հետեւաբար՝ նախարարը չի կարող ապաքաղաքական որոշումներ կայացնել եւ ռեկտոր նշանակել ոչ թե թիմի շահերից ելնելով, այլ իսկապես բուհ-ը կառավարման հանձնել անկախ, գիտակ մարդկանց: Աներկբա է, որ այս օրենքով փաստացի ապաքաղաքական բուհերին զրկում են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից՝ այն վերապահելով քաղաքական պաշտոնյա նախարարին:
Երրորդ՝ ինչու է այս նախագիծը կառավարությունը հրատապ ճանաչել եւ ուղարկել խորհրդարան: Որքանով է ռազմական դրության պայմաններում այսպիսի նախագծի ընդունումն ու քննարկումն հրատապ, կարեւոր. այն պարագայում, երբ այս նախագծի քննարկումները երկար ժամանակ շարունակվում էին եւ ամենեւին այս պահն նախագծի ընդունումը հրատապ չէր:
Եւ վերջապես՝ չորրորդ. այս փոփոխությունը հակասահմանադրական է. Սահմանադրության 38 -րդ հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը հստակ սահմանում է «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը,,: Ակնհայտ է, որ օրենքի ընդունումից հետո ինքնակառավարման եւ ակադեմիական ազատության մասին պետք է իսպառ մոռանալ:
Ինչպես նշեցինք՝ այս նախագծի քննարկումները շարունակում են գրեթե երկու տարի: Եվ ուշագրավ է, որ օրենքում վերը նշված դրույթը վերջին պահին է ավելացվել եւ անգամ ոլորտի ներկայացուցիչները, ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ հանրային քննարկմանը մասնակցած անձինք կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները տեղյակ չեն եղել այդ դրույթի ավելացման, առավել եւս կառավարության կողմից նախագիծը հրատապ ճանաչելու որոշման մասին: Ընդ որում, նույնիսկ ԱԺ մասնագիտական հանձնաժողովի անդամ պատգամավորները ArmLur.am.-ի հետ մասնավոր զրույցներում նկատում էին, որ վաղուց այս հարցով որեւէ քննարկում չի եղել եւ զարմանք արտահայտում, ինչու է հիմա հրատապ դարձել խնդիրը:
Ի վերջո, ինչպես է այս ամենին արձագանքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, թե ինքը չի զբաղվում այս ոլորտով: Տեղեկացրեց, որ ոլորտը վերահսկող փոխնախարարի հաստիքն էլ դեռ թափուր է, քանի որ նախկինում այդ հարցերի կարգավորմամբ զբաղվում էր Գրիշա Թամրազյանը, որը աշխատանքից ազատվելու դիմում գրեց, հեռացավ: Իսկ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքսեթյանն էլ հորդորեց հարցը գրավոր ուղարկել՝ խոստանալով կարճ ժամանակում պատասխանել հարցերին: Իհարկե, ուղարկել ենք: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Բայց առաջին տպավորությամբ՝ անգամ ԿԳՄՍ նախարարությունում կարծես թե այս հարցը հրատապ չի համարվում:
Իսկ ի՞նչ տեսակետ ունի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. ArmLur.am -ը տեղեկացավ, որ այս պահին ՄԻՊ գրասենյակում քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։
Մանրամասները՝ տեսանյութում: