«ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՍԵՑԻՆ, ՄԻՆՉԵՎ ՇՈՒՇԻՆ ԸՆԿՆԻ». ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՄՐՈ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուրաքանչյուր հայի համար Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագիրն անընդունելի է, բայց դա չի նշանակում, որ ես չէի ցանկանա, որ պատերազմը ավարտվեր. խոսքս ամենեւին էլ դրա մասին չէ, իսկ այդ համաձայնագիրը  ոչ մի պարագայում չի կարող հայի համար ընդունելի լինել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն):

 

«Ես իմ իմացածով, իմ տեսածով, իմ տրամաբանությամբ կարող եմ ասել, որ միգուցե ավելի շուտ կարող էր հարցը լուծել, ոչ թե հասցնել նրան, որ վերջին պահին Շուշին ընկնի իրենց ձեռքը, նոր համաձայանագրի կամ չգիտեմ ինչի մասին սկսեն մտածել, միգուցե կարելի էր մինչեւ պատերազմը նստել բանակցային սեղանի շուրջ կամ պատերազմի առաջին օրերին կարելի էր ինչ-որ մի բան անել: Ես շատ եմ լսել այն մասին, որ դա հնարավոր էր. ինչո՞ւ պետք է 44-րդ օրը միայն  կանգնեցնեինք պատերազմը: Այն, որ նշում է, թե անհավասարության խնդիր կար մեր բանակի եւ թշնամու միջեւ, արդյոք դրա մասին վերջին պահի՞ն նոր գիտակցեցինք կամ մտածեցինք: Եթե ես սովորական քաղաքացի եմ եւ կարող եմ վերջում իմանալ, որ այդ հավասարությունը չկա, ապա մեր պատասխանատուները ինչո՞ւ չեն մինչեւ այսօր իմացել, որ կռիվն անհավասար է: Այս տրամաբանությունը միայն տանել մի ուղղությամբ, ես չեմ կարծում, որ ճիշտ է»,- այս մասին մեզ հետ զրույցում նշում է Մրոն:

Մեր զրուցակցի դիրքորոշմամբ՝ նման համաձայնագրից հետո քաղաքացիների ընդվզումն ու բողոքի ալիքը բնական է, եւ դա նրանց իրավունքն է:

«Ես կապ չունեմ որեւէ կուսակցության հետ, բայց ես կարծում եմ, որ բնական է, որ նման համաձայնագրից հետո բողոքի ալիք պետք է բարձրանար, եւ դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է,  հատկապես այս հարցը, որը սովորական հարց չէ, քանի որ սա մեր հայրենիքի անվտանգության, կորստի հարցն է: Իմ դիրքորոշումը կապ չունի որեւէ կուսակցության կամ իշխանության հետ»,- ընդգծում է նա:

ՀՀ վաստակավոր արտիստի խոսքով՝ հայտնի համաձայնագրից հետո գերագույն գլխավոր հրամանատարը, այդ թվում նաեւ՝ պաշտպանության նախարարն ու Արցախի Հանրապետության նախագահը պետք է ինքնակամ հրաժարական ներկայացնեին:

«Մենք այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի մեջ, որն աննախադեպ է, երբեք նման բան չի եղել: Քաղաքական իշխանությունը պետք է մտածի, միգուցե նոր բանակցություններ լինեն… Ես չեմ հասկանում՝ ինչու ենք Մեղրիով իրենց ճանապարհ տալիս: Դա Հայաստանի Հանրապետության վարչական տարածքն է, ինչո՞ւ ենք տալիս: Շատ հարցեր կան, որոնք կարելի է քննարկել Ռուսաստանի հետ, նրա հետ մեր հարաբերությունները լավացնել: Առաջին օրվանից երեւում էր, որ  որոշումը պետք է Ռուսաստանը կայացներ, այո՛, մենք պարտվել ենք, եւ բնական է, որ ինչ-որ տարածքներ պետք է զիջենք, բայց ինչո՞ւ ենք մտածում, որ անպայման նոր պատերազմ ենք ուզում»,- հավելում է մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը բաց նամակ է հղել հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու հարցով։ Այն հրապարակվել է թատրոնի Facebook-յան էջում։

 

«Թանկագի՛ն ընկերներ, բարեկամներ, աշխարհի բարեգո՛ւթ մարդիկ, այս օրերին իմ եւ հայազգի հազարավոր արտիստներին խորապես մտատանջում է պատերազմի հետեւանքով Ադրբեջանում անմարդկային վիճակում հայտնված ազգությամբ հայ ռազմագերիների ճակատագիրը։ Նրանց վիճակն օրհասական է, եւ մենք ժամ առաջ պետք է ազատենք մեր զավակներին այդ ստրկական պայմաններից։

Դիմում եմ քաղաքակիրթ աշխարհին, մտավորականներին, արվեստագետներին մեզ հետ միասին այս ծայրահեղ դժվար պահին աջակցելու, նպաստելու, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է ունենում հայ ռազմագերիների նկատմամբ, վերջ ունենա։ Գործենք այն գիտակցությամբ, որ նրանցից յուրաքանչյուրը մեր զավակն է, մեր ընտանիքի անդամը։ Մեր ամենօրյա գործով եւ աղոթքներով նպաստենք, որպեսզի Ադրբեջանում տանջանքների ենթարկվող հայ ռազմագերիները շուտափույթ փրկության արժանանան։ Դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, որպեսզի գործադրեն բոլոր ջանքերը հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Ամենքս անենք մեր մարդասիրական քայլը, կյանքեր փրկենք մեր գործով»,- ասված է նամակում։

 

 

ԽՈՍԵԼ Է ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻՑ

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Բավարիայի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին:  «1 պարտությունից եւ 2 ոչ-ոքիից հետո մենք պարտավոր ենք հաղթել «Բավարիային»: «Աթլետիկոն» ամեն գնով պետք է 3 միավոր վաստակի այս խաղում: Ինձ նաեւ մտահոգում է, թե ինչ հաշվով կավարտվի խմբի մյուս հանդիպումը, որից եւս շատ բան է կախված»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

 

 

ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ

Միլանի «Ինտերի» եւ Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը չի վերադառնա Լոնդոնի «Տոտենհեմ»։ 28-ամյա Էրիկսենի՝ «Տոտենհեմ» վերադարձին դեմ է արտահայտվել լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը դժգոհ է Էրիկսենի խաղից եւ փոխարինող է փնտրում 28-ամյա Էրիկսենին: «Ինտերն» Էրիկսենի հրաժարագինը սահմանել է 30 միլիոն եվրո: Կրիստիան Էրիկսենը «Տոտենհեմում» հանդես է եկել 2013 թվականից, իսկ 2020 թվականի ձմռանը տեղափոխվել է «Ինտեր»:

 

 

ՈՉ-ՈՔԻ

Հայաստանի առաջնության 14-րդ տուրում Երեւանի «Նոան» ընդունել էր «Ուրարտուին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Նոայի» կազմից գոլի հեղինակ դարձավ Մակսիմ Մայրովիչը, իսկ «Ուրարտուի» միակ գոլը խփեց Եվգենի Կոբզարը: Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ուրարտուն» 15 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Նոան» ունի 13 միավոր եւ 5-րդ տեղում է:

 




Լրահոս