«Հրապարակ» թերթը գրում է. «Բժշկական շրջանակներում քանի օր է՝ սկանդալային լուր է շրջանառվում, թե «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեններից մեկը «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ է կատարել՝ օգտվելով հիվանդանոցի դրամարկղից, եւ մեծ գումարներ է տանուլ տվել՝ 1 մլրդ դրամից ավելի:
Արդյունքում հիվանդանոցի աշխատողները չեն կարողանում աշխատավարձ ստանալ: Այժմ ԱԱԾ-ում գործ է քննվում: ԱԱԾ-ից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին նշված լուրը: Առողջապահության նախարարի խոսնակը եւս չմեկնաբանեց:
«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակն ասաց, թե նշված անձը բարեխղճորեն գալիս է աշխատանքի, պարտաճանաչ կատարում իր ծառայողական պարտականությունները, համենայնդեպս, կոլեկտիվին «Տոտոյում» տանուլ տված գումարների մասին ոչինչ հայտնի չէ:
«Չեմ պատկերացնում, որ նա կարողանա նման բան արած լինել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը եւ ավելացրեց, որ իր աշխատավարձն արդեն ստացել է: Առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին:
Բայց համակարգում լուրը բուռն քննարկում են եւ պնդում, որ այն համապատասխանում է իրականությանը, եւ շուտով դրա «ձայնը կլսվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։