«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կեսօրից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։
Իշխանությունը, պարզվում է, լրջորեն պատրաստվել էր այդ ակցիաներին․ ոստիկանական մեծաթիվ զորքերից բացի, ջարդարար բրիգադներ էին հանվել, որոնք ֆիզիկական բռնության միջոցով ցրում էին ցուցարարներին։
Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երեւան-Երասխ միջպետական մայրուղին բացելու հոգսն իր վրա էր վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրը՝ գործարար Ռազմիկ Թեւոնյանը։ Նա եւ իր հրոսակախումբը, բառի բուն իմաստով, անցել էին ձեռնամարտի, որ բացեն փակված ճանապարհը։
Հիշեցնենք, որ Թեւոնյանը հայտնի ճամբարափոխ է․ տարիներ առաջ նա լեւոնական շրջանակների սիրելին էր, 2012-ին ՀԱԿ մեծամասնական ցուցակում էր, 2017-ի ընտրություններում Ռ․ Թեւոնյանն Արարատում «Ելք»-ից էր առաջադրվել, իսկ 2018-ին որդին հայտնվեց «Իմ քայլում»։
Մեզ ասացին, որ Թեւոնյանի երեկվա ծառայություններն անհատույց չեն մնա․ նա Արարատի մարզպետի թեկնածուն է։ Գարիկ Սարգսյանին Փաշինյանը վաղուց էր ուզում պաշտոնանկ անել։ Երեկ Թեւոնյանն իր նշանակման մասին հարցին չպատասխանեց, բայց չհերքեց, որ անձամբ է ցույցը ցրել։
«Այսինքն՝ ո՞րն ա բռնությունը»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա, ապա զարմացավ՝ հո չէի՞ թողնելու միջպետական ճանապարհը փակ մնար։ Հարցրինք՝ 2018-ին, երբ իշխանության համար պայքար էր գնում, կարելի էր մայրուղին փակել, հիմա՝ ո՞չ։ «Այսինքն՝ ո՞նց․․․ էս երկրում հլա պատերազմը չի վերջացել, ես բան չանեի, հա՞»։ Երբ խնդրեցինք ասել, թե որտեղ է պատերազմ գնում, ասաց․ «Եկեք չասեմ, հա՞, ինձ թվում է՝ մենք ուրիշ ձեւ ենք մտածում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։