ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանելու դեպքով իրավապահ համակարգում նախնական մեկ վարկած է քննվում։ Իրավապահ համակարգից մեզ հայտնում են, որ, ըստ նախնական վարկածի, խնդիրը եղել է ատամնաբույժի երիտասարդ դստեր հարցի հետ կապված։ Երիտասարդները հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ անելու։ Արդյունքում խոսակցությունը թեժացել է ու ճակատագրական դարձել բժշկի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մրգաշենում՝ իր տան մոտ, դանակահարվել է գյուղի ատամնաբույժ Արթուր Ավագյանը։
ՆԳՆ-ը հայտնել էր, որ ժամը 12:00-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, ըստ որի՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Գյուղի վարչական շրջանի ղեկավար Սիրեկան Հարությունյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ սպանվածը՝ ծնված 1974 թվականին, ամուսնացած էր և երեք անչափահաս երեխաների հայր։ Նրա խոսքով՝ Ավագյանը եղել է գյուղի ատամնաբույժը և միաժամանակ զբաղվել է նաև մեղվաբուծությամբ։
Դեպքի պահին կինը տանն է եղել։ Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ նա շոկային վիճակում է և հակասական տվյալներ է ներկայացրել դեպքի մասին։ Տնից դուրս գալուց մոտ 5–10 րոպե անց շունը նրա ոտնամանը ներս է բերել։ Դրանից հետո ընտանիքի անդամները կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ, դուրս են եկել և հայտնաբերել ատամնաբույժին՝ գետնին ընկած։
Քնար Մանուկյան





























