ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՊԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ հանդիպումների մեջ է եղել: Նախ՝ շաբաթ երեկոյան նա կառավարական իր առանձնատանը հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից իր մտերիմներին, մի քանի ժամ քննարկում ունեցել: Իսկ արդեն կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետը ՀՀ  անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց:  Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:  Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա ներկայացրել է այն իրավիճակը, որ եղել է Հադրութի շրջանում, եւ խոսել սպասվող զարգացումների մասին: «Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, հենց այս հատվածին է վերաբերում», – ասել է նա: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԽ նիստի փակ հատվածում տեղի ունեցած քննարկումներից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ժամանակ խոսվել է նաեւ Մեղրիի մասին, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ պետք է տարածք հանձնենք նաեւ Մեղրիից: Սակայն Փաշինյանը հերքել է եւ ասել, որ Ադրբեջանն է սրում իրավիճակը, հրահրում, եւ իրենք պատրաստ են, անգամ դիմել են ՀԱՊԿ-ին եւ ասել՝ եթե հարձակում լինի, պետք է պաշտպանեն Հայաստանին: Այսինքն՝ այս անգամ Հայաստանը նախապես է պատրաստվում հնարավոր սահմանային ոտնձգություններին։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին Երեւանի ավագանին նիստ է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը քաղաքային իշխանությունները նպատակ ունեն քննարկելու Երեւանի քաղաքապետարանի 2021 թվականի բյուջեի նախագիծը, ավագանու անդամներին ներկայացնել երկու բյուջեի տարբերակ: Առաջին տարբերակի բյուջեում ներառված են պարգեւավճարի համար նախատեսված գումարներ, իսկ երկրորդում այդ պարգեւավճարները չկան: Առաջարկվել է ավագանու անդամներին հանձնաժողովներում քննարկել ու որոշում կայացնել, թե որ տարբերակն է բոլորի համար ընդունելի: Բանն այն է, որ եթե Երեւանի ավագանու ընդդիմության հատվածը հաստատի, որ առաջին տարբերակն է, այսինքն՝ պարգեւավճարնորվ բյուջեն է ընդունելի, ապա քաղաքային իշխանությունները պարսավանքի ենթարկվելիս կհայտարարեն, որ դա եղել է նաեւ ընդդիմության որոշումը: Դրա համար էլ, ըստ մեր տեղեկությունների, Երեւանի ավագանու ընդդիմադիր ուժերը քննարկում են, թե ինչպես պետք է վարվեն: Նույնիսկ քննարկվում է բոյկոտ հայտարարել ու ընդհանրապես չմասնակցել բյուջեի քննարկումներին ու հաստատմանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի օգոստոսի 8-ին կառավարության նիստում ընդունված 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւի, չափի, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձեւի, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաեւ դիմումի քննարկման եւ աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին նախագծի ընդունումից հետո եղել են անձինք, որոնք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին են դիմել եւ ներկայացրել այնպիսի հիմնավոր փաստաթղթեր, թե, իբր, իրենք մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժել են եւ կորցրել են առողջությունը՝ այդկերպ ցանկանալով կառավարությունից ստանալ 15 միլիոն դրամ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ Ռուզաննա Ազրոյանը 2019 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՀՔԾ պետին դիմում է 15.000.000 ՀՀ դրամ ստանալու համար: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Ռուզաննա Ազրոյանի մոտ ախտորոշված հիվանդության պատճառահետեւանքային կապի վերաբերյալ վերը նշված ձեռագիր գրառումները բացակայել են: Այս արարքի համար վերոնշյալ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-178 հոդվածներով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում  անօրինական հրամաններ կատարել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել դատախազների հայտարարության տեքստը: Ստորեւ ներկայացնում ենք դատախազների հայտարարությունից մի հատված. «Ստեղծված օրհասական պայմաններում դատախազները չեն կարող անմասն մնալ կատարվող իրադարձություններին: Մենք մշտապես առաջնորդվել ենք օրենսդրական այն պահանջով, որ դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն: Սակայն այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր դրսեւորել քաղաքական զսպվածություն, երբ բարձրաստիճան մի խումբ քաղաքական գործիչների «քաղաքականության» արդյունքում հայրենիքի մի մաս ենք կորցրել: Եվ ինչպե՞ս պահպանել քաղաքական չեզոքություն, երբ չեզոք լինելը նշանակում է համակերպվել այս իրողության հետ եւ հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը: Մեծ պատիվ կհամարենք վերադառնալ դատախազության համակարգ շարունակելու մեր ծառայությունը հանուն մեր հայրենիքի այն դեպքում, երբ ներկա իշխանությունները կհեռանան, ու նրանց փոխարեն երկրի կառավարման ղեկը կստանձնի հայրենասեր, պրոֆեսիոնալ եւ համազգային շահերով մտահոգ իշխանություն»:




Լրահոս