
Կոտայքի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները Covid-անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ պահպանում են առանց թերացումների: Այս մասին տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը(ԱԱՏՄ):
Դիտարկման տիրույթում եղել են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը։ Արձանագրվել են որոշ թերություններ. մարզպետարանում, մասնավորապես, ջերմաչափումը երկուսի փոխարեն օրական մեկ անգամ է իրականացվել:
Ստուգայցեր են ընթացել նաև միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտում, մանրամեծածախ առևտրի կետերում: Հանձնարարական է տրվել առաջնորդվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված նորմերով:
ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցին զուգահեռ շարունակել են իրազեկման միջոցառումները, ինչպես նաև իրազեկման թերթիկներ են փակցրել հաստատություններում և ուղևորատար տրանսպորտում: