«ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ «ԲՈՅ Ա ՏՎԵԼ»». ԶԻՆՎՈՐԸ ԶՈՀՎԵՑ ՀԵՆՑ ՄԱՅՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հերոսաբար զոհվել է ժամկետային  զինծառայող Մհեր Ղուկասյանը: Մհերը 10 տարեկան էր, երբ կորցրեց ամենաթանկին՝ մայրիկին, եւ ճակատագրի հեգնանքով իր մայրիկի մահվան 10-րդ տարելիցին մահացավ նաեւ ինքը:

 

Մհերը ծառայությունն անցկացրել է Ջաբրայիլում, ծառայում էր մեծ հպարտությամբ եւ կարգապահությամբ:

ArmLur.am-ը Մհերի հերոսական կերպարի մասին զրուցել է Մհերի եղբոր կնոջ՝ Լիլիթի հետ:

«Մհերը բանակ է զորակոչվել 2018 թվականի հունվարին: Տասը տարեկան էր, երբ մայրը ծանր հիվանդությունից մահացավ: Մհերն ապրել է  եղբայրների, հոր, հարսի հետ: Ես չորս տարի է, ինչ հարս եմ եկել, իսկ մինչ այդ ապրել է մեծ եղբոր ընտանիքի հետ: Մեր հերոսը բնավորությամբ աշխույժ, մարդամոտ, ընկերասեր, միեւնույն ժամանակ շատ համեստ տղա էր: Չեմ կարողանում, չի ստացվում իր մասին անցյալ ժամանակով խոսել…: Մենք Մհերին որպես տեգր չենք սիրել, այլ որպես փոքր եղբայր: Երբեք նեղություն չի տվել, երբեք իր բերանից վատ խոսք, վատ պահվածք չենք լսել, չենք տեսել, չգիտեմ…: Մհերը պետք է երկու ամսից տուն գար, բայց սկսվեց չարաբաստիկ  պատերազմը, եւ նա զոհվեց: Պատերազմի օրերին գրեթե ամեն օր խոսել ենք իր հետ, միշտ ասում էր՝ ամեն ինչ մեր մոտ շատ լավ է, երբեք տագնապ, բացասական որեւէ բան մոտը խոսելու ընթացքում չենք նկատել: Մեր փոխարեն միշտ ինքն էր հույսեր տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելուն  ենք, չմտածենք: Ոչ մի անգամ չբողոքեց, չտրտնջաց, այլ, ընդհակառակը, ինքն էր մեզ հույս ու «դուխ» տալիս, գետեպնդում»,-պատմում է մեր զրուցակիցը:

Հերոս Մհերը պատերազմի սկզբնական օրերին կռվել է Ջաբրայիլում, ապա տեղափոխվել է Հադրութ, մասնակցել է Հադրութի թեժ մարտերին:

«Պատմում էր, թե ինչպես են քնած ժամանակ իմացել, որ պատերազմ է սկսվել: Տագնապի ձայնից արթնացել են, շտապ պատրաստվել են եւ բարձրացել դիրքերը: Ասում էր՝ մի սապոգը հագած վազում էինք, չէին հասցնում երկրորդը հագնել…: Հետո իրեն տեղափոխել են Հադրութ, մասնակցել է Հադրութի թեժ մարտերին, հետո իրենց գնդով ընկել են շրջափակման մեջ, մի կերպ շրջափակումից դուրս են եկել, տարել են իրենց Գորիս, Գորիսից հետո էլի տարել են առաջնագիծ, բայց այլեւս չենք իմացել, իսկ թե որտեղ է, ինքն էլ իր տեղը չէր ասում: Մհերի հետ վերջին հեռախոսազրույցը եղել է հոկտեմբերի 28-ին: Այդ օրը բոլորիս հետ հասցրեց խոսել, ուրիշ ժամանակ չէր կարողանում խոսել: Կրկին ասում էր, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու բան չկա: Հոկտեմբերի 31-ին Մհերի մայրիկի մահվան 10-ամյակն էր, գնում էինք գերեզմաններ, համայնքապետարանից զանգեցին, ասացին, որ Մհեր Ղուկասյանը զոհվել է: Մհերը վիրավոր է եղել ոտքից…: Չգիտեմ, մենք հույս ունեինք, որ նա պետք է ապրեր, չպետք է նման բան լիներ, նա գոնե պետք է փրկվեր»,- արցունքն աչքերին՝ հավելում է Մհերի եղբոր կինը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԺԱՆՆԱ ԼԵՎԻՆԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հայտնի կատակերգու եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր հետեւորդներին կոչ է արել աջակցել հայ երեխաների համար բարեգործական ակցիային, որն իրականացնում են Disney-ն ու Mastercard-ը։

 

«Ընկերնե՛ր, բոլորդ գիտեք, որ հայ ազգն այս տարի պատերազմի միջով է անցել։ Շատ երեխաներ մնացել են առաջ ծնողների, առանց տան։ Disney-ն ու Mastercard-ը բարեգործական ակցիա են սկսել Հայաստանի երեխաների համար։ Դեկտեմբերի 24-27-ը անցկացնում ենք Disney-ի նախամանորյա կիոնհամերգներ եւ առաջարկում ենք երեխային տոմս նվիրել։ Mastercard-ը համագործակցության շրջանակներում յուրաքանչյուր գումար մեծացնում է 30 տոկոսով։ Սիրելի՛ մեծեր, եկեք այս բարդ ժամանակներում երեխաներին ամանորյա տոն նվիրենք»,- Instagram-ում գրել է Լեւինան։

Օսկարակիր անիմացիոն ֆիլմ կցուցադրվի մեծ էկրանին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ ռուս դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ, իսկ սոլո հատվածները կկատարի երգչուհի Կարինա Ադեգամովան։ Երեխաները կինոհամերգին ներկա լինելու հնարավորություն կստանան ակցիայի ընթացքում հավաքված միջոցների շնորհիվ։

 

 

ԹԵՆԻՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻՆ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի Մելբուռն քաղաքում, սակայն մրցաշարի որակավորման փուլի խաղերը կկայանան Դոհայում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է. մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի եւ ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն եւ առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը՝ «Ռոդ Լեյվեր Արենա» եւ «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ ԸՆԴՈՒՆԵՑ

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Ռեալ Սոսյեդադին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի համար 594-րդ հանդիպումն էր Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում: Այս ցուցանիշով 32-ամյա Բուսկետսն առաջ անցավ լեգենդար Կառլես Պույոլից, որը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 593 հանդիպում: Կատալոնական թիմի կազմում ամենաշատ թվով հանդիպումներ անցկացրել է իսպանացի կիսապաշտպան Չավին՝ 767 հանդիպում: Երկրորդ տեղում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 746 հանդիպումով, իսկ երրորդ տեղում՝ իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան՝ 674 հանդիպում: Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, ակումբի հիմնական թիմի կազմում հանդես է գալիս 2008 թվականից:

 




Լրահոս