ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ունենք Արցախում պատերազմից հետո․ որ տարածքներն այլեւս մերը չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նոյեմբերի 21-ի հավելվածում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։

Ըստ այդ ցանկի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների թիվը 121 է, որոնցից 52-ը Քաշաթաղի շրջանում են, 29-ը՝ Հադրութի շրջանում, 16-ը՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանում, 8-ական Մարտակերտի և Ասկերանի շրջանում, 6-ը՝ Մարտունու շրջանում և 2-ը՝ Շուշիի շրջանում։

Այս ցանկը հնարավորություն է տալիս հասկանալ, թե Արցախի որ բնակավայրերն են անցել ադրբեջանական կողմին և որոնք են մնացել հայկական վերահսկողության տակ։

Այս քարտեզում կարմիրով նշված են հայկական վերահսկողության տակ մնացած բնակավայրերի անունները, իսկ սևով՝ Ադրբեջանի կողմից գրավված կամ Ադրբեջանին հանձնված բնակավայրերը։ Մոխրագույնով են նշված դեռ առաջին պատերազմի (1991-94թթ.) ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված բնակավայրերը՝ Մարտակերտում և Շահումյանում։

 

Ադրբեջանի կողմից գրավված բնակավայրեր

Այս պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը գրավել է Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող երկու գյուղ՝ Թալիշը և Մատաղիսը։ Հադրութի շրջանում բնակվում էր մոտ 12,000 մարդ, բոլոր համայնքները անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացառությամբ երկուսի՝ Խծաբերդի և Հին Թաղերի:

Շուշիի շրջանում ադրբեջանական վերահսկողության տակ է մնում Շուշի քաղաքը և Քարին տակ գյուղը։ Ասկերանի շրջանի հարավում՝ Շուշիի և Մարտունու շրջանների միջև ընկած հատվածում, Ադրբեջանին են անցել Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ և Մոշխմհատ համայնքները։ Իսկ Մարտունու շրջանի հարավային մասում՝ Հադրութի շրջանի հարևանությամբ, հինգ գյուղ է անցել Ադրբեջանին՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն և Թաղավարդ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս