«ՀՀ-Ն ՉԷՐ ԳՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ». ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր 2010 թվականի օրենքը, որի համաձայն՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ «Դաշնակցությունը», կարելի է ասել, սահմանը գծել էին Սյունիքի մարզի հատվածում: Ի՞նչ օրենքի մասին է խոսքը,  ի՞նչ սահմանազատման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը:

 

-Վարչատարածքային բաժանման օրենքի մասին է խոսքը, որը երբեւէ որեւէ երկրում չի կարող օգտագործվել արտաքին սահմանների որոշման համար, հակառակ դեպքում ցանկացած երկիր, օրինակ, նույն Ադրբեջանը կարող էր նույն վարչատարածքային  բաժանման օրենքում գրեր, որ իր սահմանն անցնում է Սեւանի ափով: Ի՞նչ, դա նշանակում է, որ դա՞ է պետական սահմանը: Իհարկե, ոչ: Ուզում եմ որեւէ մեկը չմոռանա, որ այն տարածքները, որոնք դուրս էին Հայաստանի այն ժամանակվա սահմաններից, դրանք Արցախի սահմաններից ներս էին: Դա հենց Արցախն էր: Իսկ այսօր ընդամենը պետք է խոսք գնա սահմանազատման մասին:  Մեկ անգամ էլ կրկնեմ՝ վարչատարածքային բաժանումն ու սահմանազատումը, սկզբունքորեն, տարբեր մեխանիզմներ են ենթադրում: Եվ դա ուղղակի միջազգային պրակտիկա է: Կա՛մ այս ամենը խոսում է իր 0 գիտելիքների մասին, կա՛մ հասարակությանը մանիպուլացնում է, ինչը շատ ցավալի է:

-Պարո՛ն Հարությունյան, եթե վարչապետը հրաժարական տա, նոր բանակցող գա, արդյոք կկարողանա՞նք մենք ինչ-որ բան փոխել այն համաձայնագրի մեջ, որն արդեն ստորագրված է:

-Այս պահին որեւէ բանակցող չկա, այս պահին այդ հայտարարությունը ոչ թե փոխելու մասին է խոսքը, այլ  այն քայլերը, որոնք ենթադրում է հայտարարությունը կատարել, դրանք կատարել պատշաճ՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության իրավունքները, ոչ թե փորձել զիջել մի բան էլ ավել, քան այդ հայտարարությունը ենթադրում էր՝ անհասկանալի պայմանավորվածությունների վրա հղում կատարելով: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, դա հայտարարությամբ պայմանավորված չէ, սա պարտվողականությամբ է պայմանավորված կամ պայմանավորվածությամբ է պայմանավորված գործող իշխանության եւ Ադրբեջանի իշխանության:

-Հիմա մեր Արտաքին գործերի նախարարությունը որեւէ գործառույթ չի՞ իրականացնում բանակցելու, ինչ-որ ձեւաչափեր գտնելու:

-Դեռ մենք դրան չենք հասել, որ հայտարարության կյանքի կոչելը քննարկենք: Դեռեւս կյանքի ենք կոչում հայտարարությամբ չնախատեսված դրույթներ, որոնք բոլորն ի վնաս են Հայաստանի Հանրապետությանը:

-Այսինքն՝, կարծում եք, որ Փաշինյանի հրաժարականով մենք կկարողանանք նոր բանակցություններ, ձեւաչափեր ընտրե՞լ:

-Միջազգային հարաբերություններում կա երկու եղանակ՝ պատերազմ կամ դիվանագիտություն: Երբեւէ Հայաստանի Հանրապետությունը չէր գնում պատերազմի ճանապարհով, մենք գնում էինք դիվանագիտության ճանապարհով, սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում, պարզվում է՝ ո՛չ պատերազմ է եւ ո՛չ էլ դիվանագիտություն,   սա ընդամենը պատրություն է պարտության հետեւից: Սա չլսված նոր մոտեցում է միջազգային նոր հարաբերությունների համար: Չնախատեսված պատրություն, չգրված, չպայմանավորված: Ուղղակի զիջել, զիջել, զիջել: Իսկ հնարավո՞ր է արդյոք վերադառնալ դիվանագիտությանը: Ոչ միայն հնարավոր է, այլ առաջնահերթ է: Այն եռակողմ հայտարարությունը գրվել է, ենթադրում է հարյուրավոր էջերի մշակված փաստաթղթեր, որոնք պետք է սկսվեն մշակվել օր առաջ: Եվ այդտեղ, այո՛, շատ անելիքներ կան:

-Նաեւ ներկայիս իշխանությունը մեղադրում է նախորդներին ոչ լավ դիվանագետ լինելու, ոչ լավ բանակցություններ իրականացնելու համար: Ի՞նչ կասեք:

-Հնարավոր է միշտ ցանկացած ձախողումը համարել, որ մեղավոր են ուրիշները: Սեփական սխալները չնկատելը, թերեւս, ամենալուրջ խնդիրն է այս իշխանության: Այսինքն՝ բավական է մի սխալ անեն եւ ասեն, որ դա նախկինների սխալների պատճառով է, ինչի արդյունքում լինում է հաջորդ սխալը, ու նորից նախկիններն են, ու նորից հաջորդ սխալը: Եվ մենք սխալների շարանից չենք վերջանում, ինչո՞ւ. որոհետեւ, ըստ իրենց, դա նախկինների արդյունքն է: Բայց նախկինները թողել էին երկիրը, որն ունեցել է լուրջ դիվանագիտական հաղթանակներ տարիներ շարունակ: Այս հարցը հեշտ հարց չէր, եւ չէր ենթադրվում, որ այս հարցը կլուծվի մեկ տարվա ընթաքցում: Բայց մենք գնում էինք ոչ թե պատերազմ, այլ դեպի դիվանագիտական հագուցալուծում, ինչի մասին անգամ Ալիեւն է խոստովանել կառավարության նիստին, որը հրապարակային դարձավ, որ նա գտնվում է շատ լուրջ ճնշման տակ միջազգային հանրությունում: Այնպես որ, այսօր  մանիպուլացնելը, ստելը իշխանությունը կարգախոս է վերցրել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻՆ

Երեւանի ավագանու նիստում ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վադանյանն առաջարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը ներառել օրակարգում եւ դնել քվեարկության։

 

Նիստի սկիզբը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ անհրաժեշտ ստորագրությունները՝ ավագանու անդամների թվի 1/3-ը, չի հավաքվել, հետո դիմեց քաղաքապետարանի իրավաբանին, որն ասել է, որ այդ հարցը օրակարգում ներառել-չներառելու հոդվածն անորոշ է։

Խաժակյանի առաջարկը մերժվել է. «Պարո՛ն Սարգսյան, ես արձանագրում եմ, որ Դուք հիմա` որպես նիստը վարող, ապօրինի որոշում եք կայացնում` այն չներառելով օրակարգում: Դա Ձեր լիազորությունների վերազանցում է, որովհետեւ այդպիսի մեկնաբանությամբ ավագանու առաջարկը մերժելը չի կարող պարզապես լինել օրինական, իսկ այն կետը, որ Դուք մեջբերում եք, դա վերաբերում է արտահերթ նիստին, իսկ մենք գտնվում ենք հերթական նիստի շրջակայքում, ուստի կարծում եմ` ավելի լավ է, որ Դուք ասեք, որ քաղաքական առումով Դուք Ձեր լիազորությունները հայեցողաբար եք իրականացնում, պատրաստ եք դիմել ապօրինությունների, քանի որ դա Ձեր քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում, քան մեջբերեք արտահերթ նիստի կանոնակարգումները»:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները նիստից մեկ ժամ հետո բոյկոտել են այն, կոչ արել բոլորին միանալ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերի հայտարարած գործադուլին եւ դուրս են եկել դահլիճից։

 

 

ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ճակատեն գյուղում տիրող իրավիճակին, ասաց. «Երեկ չէ անցած օրն էի Ճակատենում, չեմ նկատել, որ խուճապ լինի, պարզապես բողոքեցին, որ կապ, հեռուստացույց չունեն, բայց խուճապ չկա: Դա ոչ էական հարց է, նույնիսկ չեմ էլ հետաքրքրվել դրանով, անտենա է էլի, ենթադրենք երկու մետր էս կողմ… Ենթադրենք մի քանի մետր կտեղափոխեն, հարցը կլուծվի: Կապի միջոց չունեն, մի քանի օրից կլինի: Ճիշտն ասած, ինձ ասացին, որ հեռուստացույց չկա, կապ չկա, մի քիչ ես զայրացա, որովհետեւ իրականում դա բողոքելու, դժգոհելու բան չի, վերջ ի վերջո պատերազմական վիճակում ենք գտնվում, հիմա մենք սահմանների ամրապնդման առաջնահերթության խնդիր ունենք, դա դժգոհելու բան չի»:

 

 

ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հսկողության հարցով կենտրոնի կառուցման մասին պայմանավորվածություններն իրականացվում են, եւ Թուրքիան Ադրբեջան 60 զինվորականի է ուղարկել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Մեր անձնակազմից 60 մարդ գտնվում է Ադրբեջանում: Կենտրոնի կառուցման բոլոր պայմանավորվածություններն իրականացվում են, մնում է լուծել կառուցման հետ կապված մի քանի հարց: Մեր մարդիկ կաշխատեն ռուսների հետ միասին: Նրանց գտնվելու ժամկետի մասին կխոսենք ռուսական կողմի հետ»,-ասել է նա:

 

 

850 ՊՐՈԹԵԶ

2020թ. հունվարից մինչեւ դեկտեմբերի 21-ը պետական հավաստագրի հիման վրա ՀՀ եւ ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին եւ ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։ Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝  վերին եւ ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ շուրջ տասնօրյա ժամկետում, որից հետո շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար կարող է դիմել իր նախընտրած կազմակերպությանը՝ անհրաժեշտ պրոթեզը ստանալու համար։ Պրոթեզավորման իրականացման գործընթացը կախված է քաղաքացու վնասվածքի վերականգնման համար պահանջվող ժամանակից:

 




Լրահոս