«ՍԱԳՈՎ ԺԱՐԻՏ ԵՆ ԿԵՐԵԼ». ԴԵՐԱՍԱՆԸ՝ 70 ՕՐ ՀԵՏՈ ԵՂԲՈՐԸ ԳՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո 6 հայ ժամկետային զինծառայողներ փրկվել են եւ դեկտեմբերի 20-ին վերադարձել հայրենիք:

 

«Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս», – կիրակի երեկոյան հայտնել է Արայիկ Հարությունյանը։

Փրկված զինվորներն են՝ Այվազյան Արսեն Կարենի, Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգիսի:

Հրաշքով փրկված 6 զինծառայողներից մեկը՝ Ռուսլան Թումանյանը, դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  պատմել է իրենց ապրումների, 70 օր անց եղբորը գտնելու, ինչպես նաեւ խոսել ենք այն մասին, թե ոնց են այսքան ժամանակ տղաները գոյատեւել եւ ողջ մնացել։

«Հիմա Արցախի ճանապարհին ենք, բոլորս միասին գնում ենք եւ անհամբեր սպասում ենք, թե երբ ենք  իրեն տեսնելու: Ռուսլանն ասում է, որ նորմալ է, կարեւորը դուխը տեղն է, հիմա շատ հարցեր չեմ կարողանում տալ, որպեսզի չծանրաբեռնեմ, բայց ասում է, որ լավ է: Հիմա բոլորին անհանգստացնող հարցերից մեկ այն է, թե ինչ եք կերել, ինչպես եք գոյատեւել այսքան ժամանակ, ոնց եք պայքարել սովի դեմ: Պատմում  է. «Դե ամենալավ բանը, որ էս 70 օրերի ընթացքում կերել ենք, եղել է  սագով ժարիտը»: Սագ են գտել, մորթել են, կարտոֆիլ են ժարիտ արել: Խառը տներով շրջել են, օր է եղել, մտել են մի տուն, պահածոները վերցրել են, դուրս են եկել, հետո էլի ման են եկել, պահածոները վերջացել են, հետ են գնացել, նորից են վերցրել: Սարերում կանսերվաներ են գտել կերել: Ախպերս անգամ այդ ընթացքում հասցրել է գիրք կարդալ»,-ուրախությամբ պատմում է դերասանը:

Վարուժանի խոսքով՝ տղաները հրաշքով է, որ գերի չեն ընկել, այնքան են մնացել տան վերնահարկում, մինչեւ ադրբեջանցիները գնացել են. «Մտել են տան առաջին հարկում, շրջել գնացել են, չեն իմացել, որ վերեւում 6 հոգի կա թաքնված: Իրենց ընկերներից Արմանը պատահական փորձել է զանգել եւ կապի է դուրս եկել: Իրականում ավելի մանրամասների չեմ տիրապետում, քանի որ ես էլ չգիտեմ: Կռվի ամբողջ ընթացքում ընդամենը զանգել է երեք անգամ, այն էլ ասել է, որ լավ է, իր հետ ամեն ինչ նորմալ է, կարեւորը՝ դուխով: Միշտ խոսել է ոգեւորությամբ եւ հաղթական տրամադրությամբ»:

Նկատենք, որ տղաներից Ռուսլան Թումանյանը եւ Արսեն Այվազյանը ծառայել են միասին նույն վաշտում՝ Ջաբրայիլում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՄԵՐԳ՝ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա բարեգործական համերգ-դրամահավաք` ի զորակցություն Արցախում ծանր վիրավորում ստացած զինծառայողների եւ նրանց ընտանիքների։

 

Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 25-ին՝ ժամը` 17:00-ին։

«Յուրաքանչյուրիս օգնությունը` մեծ, թե փոքր, կարեւոր է վիրավոր զինվորի բժշկական ծախսերը հոգալու համար»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է թանգարանը։

Բարեգործական համերգին մասնակցելու են Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներ Լարիսա Խալաթյանը, Գայանե Բաղդասարյանը,  Միլենա Բեգարյանը,  Լիանա Սիմոնյանը, Անուշ Մարտիրոսյանը,  Անահիտ Գաբրիելյանը, Քրիստինա Գրիգորյանը,  Հերմինե Գեւորգյանը, Այլին Հերոսեան եւ Աննա Գաբրիելյանը:

Գեղարվեստական ղեկավարը ՀայաստանիՀանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանն է, դաշնակահարը՝ Էլեն Կիրակոսյանը:

 

 

«ՎԵՐԱԴԱՐՁ». ՕՊԵՐԱՅԻՆ  ԹԱՏՐՈՆՈՒՄ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈ ԿԼԻՆԻ

Երկարատեւ դադարից հետո օպերային թատրոնը վերադառնում է. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, թատրոնի մեծ բեմում տեղի կունենա «Վերադարձ» խորագրով համերգային երեկոն:

Համերգին ելույթ կունենան թատրոնի մեներգիչները եւ սիմֆոնիկ նվագախումբը։

Կհնչեն Գ.Ֆ.Հենդելի, Ա. Վիվալդիի, Վ.Ա.Մոցարտի, Գ.Ֆ.Հենդելի եւ այլոց ստեղծագործությունները։

Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նաեւ Ղ.Սարյանի «Գառնի», Ջ.Պուչչինիի «Քրիզանթեմներ» ստեղծագործությունները, ինչպես նաեւ Ղ. Սարյանի երաժշտությունը «Առաջին սիրո երգը» ֆիլմից:

 

 

 

ԽՈՍԵԼ Է ՄԵՍԻԻ ՄԱՍԻՆ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին: «Ես գիտեմ, թե Մեսին որքան մոտիվացված է, եւ դա իմանալու համար ես կարիք չունեմ դիտել նրա հարցազրույցը: Մեսին եւ «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստները ցանկանում են գոլեր խփել եւ տիտղոսներ նվաճել: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի դա անել»,-ասել է Կումանը: Ավելի վաղ Մեսին հայտարարել էր, որ այժմ իր հետ ամեն ինչ կարգին է՝ ակնարկելով, որ այլեւս մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»: Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս:

 

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԻԼԻՆ

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ եզրափակիչի օրը հետաձգելու պատճառն այն է, որպեսզի հնարավորինս շատ երկրպագուներ կարողանան ներկա գտնվել հանդիպմանը: Ըստ անգլիացի բժիշկների՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ապրիլին թույլ կտա, որպեսզի մեծ թվով երկրպագուներ ստադիոնից հետեւեն հանդիպմանը: Մրցաշարի եզրափակիչը նախատեսված էր անցկացնել փետրվարի 28-ին: Այս շաբաթ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բրենթֆորդը» կմրցի «Նյուքասլի», «Արսենալը»՝ «Մանչեսթեր Սիթիի», «Սթոք Սիթին»՝ «Տոտենհեմի», իսկ «Էվերտոնը»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

 

 

ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքը շարունակում է ապաքինվել ծանր վնասվածքից: 29-ամյա ֆուտբոլիստը նոր հրապարակում է կատարել սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում՝ նշելով, որ վերսկսել է մարզումները գնդակով: Ծնկահոդի ծանր վնասվածք ստացած Վան Դեյքի վերադարձը խաղադաշտ սպասվում է ապրիլին։ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա Վան Դեյքը մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ:

 

 

ԲԱՑ ԿԹՈՂՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ հանդիպումը: 35-ամյա ֆուտբոլիստը մկանային ցավեր ունի եւ չի մասնակցել տեղի ունեցած մարզմանը: Լուկա Մոդրիչը բուժզննում կանցնի:

 




Լրահոս