Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է անում պատերազմով պայմանավորված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել ճանապարհային ոստիկանություն:
«Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ունենալու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով առաջարկում ենք դիմել Ճանապարհային ոստիկանություն:
Դիմումները կարող եք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն՝ դրանք առաքելով ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9 հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմում ներկայացնելու հետ կապված հարցերի համար կարող եք զանգահարել Ճանապարհային ոստիկանության վարչական բողոքների քննության բաժին՝ (011)54-47-83 կամ (011)54-49-78 հեռախոսահամարներին»։