Հայաստանում մինչև հունվարի 8-ը ոչ աշխատանքային օրեր են: Ազգային ժողովն իր հերթական նստաշրջանը գումարելու է հունվարի 18-ից: Մինչ այդ դրան նախորդած մեկ շաբաթվա ընթացքում նիստեր կգումարեն հանձնաժողովները, որոնց ընթացքում էլ կձևավորվի նստաշրջանի օրակարգը: Դեռ նախորդ տարվանից մնացել են նախագծեր, որոնք չեն քննարկվել, սակայն քննարկում են պահանջում: Դրանց մի մասը ներկայացրել են պատգամավորները, մի մասն էլ՝ կառավարությունը:
Հունվարի 11-ին նիստ է գումարելու Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մի քանի հարց է ընդգրկված, այդ թվում՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Այս պահի դրությամբ մյուս հանձնաժողովներում անցկացվելիք նիստերի մասին տեղեկություններ չկան:
Նախատեսվում է, որ հերթական նիստերի օրակարգում քննարկվելու է Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զելույցը: Հաշվետվության մեջ նշվում է, որ քննիչ հանձնաժողովը իր գործունեության ընթացքում որոշակի խնդիրներ ունեցավ պատշաճ և ժամանակին տեղեկատվության ստացման հետ կապված, որի պատճառով բավականին դանդաղեց հանձնաժողովի գործունեությունը և որոշ հարցերում հնարավոր չդարձավ տարբեր ծրագրերի ամբողջական գործունեության գնահատումը: Այդ պատճառով այս զեկույցում ներկայացնելու ենք այն ընդհանուր խնդիրները, որոնք կապված են մետաղական հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բացերին, ինչպես նաև միջազգային կառույցների հետ պատշաճ համագործակցության բացակայությանը, որոնց հետևանքով ոլորտում առկա են բազմաթիվ բացթողումներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ն.Հ.