Վերջին ամիսների ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կարելի է ասել «ռեստարտի» ենթարկվեց, քանի որ խմբակցության մի շարք պատգամավորներ կամ օրենսդիրից գործադիր տեղափոխվեցին, կամ պարզապես հրաժարվեցին պատգամավորական պանդատից ու հեռացան: Այդ ամենից հետո, ընտրություններին մասնակցած իշխանական ցուցակի համաձայն պատգամավորները իրենց տեղեը զիջեցին հաջորդներին:
Իսկ ովքեր են այն անձինք, որոնք երկուսուկես տարի հետո եկան խորհրդարան ու մինչեւ այդ ինչով էին զբաղված: Եվ այսպես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նոր ութը պատգամավոր ունի եւ մեկ պատգամավոր՝ Աննա Գրիգորյան անվամբ, որը վերցնելով իշխանական խմբակցության մանդատը, միանգամից հայտարարեց, որ ինքը աշխատելու է խմբակցությունից անկախ, չի լինելու իմքայլը խմբակցությունից:
Armlur.am-ը պարզեց, որ դեռեւս նոյեմբերի 27-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է դառձել Հայկ Ցիրունյանը, վերջինս մինչեւ այդ աշխատում էր Երեւանի ավագանիում՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչն էր: Հայտնի է, որ Ցիրունյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի մտերիմ ընկերն է: Վերջինս ընդգրկված է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
Հոկտեմբերի 13-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է դարձել ՔՊ-ական, 32-ամյա Կարապետ Մխչյանը, վերջինս էլ ընդգրկված է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորը ծնունդով Գյումրիից է: 2019թ.-ին աշխատել է «Շիրակ» ՋՕԸ-ում որպես ջրօգտագործման բաժնի պետ: 2016թ.-ին «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրվել է որպես ավագանու անդամության թեկնածու: 2019 թվականի հոկտեմբերի 9-ին նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական, որից հետո արդեն դարձել է պատգամավոր: Ի դեպ Մխչյանը չի ծառայել հայոց բանակում, ամուսնացած չէ:
Սեպտեմբերի 23-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ է դարձել ՔՊ-ական, 29-ամյա, ծնունդով կապանցի Նարեկ Ղահրամանյանը: 2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2015-2016թթ. եղել է «Կովկասյան բարիքներ» ՍՊԸ լեռնային ճարտարագետ: Իսկ 2018թ. հուլիս-հոկտեմբեր՝ Կապան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այնուհետեւ պատգամավոր, վերջինս ամուսնացած չէ:
Դեկտեմբերի 4-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շարքերն է համալրել Նարեկ Գրիգորյանը, որը եւս 29 տարեկան է, ծնունդով Գեղարքունիքի մարզից է: Վերջինս ընդգրկված է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Մինչեւ պատգամավոր դառնալը Գրիգորյանը եղել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալը:
Սույն տարվա հոկտեմբերի 1-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շարքերն է համալրել Գոռ Երանյանը, վերջինս է 31 տարեկան է, Արարատի մարզի Դարակերտ գյուղից է: Պատգամավորը երկու հանձնաժողովներում է ընդգրկված՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Ըստ նրա կենսագրական տվյալների, վերջինս 2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2016թ.՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է:2012-2020թթ. եղել է Սիվիլիթաս հիմնադրամի թուրքերենի թարգմանիչ եւ վերլուծաբան, այնուհետեւ դարձել պատգամավոր:
Դեկտեմբերի 17-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է դառնում Վանիկ Օհանյանը: Վերջինս 38 տարեկան է, անկուսակցական է ու պետք է աշխատի ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորը Լոռու մարզից է ու նրա մասին դեռեւս այլ կենսագրական տվյալ հայտնի չէ: Կրկին նույն օրը իմքայլականների շարքերն է համալրել Կարեն Գրիգորյան անվամբ պատգամավորը, որն էլ 31 տարեկան է ու ԱԺ-ում լինելու է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Կարեն Գրիգորյանը մինչեւ այս զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը և պաշտոնից ազատվել էր օրենսդիրում մանդատ ստանալու համար, վերջինս իր տեղը զիջել է Արգիշտի Մեխակյանին, որն էլ այժմ զբաղեցնում է Գրիգորյանի պաշտոնը:
Դեկտեմբերի 24-ին իմքայլական պատգամավոր է դարձել 66-ամյա Հակոբ Ասլանյանը, որը խորհրդարանում կաշխատի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Վերջինս 2017թ.-ի ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն)։
Իսկ օրերս էլ դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր դարձավ Աննա Գրիգորյանը, որը հայտարարեց, թե միանգամից դուրս է գալիս խմբակցությունից ու աշխատելու է անկախ: Վերջինս 29 տարեկան է, Սյունիքի մարզից է ու մանդատը ստացել է Տիգրան կարապետյանի փոխարեն: Գրիգորյանը իր հայտարարությունում նշել էր, թե ինքը մանդատը վերցնում է, որպեսզի աշխատի հանուն Սյունիքի ու ստեղծված իրավիճակում ելքեր գտնի:
Հավելենք միայն որ նորաթուխ պատգամավորները դեռեւս իրենց ելույթներով, անելիքներով, իրենց աշխատանքով աչքի չեն ընկել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան