ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի և ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով
կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին: Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որ հետախուզվում էր 2018-ի հոկտեմբերից, օգոստոսի յոթին արտահանձվեց Հայաստան: Լևոն Սարգսյանը 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի իրավապահների կողմից որոնվող ու Ռուսաստանում թաքնվող առաջին նախկին պաշտոնյան է, որին այդ երկրի իշխանությունները արտահանձնեցին։
Ռուսաստանում են գտնվում նաև հեղափոխությունից հետո մեղադրյալի կարգավիճակ ունեցող նախկին պաշտոնյաները՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։
«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է:
Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում