ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիլիթ Մակունցը որևէ մեկի հետ չի շփվում, պատգամավորներից շատերն էլ մեկուսացած են. ինչ է կատարվում խմբակցությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին լուրեր հասան այն մասին, որ իշխանական ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ խմբակցությունում կան անձինք, ովքեր որևէ կերպ չեն կարողանում համակերպվել այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է Հայաստանում պատերազմի ավարտից հետո:

Ըստ մեր աղբյուրների՝ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչները ելքեր են փնտրում հարցին լուծում տալու համար: Մի հատվածի կարծիքով խմբակցությունը լքելով էլ հարցերը լուծում չեն ստանա, ինչի համար մտորումների մեջ են` հրաժարվել պատգամավորական մանդատից ու հեռանալ:

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պատերազմի ավարտից հետո, հոգեբանորեն շատ ծանր վիճակում է գտնվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մեր տեղեկություններով Մակունցը որևէ մեկի հետ չի շփվում, եթե լինում են նիստեր, ապա այդ ժամանակ շատ լռակյաց է, գրեթե չի խոսում:

Մակունցը հանուն իր թիմակիցների չպառակտման է դեռևս շարունակում ղեկավարել խմբակցությունը, սակայն կարելի է ասել վերջինս այնքան «կոտրված» է, որ որևէ բան ի վիճակի չէ անգամ անելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ նույն հոգեբանական վիճակում է գտնվում խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը, վերջինս ևս անելանաիլի վիճակում է գտնվում, դեռևս չի կարողանում կողմնորոշվել լքել խմբակցությունը, թե հրաժարվել մանդատից:

Տևական ժամանակ է մեզ չի հաջողվում զրուցել Արման Բոշյանի հետ, քանի որ վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Ծանր վիճակում է նաև Մակունցի մտերիմ ընկերներից, խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, որը պատերազմի ավարտից հետո ի վիճակի չէ անգամ խոսել` հոգեբանորեն ծանր վիճակում է:

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ ծանր վիճակում են գտնվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիփան Փաշինյանը, Ռուստամ Բաքոյանը, Աննա Կարապետյանը, Մխիթար Հայրապետյանը, Քրիստինե Պողոսյանը և այլք, ովքեր հրաժարվում են անգամ հարցազրույց տալ:

Ի դեպ նշենք, որ իշխանական թիմում միակ անձինք Լենա Նազարյանն ու Ռուբեն Ռուբինյանն են, ովքեր վստահ են, որ ոչ մի դեպքում չպետք է հրաժարական ներկայացնել, մանդատ դնել կան խմբակցությունը լքել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս