ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մատաղիսի դեպքերից 17 տարի անց գործը մնում է չբացահայտված. ովքեր եւ ինչի համար են սպանել երկու զինծառայողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին զինդատախաղ Գագիկ Ջհանգիրյանին որպես Բարձրագույն դատական խորհդրի անդամի թեկնածու առաջադրելու որոշմանը զուգահեռ կրկին արծարծվեց հայտնի Մատաղիսի գործը: Չնայած այդ դեպքերից տարիներ են անցել, բայց այս գործի մասին խոսակցությունները մշտապես կապվում են Ջհանգիրյանի հետ եւ պարբերաբար ակտիվանում:

Իսկ ինչ էր տեղի ունեցել. 2003թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 20։30-ի սահմաններում 33651 զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են գալիս զորամասի տարածքից և այլևս չեն վերադարնում։ 15 օր անց, 2004 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները Մատաղիսի ջրանցքից հայտնաբերում են Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիակները։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչում նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և դատապարտում 15 տարի ազատազրկման։ 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

Վճռաբեկ դատարանն անբավարար էր համարել Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերված նույն զորամասի զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ նրանց մեղադրելու ապացույցները: Ի դեպ, Հայաստանում սա առաջին դեպքն էր, երբ ցմահ ազատազրկման դատավճիռը փոխարինվում է արդարացման դատավճռով: Սպանված զինծառայողներից Մովսես Մկրտումյանի ծնողները ևս չէին հավատում, որ երեք տղաներն են սպանել իրենց որդուն: Այս վճռից հետո, երբ քրեական գործն անցնում է բողոքարկման փուլերը, այն դարձյալ ուղարկվում է նոր քննության:

Արդեն 2019 թվականին գործը վերաբացվեց եւ դրա հիմքում  ՄԻԵԴ-ի որոշումն էր: Երկու ծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկված, ավելի ուշ արդարացված երեք երիտասարդները ցանկանում էին  պատասխանատվության կանչել այն ժամանակվա ռազմական ղեկավարությանը՝ հատկապես՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Սակայն վերջինս նշում է, թե ինքը անմեղ մարդկանց չէր կարող մեղադրանք առաջադրել եւ նաեւ նշում՝ երբ վերջիններս արդարացվել են, ինքն արդեն զինվորական դատախազ չի եղել եւ մեղադրանքների սլաքներն ուղղել էր այլ ուղղությամբ:  Այստեղ նկատենք, որ  նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանն առկա ապացույցների շրջանակում  մեղադրանքը մեղմացրել և վերաորակել էր՝ սպանությունից՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու: Սակայն մինչ նրա  պաշտոնավարելը, զինդատախազ 8 տարի եղել է Արմեն Խաչատուրյանը, ով Ջհանգիրյանի պաշտպանած մեղադրանքը նույնությամբ տարել է դատարան:

Եվ ահա, չնայած այսքան տարի է անցել, սակայն  դրա փոխարեն սպանության հանգամանքները մինչ այսօր պաշտոնապես մնում են չբացահայտված, և հայտնի չէ՝ ովքեր եւ ինչի համար են սպանել երկու զինծառայողներին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս