ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԹՈՂ ՀԱՐՑ ՏԱ` ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ, իր կարծիքով, անհրաժեշտ է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ելք ունենա: Ըստ մեր զրուցակցի` իր` խմբակցությունից դուրս գալը իր օրակարգային հարցերը չի փոխել, եւ ինքն իր աշխատանքը շարունակում է իրականացնել:

 

-Տիկի՛ն Հովսեփյան, իշխանությունները առաջարկում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց ընդդիմությունը որեւէ ձեուվ չի համաձայնում: Ի վերջո, ելք տեսնո՞ւմ եք այս հարցում:

-Ես  կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի երկուստեք քննարկումների արդյունքում: Այսինքն՝ ընդդիմությունը՝ թե՛ արտախորհրդարանական եւ թե՛ խորհրդարանական  ընդդիմությունը, պետք է բացատրի՝ ինչու չի տեսնում ելք խորհրդարանական ընտրությունների միջոցով: Եվ իշխանությունը նույնպես պետք է բացատրի: Եթե լինեմ անկեղծ, ապա ասեմ, որ, այո, պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ՝ անկախ այն հանգամանքից, որ ես այսօր անկախ պատգամավոր եմ, եւ կլինեմ որեւէ կերպ խորհրդարանական ընտրությունների  մասնակից, թե չեմ լինի, դա չէ էական, բայց մեզ պետք է այսօր ձեւավորել նոր որակի խորհրդարան:

-Ընդդիմությունն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Կարծում եք, որ պետք է վարչապետը հրաժարական ներկայացնի, հետո՞ լինեն ընտրությունները, թե՞ այս վիճակով էլ կարելի է արտահերթ ընտրությունների գնալ:

-Ցանկացած պարագայում կարելի է խորհրդարանական ընտրություններ կատարել: Այստեղ արդեն ընդդիմության մտավախությունը, վստահ եմ, օբյեկտիվ ընտրություններ կազմակերպելու հետ է կապված: Իրականում եթե մենք իսկապես ցանկություն ունենք ձեւավորել հերթական լեգետիմ իշխանություն, ինչպես եղել է 2018թ., ապա իրապես անկախ կառավարում պետք է ստեղծվի, որը թե՛ ճգնաժամային իրավիճակում երկիրը անցնցում  կպահի եւ թե՛ կտանի դեպի խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ժողովուրդը կորոշվի այսօրվա ներկայիս իշխանությանն ու վարչապետին է ընտրում, թե նոր մեկին կընտրի: Ես այս հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ. այլ կարծիք չունեմ:

-Այս իշխանությունը, որի մեջ Դուք եղել եք ժամանակին, ճանաչում եք բոլորին, կեղծիքներ թույլ չի՞ տա, իսկապես կլինե՞ն լեգիտիմ ընտրություններ, եթե, իհարկե, ընդդիմությունը համաձայնի գնալ արտահերթ ընտրությունների:

-Չեմ կարծում: ինչո՞ւ. որովհետեւ գոնե պաշտոնական դիրքի չարաշահումները կլինեն, որը անընդունելի է: Կարծում եմ, որ այն կեղծիքները, որոնք եղել են ժամանակին, այսինքն՝ ընտրակաշառքներ եւ այլն, չեն լինի, բայց այն, որ պաշտոնեական դիրքի չարաշահում կարող է լինել, հնարավոր է:

-Թիմում ի՞նչ կարծիքներ կան: Արդյոք չկա՞ որեւէ անձ, որը կփոխարինի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ, ի վերջո, ելք կգտնվի: Թիմում որեւէ մեկին  չե՞ք տեսնում փոխարինող:

-Այնուամենայնիվ, դիրքորոշումը մեկն է եղել՝ փոխարինող չեն տեսնում:

-Այսինքն՝ որեւէ մեկը չկա՞:

-Լինել-չլինելիության  հարց չի քննարկվել: Տեսնում են փոխարինող, թե ոչ, ոչ թե քննարկվել է՝ կարողությունները համապատասխանում է, թե ոչ, այլ պետք է փոխարինվի, թե ոչ: 90 տոկոսը չեն տեսել:

-Տիկի՛ն Հովսեփյան, խմբակցությունից Ձեր դուրս գալուց հետո պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Գրիգորյանը, Մարիա Կարապետյանը ասացին, որ արդար, ազնիվ չէ դուրս գալ խմբակցությունից եւ մանդատից չհրաժարվել: Իրենց քննադատությունը տեղին համարո՞ւմ եք:

-Ես չեմ վերաբերում իրենց քննադատությանը, ինչպես նաեւ իրենց: Ազնվությունից եւ արդարությունից խոսելուց առաջ գոնե թող մտածեն, թե ում մասին են խոսում, եւ արդյոք իրենք մինչ օրս եղել են ազնիվ եւ արդար:

-Մարիա Կարապետյանը մի այսպիսի գրառում էր կատարել, որ անկախ պատգամավոր գոյություն չունի: Դուք ընդամենը պետք է մեկ քվեարկություն իրականացնեք, այլ լիազորություն չկա: Համակարծի՞ք եք՝ անկախ պատգամավորի կարգավիճակում բացի քվեարկությունից չկա այլ գործառույթ:

-Ես շատ կուզեմ այնպես, ինչպես տիկին Կարապետյանն է մոտեցել հարցին,  այդ ոճով ներկայացնեմ: Ես կուզեմ Մ. Կարապետյանը հարց տա՝ արդյոք ինքը որպես պատգամավոր գոյություն ունի ժողովրդի  աչքում: Թող մտածի դա, եւ գնահատում տալուց առաջ մեկ անգամ շունչ քաշեն եւ տեսնեն, թե ինչ վերաբերմունք կա իրենց նկատմամբ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

Ո՞Ր ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇՈՒՐՋ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԵԼ

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների եւ երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Լրատվամիջոցն իր հոդվածում գրել է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում եւ Երեւանում տրամագծորեն հակառակ գնահատականն են ստացել:

 

«Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Քննարկվող երկու հիմնական ուղղություն կա:

Նախ, սա միջանցք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի անկլավ՝ Նախիջեւան, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Եվ երկրորդ` Երեւանից դեպի նույն Սյունիքի մարզ տանող երկաթգիծը, որը անցնում է Նախիջեւանի միջով: Երկու երթուղիները ակտիվորեն օգտագործվում էին Խորհրդային Միության ժամանակ, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբով դրանք դադարեցին գոյություն ունենալ:

Ըստ կայքի՝ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը կարող է լուրջ օգնություն դառնալ Հայաստանի համար, ինչը մինչ այժմ հնարավոր չէր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրները կապվում են միայն մեկ լեռնային ճանապարհով:

«Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է շահեկան լինի բոլոր երեք կողմերին. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա եւ Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան եւ Իրան: Բայց բանակցություններից հետո դե ֆակտո միայն Իլհամ Ալիեւն իրեն հաղթող զգաց, իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կենտրոնացավ ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի վրա, որոնք վերաբերում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու Բաքվի ցանկության բացակայությանը, ինչպես նաեւ հայ ռազմագերիների ճակատագրին»,- նշվում է հոդվածում:

 

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն տեւական ժամանակ է՝ բողոքներ է ստանում այն մասին, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն արդեն մի քանի ամիս է՝ բնակիչներից ջրամատակարարման համար հավելյալ վճարներ է վերցնում այն դեպքում, երբ տան ջրաչափերի տվյալները այլ են, իսկ պահաջվող վճարը, պարզվում է, այլ է: Մեզ ահազանգած քաղաքացիները տեղեկացրին, որ ընկերության տեսուչները վերջին ժամանակահատվածում տներ չեն գնում, ինչ-որ այլ ջրաչափի տվյալներ են գրում, ինչի համար էլ իրենք ուռճացված գումարներ են վճարում:

Տեղեկություններ կան նաեւ, որ եթե անգամ տեսուչները ճիշտ տվյալներ են ներկայացնում, ապա ընկերության գլխավոր գրասենյակում այդ թվերը փոխվում են, մեծացվում, որպեսզի բնակիչները հավելյալ վճարներ մուծեն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ իրավիճակը կապված է այն բանի հետ, որ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը հանձնարարել է ընկերության պատասխանատուններին այնքան գումար «հավաքագրել», որպեսզի կարողանան իրենց աշխատանքը ներկայացնել դրական ֆոնի ներքո, իբրեւ թե ընկերությունը հիասքանչ է կատարում իր աշխատանքը: Մեզ լուրեր հասան նաեւ, որ ընկերության տնօրեն Շահինյանը կառավարման ոլորտում դեռեւս այդքան էլ փորձ չունի. մեկուկես տարի է, ինչ ղեկավարում է, ինչի համար նպատակ ունի այս քայլով բարձրացնել իր վարկանիշը: ArmLur.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ` հասկանալու համար, թե ընկերությունում ինչ խառնաշփոթ է տիրում: «Մենք ֆրանսիական ընկերություն ենք, ունենք վարձակալության պայմանագիր, ունենք սակագին՝ հայկական կողմի հետ համաձայնեցված: Մարդիկ ինչքան ջուր սպառում են, այնքան էլ պետք է վճարեն: Մենք ո՞նց կարող ենք ավել պահանջել»:

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

Ինչպես հայտնում է ՀԼԸ-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, նրան փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման մանրամասները: Էրդողանն իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հարցով Ռուսաստանի ջանքերին, այդ թվում՝ փոխշահավետ նախագծերի իրականացման խթանմանը: Կողմերը քննարկել են նաեւ ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման հարցերը, որը պետք է վերահսկի Արցախում հրադադարի ռեժիմը:




Լրահոս