Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այնուհետեւ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ: Ապա մեծ շուքով հայտարարվեց, թե ՌԴ ու ՀՀ դատախազները ստորագրել են ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, մի փաստաթուղթ, որը ստորագրվում է միշտ ՌԴ-ի կողմից ԱՊՀ անդամ բոլոր երկրների դատախազությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է դատախազների եռակողմ հանդիպմանը, ապա, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձը կարեւոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման եւ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է նաեւ տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաեւ իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ դատախազը միայն լսողի դերում է եղել։ ՀՀ գլխավոր դատախազը երբ բարձրացրել է մեր ռազմագերիների հարցը՝ հետաքրքրվելով, թե ինչու են նրանց ահաբեկիչներ ճանաչել, ադրբեջանի դատախազը ասել է, թե նրանք իրենց մոտ հայտնվել են պատերազմի ավարտից հետո պայմանավորվածության խախտման արդյունքում, դրա համար էլ ռազմական հանցագործներ են եւ չեն վերադարձվելու: Խոսվել է նաեւ այլ «ռազմական հանցագործների» մասին՝ Արայիկ Հարությունյան, Ջալալ Հարությունյան, Սեյրան Օհանյան եւ այլք, որոնց նկատմամբ Ադրբեջանը արդեն միջազգային հետախուզում է հայտարարել, իսկ Հայաստանի դատախազությունը միայն ադրբեջանցի մի ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարել: Սակայն այս հարցով էլ հնարավոր չի եղել ՀՀ եւ Ադրբեջանի դատախազների միջեւ ընդհանուր հայտարարի գալ: Ասել է թե՝ Արթուր Դավթյանը չի կարողացել ռազմագերիների եւ հայ նախկին ու ներկա զինվորականների հարցը լուծել՝ գոնե հետախուզումը հանելու մասով:
Իսկ ինչո՞ւ 90-ականների եւ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայ մի շարք ռազմական գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարել նույն Ադրբեջանը։ Պարզվում է, որ այդ տարիներին ՀՀ-ից ՌԴ-ի միջոցով մեսիջ է ուղարկվել Ադրբեջանին, զգուշացրել են, որ եթե նման քայլ անեն, նույն պատասխանը կստանան Հայաստանից. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինտերպոլով կհետախուզվի եւ տեղաշարժի խնդիր կունենա: Այդպիսով, թեման փակվել է: Սակայն Հայաստանը՝ ի դեմս դատախազ Դավթյանի, չի կարողացել այնպիսի իրավական հավասարակշռություն ստեղծել, որ բարձրացված հարցերից գոնե մեկի ուղղությամբ լուծման աշխատանքներ ընթանան:
Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Իշխանական կուլիսներում նույն հանդիպման մասին այլ տեղեկություններ են պտտվում, իսկ ընդդիմադիրները նույն հանդիպման մասին միանգամայն այլ բան են պատմում: Ընդդիմությունը պնդում է, թե Պուտինի եւ Փաշինյանի միջեւ տեղի է ունեցել սառը զրույց, որի ընթացում Պուտինը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչու է լարված իրավիճակ ՀՀ-ում, ու նշել, որ, կարծես թե, բոլորը վարչապետի հրաժարականն են պահանջում, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, թե բոլորը չեն, այլ մի փոքր խումբ է, որը չի ներկայացնում հասարակության ընդհանուր տրամադրությունը, իսկ ժողովուրդը իմ թիկունքին է, ինձ է սատարում: Փաշինյանը վստահեցրել է, որ այդ խումբն էլ առաջիկայում կխաղաղվի, որեւէ անկայուն բան չկա: Ըստ ընդդիմադիրների կողմից շրջանառվող վարկածի՝ Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, թե իր համար շատ կարեւոր է, որ այդ տարածաշրջանում կայունություն լինի՝ ակնարկելով, թե Փաշինյանը պետք է հեռանա: Իսկ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եւ ՌԴ նախագահի հետ նույն հանդիպման մասին լրիվ այլ բովանդակությամբ տեղեկատվություն է ներկայացրել իր թիմակիցներին: Փաշինյանն իր մտերիմներին ասել է, որ ինքը Պուտինի հետ ունեցել է շատ ջերմ զրույց, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, թե ինքն անվերապահ աջակցում է Փաշինյանին: Ավելին՝ եթե առաջիկայում հերթական կամ արտահերթ ընտրություններ լինեն, ըստ փաշինյանական վարկածի, Վլադիմիր Պուտինը հրապարակավ կսատարի գործող վարչապետին: Վարչապետն իր թիմակիցներին վստահեցրել է, որ Պուտինն իր կողքին է, ու իրենք անհանգստանալու առիթ չունեն: Իշխանությունները, որ ամենաբարձրն էին ինքնիշխանություն գոռում, ծաղրում էին Ռուսաստանից «քաղաքական դաբրո» բերողներին, բավականին ոգեւորվել են Պուտինի այդ պահվածքից:
Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատեւ եւ թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգը բավականին հագեցած է լինելու: Մասնավորապես, վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 40 հարց՝ բացասական եզրակացություն ստացած, կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած 22 հարց, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 8 հարց: Այսինքն՝ ընդհանուր առմամբ 70 hարց է ներառվել օրակարգում։ Իհարկե, ոչ բոլոր նախագծերը կհասցնեն քննարկել խորհրդարանականներ, սակայն կան հարցեր, որոնք պարտադիր քննարկման են ենթակա եւ անհետաձգելի են: Նախագծերի այսպիսի առատությունը հազվադեպ է, քանի որ դեպքեր են եղել, երբ ԱԺ օրակարգային քննարկվելիք հարցերն այնքան քիչ են եղել, որ նստաշրջանը մեկուկես օր է տեւել: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված էր 27 հարց, իսկ, օրինակ, հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 42 հարց էր: Համեմատության համար նաեւ նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 43 հարց էր ներառված, այսինքն՝ կրկին ավելի պակաս:
Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել. երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաեւ դեղամիջոցը։ Եւ ամենակարեւորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։ Այսօր հայաստանյան դեղատներում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի։ Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ։ Իսկ երբ սպառողը բացատրություն է պահանջում դեղատան աշխատողից, ստանում է հետեւյալ պատասխանը. «Պահանջարկն ավելացել է»: Օրինակ՝ «Տերաֆլյու», «Անտիգրիպին» հակավիրուսային թեյերի գները բարձրացել են 10-20 դրամով։ Բացի այս, արձանագրենք, որ թանկացել են նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների համար կիրառվող դեղերը։ Միակ կարեւոր նորությունը՝ հակաբիոտիկների գները չեն բարձրացել, բայց չշտապենք, քանի որ որոշ հակաբիոտիկների դեֆիցիտ կա դեղատների մեծ մասում։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ «Ցեֆտրիաքսոն» հակաբիոտիկը, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար, դեղատների մեծ մասում այս օրերին մեծ դժվարությամբ է հնարավոր գտնել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենք գների զսպման գործառույթ չունեն դեղերի շուկայում։ Իսկ, ահա, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից վստահեցրին, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են։ Ասել է թե՝ բանը բանից անցել է, բայց ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է։ Անգամ հանձնաժողովը օնլայն հարցում է անցկացնում սպառողների շրջանում դեղերի սպառման վերաբերյալ։ Իսկ երբ է գալու գործելու ժամանակը՝ դեռեւս հայտնի չէ։