ՊՐՈՑԵՍԸ ԿԱՆԳՆԵԼ ԷՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՑՈՒՐՏ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրուցել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակից, փողոցային իրենց պայքարից, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ: Ըստ մեր զրուցակցի` ընդդիմությունը հստակ օրակարգ ունի, որով իրենք առաջնորդվում են:

 

-Վրաններում մնալով ի՞նչ եք անում: Ինչպե՞ս է անցնում օրը:

-Քաղաքացիներ են մոտենում, իրավիճակի հետ կապված հարցեր են տալիս, իրենց մտահոգություններն են արտահայտում, երկրի վիճակի հետ կապված իրենց լուծումներն են առաջարկում: Մեր քաղաքացիներից ամեն մեկը մի մոտեցում ունի:

-Ի՞նչ են մտածում քաղաքացիները, ի՞նչ են առաջարկում:

-Բոլորի հիմնական մտահոգությունը Նիկոլ Փաշինյանի ապազգային կառավարումն է եւ երկրի այս վիճակը, որում հիմա մենք հայտնվել ենք: Մարդիկ խիստ մտահոգված են, հասկանում են, որ երկրում իշխանություն չկա, կառավարություն չկա: Մենք ունենք բազմաթիվ անվտանգության խնդիրներ, սոցիալական խնդիրներ, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերով ունենք խնդիրներ, ու ամենացավոտը՝ գերիների հարցը, մարդկանց մտահոգում է:  Չկա իշխանություն, որ նրանք դիմեմ իշխանական կառույցի եւ ստանան իրենց բավարարող պատասխան: Դրա համար գալիս են, ընդդիմությունից են հարցնում: Պետական ինստիտուտները չեն աշխատում: Ընդդիմությունն է հրապարակում,  մարդկանց հարցերին պատասխանում:

-Ի՞նչ եք պատասխանում: Դուք ի՞նչ օրակարգ ունեք, ինչո՞վ եք առաջնորդվում, առաջիկայում ի՞նչ սպասել ընդդիմությունից: Օրակարգ կա՞ ձեւավորված

-Այո, բնականաբար, օրակարգ կա ձեւավորված, որի խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ նոր կառավարության ձեւավորումը, իշխանության նոր մարմինների ձեւավորումը:

-Փաստորեն, Փաշինյանը չի հեռանում, նա շարունակում է պաշտոնավարել…

-Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, բայց նա, փաստորեն, իշխանություն չունի երկրում: Պաշտոնավարել, այո, հրապարակում նստած է, եւ նրա ամեն օրը մեծ վնաս է տալիս մեզ: Բայց նա, նստելով հրապարակում, երկիրը չի կառավարում, այսինքն՝ չունի իշխանություն: Մարզեր չի կարողանում այցելել, քանի որ դա առաջացնում է քաղաքացիների խիստ դժգոհությունը: Եվ, ընդհանրապես, պետական ինստիտուտները կազմաքանդված վիճակում են:

-Վրաններում մնալն ի՞նչ կտա: Սա ճնշում համարո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի վրա:

-Պարզ է, որ վրաններում անցկացնելով՝ իշխանություն չեն փոխում: Ընդդիմությունն ունի բազմաթիվ գործիքակազմեր, եւ դրանք շարունակելու ենք օգտագործել: Եվ այն վիճակը, որն այսօր կա, իշխանության վրա ճնշումներն ու իշխանության կողմից ինչ-ինչ քայլեր անելը՝ փորձելով ինչ-որ հարցեր լուծել, նաեւ ընդդիմության  ճնշման արդյունքն է, չնայած իշխանություններն այնքան անկարող են, որ որեւէ հարց նրանք ի վիճակի չեն երկրում լուծելու:

-Ժողովուրդը նաեւ քայլեր է սպասում ընդդիմությունից: Ինչո՞ւ կոնկրետ քայլեր չեն արվում:

-Դուք, կոնկրետ քայլ ասելով, ի՞նչ եք հասկանում:

-Դուք հանրահավաքներ կազմակերպեցիք, փողոցներ փակեցիք, բայց հիմա այդ պրոցեսը կանգնել է: Ինչո՞ւ:

-Պրոցեսը կանգնել է շատ պարզ պատճառով, քանի որ ցուրտ էր: Ինչ-որ մի պահից սկսած՝ նաեւ այդ գործընթացները ավելի ինտենսիվ ձեւով կծավալվեն, քանի որ հասկանալի է, որ ունենք բազմաթիվ կորուստներ, եղանակային պայմանները: Սակայն ընդդիմությունը ճնշումները շարունակում է պահել: Բոլորիս մոտ մտայնություն կա, որ պետք է հարյուր հազարավոր մարդիկ հավաքվեն, որ տեղի ունենա իշխանափոխություն:

-Իշխանությունն այդպես է ասում…

-Ոչ, իշխանության համար դա թակարդ է: Հիմա ուրիշ պրոցես է գնում. երկրում  տարբեր տեսակի մտավորական, ստեղծագործական, մասնագիտական խմբեր, զինվորականներ, գիտական կենտրոնները, ակադեմիան, համալսարանները  բարձրացնում են Փաշինյանի հեռանալու հարցը, պահանջում են նրանից իշխանությունից օր առաջ հեռանալ: Սա պրոցես է, եւ շատ դեպքերում՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պրոցեսները երեւացող գործընթացներ չեն:  Որոշակի զարգացումներ են լինում պետական ապարատի ներսում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅԼ ԿԼԻՆԵՐ

Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է երկու ամիս առաջ: Պատերազմում պարտված Հայաստանում շատերի համար նման արդյունքն անակնկալ էր: Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ կանխատեսել էին ղարաբաղյան պատերազմի արդյունքը մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանը սկսել էր նախահարձակ գործողությունները:

 

Նրանց թվում, ում կանխատեսումն իրականացել է, Ռուսաստանի ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն է: ԾՏրՍՏՉրՍՌռ ԽՏՎրՏՎՏսպՓ պարբերականը հետաքրքրվել է նրանից, թե ինչի վրա է հիմնված եղել կանխատեսումը, եւ ինչը չի հաջողվել կանխատեսել:

«Մենք ենթադրում էինք, որ, ամենայն հավանականությամբ, նախքան ղարաբաղյան հիմնախնդրին վերջնական լուծում տալու փորձը Ադրբեջանը կանցկացներ ավելի համեստ մասշտաբի առնվազն մեկ կամ երկու գործողություն՝ 2016-ի ապրիլի օրինակով:

Մենք չէինք սպասում, որ Բաքուն իր առջեւ խնդիր է դրել  վճռական պարտության մատնել հայկական կազմավորումներին եւ վերականգնել վերահսկողությունը 1992-94 թվականներին կորցրած տարածքների եւ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա:

Հասկանալի է, որ անօդաչու թռչող սարքերի օպերատորները մեծ մասամբ թուրքերն էին: Տեղեկություններ կան, որ թուրքական զինուժը ապահովել է հայկական հակաօդային պաշտպանության համակարգերի, կապի եւ այլ համակարգերի  ռադիոէլեկտրոնային ճնշումը: Այն, որ Թուրքիան այսքան ուժեղ միջամտելու էր այս հակամարտությանը, իհարկե, նունպես դժվար էր պատկերացնել  2018 թվականին»,-ասել է Մակիենկոն:

«Հակառակորդի գերազանցությունը զգալը եւ թերագնահատելը կարող է շատ վտանգավոր լինել: Թշնամուն գերագնահատել, իհարկե, նույնպես չարժե, պետք է նրան ադեկվատ գնահատել, բայց դա հազվադեպ է պատահում: Բայց ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել: Ուղղակիորեն ռազմական գործողությունների ընթացքում հիմնական սխալը կրկին հարավային ուղղության թերագնահատումն էր: Ի դեպ, նշենք, որ հայերը կենտրոնում եւ  հյուսիսում իրենց տարածքները հիմնականում պահել են:… Ռազմատեխնիկական առումով ադրբեջանցիների գերազանցությունը կանխատեսելի էր, գուցե պարզապես ոչ այսչափ: 2018-ին պարզ էր, որ անօդաչու սարքերը, ներառյալ կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, մեծ դեր կխաղան: Այն, որ այդ դերն այսքան որոշիչ է լինելու, անակնկալ էր բոլորի, այդ թվում նաեւ անձամբ ինձ համար»,- նշել է Մատվիենկոն:

 

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Հայաստանում անցյալ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.2 տոկոսով: Միայն բանջարեղենի շուկայում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 35.9 տոկոսի չափով գնաճ: Մեկ ամսվա ընթացքում միրգը թանկացել է 6.5 տոկոսով։ Պաշտոնական տվյալներով՝ հացն է թանկացել. հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում դեկտեմբերին արձանագրվել է 4.2 տոկոս գնաճ։ Օրինակ՝ հացի գնաճը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կազմել է 6.1, իսկ ալյուրինը՝ 2.2 տոկոս: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում եւս գնաճ է արձանագրվել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նշված շուկաներում գնաճը կազմել է 3.6 տոկոսի չափով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձվի գինը թանկացել է 13.1 տոկոսով։ Շաքարավազի շուկան եւս անմասն չի մնացել թանկացումից, շաքարավազի գինը մեկ ամսում բարձրացել է 3 տոկոսով։ Իսկ, ահա, մսամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.1 տոկոս։ Օրինակ՝ թռչնամսի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 8.3 տոկոսով։ Բարձրացել է նաեւ ձկնամթերքի գինը 0.1 տոկոսով։ Իսկ, ահա, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 0.2, ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյը, կակաոն թանկացել են 0.5 տոկոսով:

 

 

 

ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ԳՏՆՎԵԼ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել եւ Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ ապօրինի պահել է հրազեն եւ ռազմամթերք: Այդ ռազմամթերքը գտնվել է Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի 55/7 հասցեում գործող «Ամիրա Պալաս» հյուրանոցում: Մասնավորապես, նա իր մոտ՝ սեւ գույնի կաշվե պայուսակում, ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, նախկին ԽՍՀՄ 1944թ գործարանային արտադրության «TT» մոդելի «ճը 119» համարի, 7,62մմ /7,62X25 տրամաչափի, կրակելու համար պիտանի ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող թվով 16 հատ նախկին ԽՍՀՄ 1952թ., 1953թ., 1945թ. եւ 1948թ. գործարանային արտադրության 7,62 մմ /7,62X25/ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ, որոնք նախատեսված են համապատասխան տրամաչափի ակոսափող զենքերից /օր.՝ «TT» տեսակի ատրճանակներից, այդ թվում՝ հայտնաբերված «TT» տեսակի ատրճանակից/ եւ այլ զենքերից կրակելու համար եւ պիտանի են կրակելու համար: Իրավապահները հայտնաբերել են նրան եւ կալանավորել:

 

 




Լրահոս