ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային ժողովը կընտրի Վճռաբեկ դատարանի նախագահ. թեկնածուն հանդիպել է բոլորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին մեկնարկող նստաշրջանում խորհրդարանը կքննարկի եւ կընտրի Վճռաբեկ դատարանի նախագահի , ինչպես նաեւ քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր: Վերջին տեղ համար կպայքարի երեք թեկնածու՝  Սամվել Գրիգորյանը, Արմեն Հայկյանցը եւ Արսեն Մկրտչյանը, իսկ ահա Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն Լիլիթ Թադեւոսյանն է:  Թե՛՛ Թադևոսյանը, թե՛ դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուները արդեն հանդիպել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչպես նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր դարձավ, երբ նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը անցած սեպտեմբերին ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Լիլիթ Թադևոսյանն այժմ զբաղեցնում է դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։  Վճռաբեկ դատարանում թափուր տեղի հարցի քննությունը պետք է անցկացվեր դեռ դեկտեմբերի 20-ին, բայց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը թեկնածուների հիմնավորումը նամակով փոխանցել էր Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընտրությունը հետաձգել։ Թադևոսյանը դեռ թեկնածուի կարգավիճակով նոյեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանի մոտ մասնակցել էր խորհդակցության՝ իրավապահ համակարգի մյուս ղեկավարների հետ միասին։ Այդ հանդիմանը Փաշինյանը բարձրացրել էր նաև հարցը, թե արդյոք դատաիրավական համակարգը պատշաճ է արձագանքել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործին։ Դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությունն այդ քննարկմանը քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ կարծիք հայտնելով, որ նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:

42-ամյա Թադևոսյանը երկար տարիներ իրավական համակարգում աշխատելուց հետո 2012-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Ծնվել է դատախազի ընտանիքում, նրա հայրը հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանն է։ Լիլիթ Թադևոսյանը 2008 թվականի Մարտի 1-ից հետո հայտնի «7-ի գործով» մեղադրող դատախազներից մեկն էր, ինչպես նաև եղել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով մեղադրող դատախազը:

Հավելենք, որ  Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Այսինքն, «Իմ քայլը»-ի 83 պատգմաավորի ձայնը բավարար է վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը կատարելու համար։ Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս