ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Խոսքը վերաբերում է Էթիկայի հանձնաժողով ձեւավորելու կարգին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Էթիկայի հանձնաժողով կձեւավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում:
Ազգային ժողովի նախագահը էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կկիրառի առաջարկվող կարգապահական միջոցը: Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունները կհրապարակվեն Ազգային ժողովի նիստում: Էթիկայի հանձնաժողով կկարողանա դիմել յուաքանչյուր ոք: Կսահմանվեն դիմումին ներկայացվող պահանջները եւ դրա մերժման հիմքերը: Էթիկայի հանձնաժողովը կկայացնի դիմումի կամ սեփական նախաձեռնության հիման վրա հարցի քննարկում սկսելու մասին, ինչպես նաեւ եզրակացություն տալու մասին գրավոր եւ պատճառաբանված որոշում: Խմբակցությունն իր եզրակացության մեջ նշում է, որ առաջարկվող կարգավորումները մշակվել են՝ քննարկելով նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված խորհրդարանական բարեվարքության եւ դրան առնչվող օրենսդրության քարտեզագրման շուրջ երկու զեկույցները:
Նշենք, որ գործող կարգավորումներով պատգամավորական էթիկայի քննարկման եւ դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով կարող է ձեւավորվել միայն կոնկրետ հարցով մինչեւ երկու ամիս ժամկետով (մինչեւ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ) խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: 7-րդ գումարման Ազգային ժողովում դեռեւս էթիկայի հանձնաժողով չի ձեւավորվել: Սակայն անգամ հանձնաժողովի եզրակացությունը որեւէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում եւ ընդամենը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:
Ն.Հ.