Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիրը պատերազմից հետո թեւակոխել է նախընտրական փուլ։

Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, սկսել են նոր կուսակցություններ բացվել։ Մեր տեղեկություններով՝ նոր քաղաքական ուժ ձեւավորելու գործին է լծվել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը՝ Վոգը։

Մեզ ասացին՝ Հակոբյանն այս օրերին թիմ հավաքելով է զբաղված, որոշել է, որ այնտեղ չպետք է լինեն նախկինների կամ ներկաների հետ ասոցացվող դեմքեր։ Նա կարծում է, որ բարձր ռեյտինգ ունի Սյունիքում եւ կարող է գործող ընդդիմությունից ավելի հաջող քաղաքական գործունեություն ծավալել։

Կուսակցությունը դե յուրե դեռ գրանցված չէ, բայց հայտնի է, որ ծրագրում հիմնական շեշտը դրվելու է տնտեսական քաղաքականության, փլուզված տնտեսության առողջացման վրա։ Այդ նպատակով նույնիսկ Բեռլինում մասնագետների են պատվիրել տնտեսության հակաճգնաժամային ծրագիր մշակել, եւ այն գրեթե պատրաստ է։

Վահե Հակոբյանը, սակայն, պատրաստ չէր այս թեմայով մեր հարցերին պատասխանելու եւ հերթապահ պատասխան տվեց․ «Ոչ, նման բան չկա, ես այսօր կուսակցություն չեմ բացում»։

Մեզ ասացին, սակայն, որ նոր կուսակցությունը գրեթե ամբողջությամբ ձեւավորված է, պարզապես հստակեցնելու որոշ բաներ կան, եւ այս պահին չեն ուզում այդ մասին խոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս