ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ սակագներ կգործեն «կարմիր գծեր»-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ 84 կողմ, 7 դեմ ձայների համամասնությամբ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ չնայած այն բանին, որ խորհրդարանն այն ընդունել է, բայց օրենքը պետք է հաստատի Երեւանի ավագանին: Իսկ ավագանին դեռեւս նիստ չունի, նախատեսված է առաջին նիստն իրականացնել փետրվարի 9-ին: Իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն ավտոկայանատեղիի վճարների դրույքաչափերը սահմանում են ըստ կայանատեղի, Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա:

Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ։ Այսինքն Երեւանի 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, դրանք կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ։

Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, որով սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը՝ նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.

յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2 500 դրամ ներառյալ.

մեկ շաբաթվա համար` մինչև 5 000 դրամ ներառյալ.

մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ.

մեկ տարվա համար` մինչև 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ:

Իսկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով։

Նշենք նաեւ, որ այս ամենը դռեւս այնքան ժամանակ չի կիրառվելու, մինչեւ Երեւանի ավագանին այն չհաստատի: Բայց խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ ներկայիս իշխանությունները խոստացել էին վերացնել կարմիր գծերը ամբողջ Երեւանում, սակայն ստացվում է, որ Երեւանի կենտրոնը, որն ամենածանրաբեռնված է շարունակելու է նույն գործելաոճը, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապեռ Հայկ Մարությանը իր երդմնակալության արարողության օրը՝ 2018 թ. հոկտեմբերի 13-ին, հայտարարել էր, թե վճարովի կայանատեղիները չեն վերանա, քանի որ այդ գումարները գնում են քաղաքային բյուջե, եւ խնդիրներ են լուծվում դրանով։ Ու ստացվում է, որ քաղաքի գերծանրաբեռնված հատվածը կրկին այդ գումարները վճարելու է, քանի որ այլ վարչական շրջաններում քաղաքացիները միշտ էլ շատ քիչ են օգտվել կարմիր գծերի ծառայությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս