ԿԱԴՐԵՐ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44 օր տեւած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում: Վառ օրինակը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելն էր, իսկ վերջինիս փոխարեն էլ այդ պաշտոնին նշանակվեց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ, հակառակը, նրանց նոր պաշտոնների է նշանակում. նույնն էր նաեւ Արայիկ Հարությունյանի պարագայում: Վերջինս, հանրային ճնշման ներքո ազատվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից, նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Իսկ երեկ արդեն կառավարության նիստում Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ՝ փոխարինելով Տիգրան Պետրոսյանին: Նորանշանակ մարզպետն այնքան էլ նորեկ չէ, եւ նրա հետ բավականին ուշագրավ պատմություններ են առկա: Նախ նշենք, որ Հարությունյանը առողջապահության փոխնախարար է եղել՝ աշխատելով հենց Թորոսյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2019 թվականի հոկտեմբերի 16-ին էր գրել Հարությունյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատվելու պատճառների մասին: Նախ՝ պաշտոնից ազատվելուց օրեր առաջ վերջինս խորհրդարանում բախումներ ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ. վերջինս ասել էր.«Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել. թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերացնի` ոնց ինքը աշխատի»: Սակայն սա էլ միակ պատճառը չէր կարող լինել. նրա հայրն Ազգային անվտանգության ծառայությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, եւ հենց դրա համար են փոխնախարարին հեռացրել աշխատանքից: Եվ, ահա, այս դեպքերից մեկ տարի անց Հովհաննես Հարությունյանը կրկին նոր պաշտոնի է նշանակվում: Իսկ այս տեղափոխությունները եւ նույն մարդկանց  կրկին պաշտոններ տալը  կարող է նշանակել երկու բան՝ կա՛մ իշխանությունների մոտ կադրային խնդիրներ են, կա՛մ քչերն են համաձայնում աշխատել իշխանությունների հետ, եւ նրանք ստիպված զբաղվում են կադրային տեղաշարժերով՝ տպավորություն ստեղծելով, թե փոփոխություն են անում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզում արդեն պատրատսվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին: Ինչպես հայտնի է, վերջինս մարզային այցելություններ է կատարում, սակայն Գյումրիում նրա առջեւ մի խումբ մարդիկ ճանապարհ էին փակել՝ փորձելով խոչընդոտել նրա մուտքը մարզ: Դրան հետեւեց Վազգեն Մանուկյանի հայտնի՝ «բոմժեր էին» արտահայտությունը, որը մեծ քննադատության ալիք բարձրացրեց: Մեկ անգամ էլ Սյունիքում ճանապարհ էին փակել արդեն ԲՀԿ-ականների առջեւ՝  կրկին խոչընդոտելու նրանց մուտքը մարզ։ Ավելին, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւան քաղաքում այս առումով մարտական են տրամադրված եւ անգամ վիրտուալ տիրույթում խումբ են ստեղծել, որտեղ սուր քննարկումներ են ծավալվում եւ մտադիր են ամեն կերպ խնդիրներ հարուցել ընդդիմության միասնական թեկնածուի համար։ Բայց իրավիճակը ուշագրավ է ու մի փոքր էլ զավեշտալի, քանի որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս Վազգեն Մանուկյանի եւ ընդդիմադիր կուսակցությունների մարզային այցելությունները դադարեցված են։ Եվ անհասկանալի է, թե իշխանական ուժերը ինչեր եւ ինչու են պլանավորում։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործության հետեւանքով շինարարական տարբեր ընկերություններ ու, ընդհանրապես, այդ ոլորտի հետ առնչվող անձինք անելանելի վիճակում են հայտնվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ արդեն մի քանի ամիս է՝ տարբեր ընկերություններ սպասում են, որ Հայկ Մարությանն  իր ստորագրությունը դնի մի փաստաթղթի վրա, որով կսկսեն իրենց շինարարական աշխատանքներն իրականացնել կամ իրավաբանորեն կավարտեն այն, բայց Մարությանը շատ հազվադեպ է գնում քաղաքապետարան, ինչի համար էլ  ընկերությունները չեն կարողանում իրենց գործունեությունը ծավալել: «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին անգամ Հայկ Մարությանը քաղաքապետարան է գնացել դեկտեմբերի 30-ին ու այդ օրը միանգամից մոտ 200 շինթույլտվության համար փաստաթուղթ է ստորագրել: Բայց, արի ու տես, այդ շինթույլտվություններն անգամ իրենց հասցեատերերին դեռ չեն հասել, քանի որ հունվարի 11-ից է քաղաքապետարանը սկսել այդ փաստաթղթերը հանձնել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը այս ամենից հետո հայտնվել է ծանր վիճակում, քանի որ Մարությանի անգործության հետեւանքով ամեն ինչ խճճվել ու խառնվել է իրար՝ կոռուպցիայի ռիսկեր ստեղծելով: Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը որոշել է, որ այլեւս մեր բանավոր հարցերին չի պատասխանում, ինչի համար չկարողացանք պարզել, թե ինչու է Մարությանը որոշել այսպես վրեժխնդիր լինել երեւանցիներից։

 

 

 

Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է: Նշենք, որ շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին։ Այստեղ ունենք աճ. անցյալ տարվա 11 ամիսներին պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 9.7 տոկոսով ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները 5.8 տոկոսով աճել են: Իսկ, ահա, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները պակասել են 45.7 տոկոսով: Նվազել են նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները. անկումը կազմել է 55 տոկոս։ Մյուս կողմից՝ ավելացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված շինարարության ծավալները 56.8 տոկոսով: Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները պակասել են 5.2 տոկոսով, իսկ մարդասիրական միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 55.9 տոկոսով: Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են 34.9 տոկոսով: Ինչպես հայտնի է, շինարարության ծավալների առյուծի բաժինը ընկնում է կազմակերպություններին՝ կառուցապատող ընկերություններին: Նրանց հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 4.7 տոկոսով:

 

 




Լրահոս